Վերջին ժամանակաշրջանում դատական համակարգի վրա էական ճնշումներ են գործադրվում հասարակության կողմից, որն իր հերթին անթույլատրելի է

0 Մեկնաբանություններ
Վերջին ժամանակաշրջանում դատական համակարգի վրա էական ճնշումներ են գործադրվում հասարակության կողմից, որն իր հերթին անթույլատրելի է

Armdaily.am-ի զրուցակիցը «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ Կորպորատիվ սպասարկման բաժնի իրավաբան Ռուբեն Ժամագորժյանն է։

-Այժմ իշխանությունները նորից ցանկանում են սահմանադրական փոփոխություններ անել, առհասարակ՝ իրավական տեսանկյունից՝ նորմա՞լ է այսքան հաճախակի սահմանադրություն փոխելը, դա երկրի վարկանիշի վրա չի՞ կարող ազդել, ցնցումների տանել երկիրը, տպավորություն է, թե ամեն իշխանություն իր համար նոր սահմանադրություն է ստեղծում։

- Նախևառաջ հարկ եմ համարում նշել, որ սահմանադրական բարեփոխումները պետք է լինեն անհրաժեշտ: «Անհրաժեշտությունը» չի կարող լինել ինքնանպատակ և բխել որևէ իշխանության կամ հասարականության մեջ որոշակի անձանց շահագրգռվածությունից։ Հասարակության մեջ առկա է թյուր տպավորություն, որ ՀՀ սահմանադրությունը հաճախակի է ենթարկվում փոփոխության և նման տպավորության հիմնական պատճառն այն է, որ մենք ունենք կոշտ սահմանադրություն, այսինքն այն փոփոխելու կամ լրացումներ իրականացնելու համար առկա են որոշակի ընթացակարգեր։ Մինչդեռ, օրինակ ԱՄՆ-ում, բոլոր իրավական բախումների դեպքում ԱՄՆ գերագույն դատարանը, իր որոշումներով, որոնք, ինչպես հայտնի է, հանդիսանում են իրավունքի աղբյուր (precedent), իրականացնում է լրացումներ սահմանադրության մեջ։ Այսինքն, ԱՄՆ-ն ստեղծել է այնպիսի իրավական մեխանիզմ, որի միջոցով հնարավոր է դառնում առանց հանրաքվեի շտկել առկա սահմանադրական բացերը։ Իհարկե վերը նշված եզրահանգումները չեն վկայում այն մասին, որը սահմանադրությունը անընդմեջ պետք է ենթարկվի փոփոխության, սակայն պետք է արձանագրել, որ սահմանադրությունը, որպես բարձրագույն իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, պետք է որոշակի առումով լինի ճկուն և դինամիկ, համընթաց շարժվի հասարակական հարաբերությունների զարգացման հետ։ Առաջարկված սահմանադրական փոփոխությունը կարելի է դիտարկել որպես «սահմանադրական լիազորությունների հարցով իշխանության մարմինների միջև առաջացած վեճեր։» Բոլոր դեպքերում, անգամ եթե, տեղի ունենան փոփոխություններ ՀՀ սահմանադրության մեջ, այն է՝ նախատեսվի ազգային ժողովի ինքնալուծարման իրավունքը, կարծում եմ, որ այն էական ինստիտուցիոնալ փոփոխությունների չի հանգեցնի, իսկ ինքնալուծարումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ ազգային ժողովը իրացնի այդ իրավունքը։

-Ի՞նչ կարծիք ունեք անցումային արդարադատության մասին, կարծիք կա, որ Հայաստանում դա չի կարող լինել, քանի որ մենք ԵԽ անդամ ենք, միացած ենք մի շարք կոնվենցիաների, միջազգային փաստաթղթերի։ Անցումային արդարադատության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։ Առհասարակ՝ դատական համակարգում առկա խնդիրների լլուծումը ո՞րն է։

-«Անցումային արդարադատության» ստեղծման համար պետք է առկա լինեն որոշակի նախապայմաններ, որոնք են՝

• նախկինում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք դրսևորվել են ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններով․

• գործող դատարանները արդյունավետորեն չեն կարող իրականացնել խախտված իրավունքների վերականգման գործառույթները։

Վերը նշվածից կարելի է տարանջատել «անցումային արդարադատության» ստեղծման նպատակները՝

• զանգվածային հանցագործություններից տուժված անձանց խախտված իրավունքները վերականգնումը

, • հասարակության մեջ փոխվստահության և նոր իրավահարաբերությունների հաստատումը,

• իրավունքի գերակայության հաստատումը։

Այսպիսով, պետք է արձանագրել, որ անկախ այն հանգամանքից, թե ԵԽ անդամ ենք, թե ոչ, այն դեպքում երբ առկա են նման պայմաններ, ապա պետությունը, ելնելով տուժած անձանց շահերից կարող է գնալ նման ծայրահեղ միջոցների։ Այն ինչ վերաբերում է ԵԽ անդամությանը, ապա հարկ եմ համարում նշել, որ առկա է կանխավարկած, որ ԵԽ անդամ պետություններում հաստատված է իրավունքի գերակայությունը, որն էլ իր հերթին հանդիսանում է ժողորդավարության սկզբունքի գլխավոր բաղադրատարրը։ Այդպիսի դատարանի ստեղծումը կհակասի նման կանխավարկածի առկայությանը և, իհարկե, որոշակի բացասական ազդուցություն կունենա ԵԽ-ի և Հայաստանի Հանրապետության վարկանիշի վրա։

Մինչ պատասխանելը այն հարցին, թե որն է դատական համակարգում խնդիրների լուծումը, հարկ եմ համարում նշել, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ չկա այնպիսի պետություն որտեղ դատարանները վայելեն հասարակության աչքերով բացարձակ «լեգիտիմություն»։ Այդպիսի խնդրի հիմնական պատճառն այն է, որ արդարադատությունը միշտ չէ, որ բխում է դատավարության բոլոր մասնակիցների շահերից, որտեղից էլ առաջանում է անհատի շահերից բխող զայրույթը դատարանների նկատմամբ։ Ինչպես դատական համակարգում, այնպես էլ այլ իշխանության ճյուղերում խնդիրները պետք է լուծվեն փուլ առ փուլ, բացառելով կտրուկ գործողությունները։

Վերջին ժամանակաշրջանում դատական համակարգի վրա էական ճնշումներ են գործադրվում հասարակության կողմից, որն իր հերթին անթույլատրելի է, քանի որ ինչքան էլ սահմանված է Դատավորի անաչառ լինելու պարտականությունը, միևնույնն է  Դատավորը ապրում է այդ հասարակությունում և չի կարող բացարձակապես խուսափել զանգվածային ճնշումներից։

Կարծում ենք, որ առաջին հերթին պետք է ապահովել դատարանների բացարձակ անկախությունը, վերացնելով բոլոր քաղաքական հորդորները և դրանից բխող հասարակական ճնշումները։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները