Քաղաքական գործիչներն այժմ մեզ մատուցում են քաղաքական ստրիպտիզ․ Նաիրա Զոհրաբյան

0 Մեկնաբանություններ
Քաղաքական գործիչներն այժմ մեզ մատուցում են քաղաքական ստրիպտիզ․ Նաիրա Զոհրաբյան

 Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Armdaily.am-ը զրուցել է ԲՀԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկին Զոհրաբյան, Դուք առաջադրվել եք Սյունիքի մարզում: Ինչպե՞ս է այդտեղ ընթանում քարոզարշավը, սև-սպիտակի տարանջատումը զգացվում է նաև մարզերու՞մ:

- Ես արդեն մեկ ամիս է գտնվում եմ Սյունիքում, և, երբ կողքից նայում եմ երևանյան քարոզարշավը, որը նման է քաղաքական ռինգի, ուղղակի նողկանք եմ ապրում: Երբ գնում ես սահմանամերձ գյուղերը, մարդիկ ունեն գոյատևման խնդիր, գյուղեր կան այստեղ, որ տարիներով կանխիկ գումար չեն տեսել: Օրերով մարդիկ խանութ են չեն մտնում, որ օրն էլ մեկը մտնում է խանութ, այդ խանութի տիրոջ համար դառնում է հաջող օր: Եվ այս մարդկանց կյանքը թեթևացնելու փոխարեն, քաղաքական գործիչներն այժմ մեզ մատուցում են նողկալի քաղաքական ստրիպտիզ: Այստեղ այդ սև ու սպիտակի բաժանումը չկա: Ավելին ասեմ, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված որևէ թեկնածու Սյունիքի մարզում, բացի ինձանից, ոչ մեկ դռնեդուռ չի ընկնում, չի խոսում և չի հետաքրքրվում մարդկանցով:

- Վերջին օրերին, շատ է շահարկվում, որ մի շարք ուժեր չարաշահում են վարչական ռեսուրսը, Սյունիքի մարզում այդպիսի դեպքեր նկատե՞լ եք:

- Այո, այդ հին բարքերը դեռ շարունակվում են: Համայնքապետերի կամ գյուղի հեղինակությունների հետ պայմանավորվում են, նրանց որոշակի գումար են տալիս և ասում են, կգնաք տղաների հետ մի կտոր հաց կուտեք՝ ամեն գյուղից որոշակի քանակով ձայն ակնկալելով: Իշխանությունները խոսում են,որ շատ հետևողական են լինելու, բայց ես դա չեմ նկատում: Եվ իրավապահ մարմիններին հորդորում եմ հետևողական լինել այս առումով: Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ իր թիմակիցները չեն օգտագործում վարչական ռեսուրս, բայց պարոն Փաշինյանին, երևի սխալ տեղեկություններ են տվել: Մարզպետներից սկսած, քաղաքապետերից վերջացրած ակնհայտ ուղղորդում են հանրությանը քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:

-«Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է նախկին ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը, ով ժամանակին եղել է Սիսիանում ԲՀԿ երիտթևի ղեկավարը: Ձեզ համար այս փաստը զարմանալի՞ չէ:

-Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր քայլերի տրամաբանությունը: Իհարկե, շատ բան կարելի է ասել, սակայն ես այդ հարցի շուրջ չեմ ցանկանում խոսել:

-Չնայած քարոզարշավն անում եք Սյունիքում, բայց երևի հետևում եք ողջ քարոզարշավին: Այս ընտրություններն առանձնանում են բանավեճերի անցկացմամբ, ինչն առաջ երբեք չի եղել: Ինչպե՞ս կգնահատեք այս նոր մշակույթը:

- Լինեմ անկեղծ, չեմ հասցնում հետևել քարոզարշավի ընթացքին: Ինչքան, որ հասցրել եմ հետևել, տպավորությունս տխուր է: Բանավեճերը, իհարկե, անհրաժեշտ են, բայց մեզանում քաղաքական դեբատների ինստիտուտը չի կայացել: Ես չեմ պատկերացնում դեբատ, որ քաղաքական գործչին տա 1 րոպե ժամանակ, ասեն ներկայացրու քո նախընտրական ծրագիրը: Դա դեբատ չէ, դա ծրագրերի պրեզենտացիա է:

-Նշեցիք, որ Սյունիքում, բացի Ձեզանից էլ ոչ մեկ ակտիվ քարոզարշավ չի անում: Ի՞նչ եք կարծում, ինչի հետ է դա կապված:

- Մի փոքր ակտիվություն են ցուցաբերում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը: ՀՀԿ-ն դե նորմալ է, որ բակային հանդիպումներ չի ունենում: Պատկերացնու՞մ եք Դուք, ՀՀԿ-ի որևէ անդամի բակային հանդիպմանը:

-Սյունիքում ՀՀԿ-ից առաջադրվել են Մենուա Հարությունյանը և Շուշան Պետրոսյանը: Նրանց երբևէ չեք նկատե՞լ քարոզարշավի ընթացքում:

- Հանրության հետ որևէ հանդիպման ժամանակ ես իրենց չեմ տեսել, և որքան տեղյակ եմ, նրանք ոչ մի համայնքային հանդիպում չեն անում: Իսկ, եթե փորձեն էլ, կուզենայի հիշել երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի խոսքերը. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք: Մի՞թե չեք տեսնում` ինչ կատաստրոֆիկ իրավիճակ է: Ազնվ եղեք, խոստովանեք ձեր սխալները»:

- Քարոզարշավը մոտենում է իր ավարտին և հասարակության քաղաքական տրամադրվածությունը կարելի է գուշակել: Ի՞նչ տեսք կունենա խորհրդարանն այս անգամ:

-Մենք ամեն բան արեցինք, որ ընտրական օրենսգիրքը փոփոխվի: Ցավոք սրտի, նույն հանրապետականի սաբոտաժի պատճառով, օրենսգիրքը չընդունվեց: Նույն այս ռեյտինգայինն աշխատում է հենց իրենց դեմ, քանի որ նրանք քաղաքական այնքան խոհեմություն չունեցան, որ այդ մեկ քվեն ապահովեին: Վարկանիշային համակարգը թույլ չի տա, որ մենք ունենանք քաղաքական խորհրդարան, քանի որ մեր մեջ դեռ գործում է ծանոթ-խնամի- բարեկամ գործելաոճը: Քաղաքացին չի մտածում, որ պատահական կիսագրագետի խորհրդարան ուղարկելով ինքն առաջին հերթին վնաս է հասցնելու պետությանը: Եվ այդ պատճառով խորհրդարան հայտնվելու է կիսագրագետների մի ստվար բանակ և այդ անգրագետների պատճառով հարվածի տակ է մնալու Հայաստանի և Արցախի ապագան:

- Եվ ի վերջո կապ ունե՞ր Ձեր կերպարանափոխությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:

- Ինձ համար վիրավորական է, որ իմ նոր իմիջը կապուն են ընտրությունների հետ: Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ քաղաքացու ձայնը պետք է ստանա արտաքին տեսքով: Եթե խորհրդարանում կա 5-6 լուրջ կենսագրություն ունեցող պատգամավորի թեկնածու, բոլորի համար էլ պարզ է, որ այդ 5-6 պատգամավորներից մեկն ես եմ: Այնպես որ իմաստը չեմ տեսնում իմ տեսքն ընտրությունների հետ կապելու մեջ:

- Տիկին Զոհրաբյան, դուք սննդակարգի մասին գիրք էիք գրում, եթե ունենայիք հնարավորություն այն նվիրելու 3 պատգամավորների, ու՞մ կնվիրեիք։

- Ինձ թվում է ակնհայտ է, թե ում է պատգամավորներից պետք սննդակարգի մասին գիրք, բայց անուններ չեմ նշի, որ ոչ ոք չվիրավորվի: Ես իմ գիրքը, ի սրտե կնվիրեմ բոլոր կին պատգամավորներին: Քանի որ կին պատգամավորները մինչ պատգամավոր լինելը, նախ կին են, և յուրաքանչյուր կին պետք է հետևի իր սննդակարգին և ունենա խնամված արտաքին տեսք:

Զրուցեց Անյուտա Աթանեսյանը

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները