#Ինչների՞ս_է_պետք հեշթեգը

0 Մեկնաբանություններ
#Ինչների՞ս_է_պետք հեշթեգը

Նույնաբովանդակ գրառումները մեկ տեղում հավաքելու, շրջանառվող թեմաները «մեկ հարկի տակ» համախմբելու և արխիվացնելու գործառույթն արդեն երկար ժամանակ է՝ «պատկանում է» հեշթեգներին:
«#» նշանով և մեկ բառով կամ բառակապակցություններով ներկայացող գրառումներն այսօր դարձել են ինֆորմացիոն նյութերի և ցանցային տեքստերի անբաժան մասը: 
Հեշթեգի շնորհիվ անհամեմատ հեշտացել է որևէ թեմայի մասին հանրային ու սոցցանցային կարծիքի ընդհանրական վերլուծություններ անելը՝ հնարավորություն տալով ստուգել ոչ միայն հանրային տրամադրութուններն, այլ նաև աչքի առաջ ունենալ լեզվամտածողության և բառընտրության «էվոլյուցիան»: 

 Ինչպե՞ս ծնվեց հեշթեգը 

1988 և Internet Relay Chat (IRC). ահա հեշթեգի ծննդյան տարեթիվն ու ծննդավայրը: IRC-ն մեկ չաթի շուրջ էր համախմբում առանձին անհատների կամ խմբերի, ովքեր հնարավորություն ունեին հաղորդագրություններ փոխանցել միմյանց՝ «#» նշանով առանձնացնելով թեմաներն ու ալիքները: Այս ցանցում հեշթեգները յուրահատուկ դերակատարում ունեցան Ծոցի առաջին ճգնաժամի (Իրաք-քուվեյթյան պատերազմ, 1991 թվական) տարիներին, երբ ինֆորմացիոն հոսքերը ցանցում կոորդինացվում էին հենց այս տարբերակով: 

Ինչպե՞ս ճանաչելի ու կիրառելի դարձավ

Թեև հեշթեգը 21-րդ դարի ձեռքբերում համարել չի կարելի, բայց այն տարածվեց հենց 2000-ականներից հետո:
Twitter սոցցանցը դարձավ հեշթեգների հիմնական հանգրվանը. 2006 թվականի մարտի 21-ից թվիթերյան ծլվլոցները սկսեցին համադրվել #-ով սկսվող գրություններով՝ մեկ տեղում հավաքելով օգտատերերի՝ նույն թեմայով կամ նմանատիպ գրառումները: 
2012 թվականին ամերիկացի մի զույգ որոշեց նորածին դստերը «Հեշթեգ» անունը տալ: Արդեն 2013-ին «հեշթեգը» տարվա բառն էր: Դրանից մեկ տարի անց իսպանացի ոստիկանները սկսեցին հանցավորության դեմ պայքարել նաև ցանցով ու #alert հեշթեգով: Այսպես, #-ը սոցցանցերում դարձավ տեղեկատվությանն ու տեքստային բովանդակությանը նախորդող ամենակարևոր սիմվոլնը, որ չունի քանակական սահմանափակում և արխիվացնում է իրադարձությունն ու դրա առիթով գրված բոլոր արձագանքները:
Այսօր հեշթեգներից օգտվում են ոչ միայն սովորական օտատերերն, այլ նաև քաղաքական գործիչները, բիզնեսմենները, արտիստները. այն արդեն ցանցային վարքագծի անբաժան մաս է: 

Հեշթեգը #Հայաստան-ում

Համաշխարհային թրենդը չշրջանցեց նաև Հայաստանը: Քաղաքական իրադարձությունների, հասարակական հնչեղություն ունեցող թեմաների, համաշխարհային նշանակության դեպքերի մասին գրառումներում մեզ մոտ ևս օգտագործվում են հեշթեգներ:  
2015-ից թվիթերում սկսեցին օգտագործել նաև հայատառ հեշթեգներ. օգտատերերը հնարավորություն ունեցան ոչ միայն արտաքին լսարանի համար գրառումներ անել, այլև՝ ներքին: 
Տարբեր ժամանակներում հայկական թվիթերում արդիական են եղել #տրամադրություն-ից մինչև #տատի, #ԻմԵրազածՀայաստանում-ից մինչև #ԵկԱրցախ, #Սարիթաղ-ից մինչև #ՄերժիրՍերժին հեշթեգները՝ ապահովելով տվյալ պահին արդիական թեմաների հավաքագրումը: 
2013 թվականի նախագահական ընտրությունների օրը թվիթերյան թոփերի մեջ էր հայտնվել նաև #armvote13: Օնլայն ռեժիմով օգտատերերը հնարավորություն ունեին տեղեկանալ ընտրությունների ընթացքին ու հետևել ամենակարևոր նորություններին:
Վերջին շրջանում Հայաստանի մասին նյութերը հիմնականում ուղեկցվում էին #ArmenianVelvetRevolution կամ հեղափոխությանն առնչվող այլ հեշթեգերով: Սա օրինաչափություն էր դարձել ոչ միայն հայկական թվիթերում, այլ նաև համաշխարհային մամուլի կամ սովորական օգտատերերի արձագանքներում:
Facebook-ում #ArmenianVelvetRevolution-ին զուգահեռ՝ տարածվում էին նաև #դուխով, #ՄերժիրՍերժին, #քայլարա, #իմքայլը ու շարժմանն առնչվող այլ հեշթեգներ: 
Հետաքրքիր է, որ հեշթեգերի կիրառումը կարող է նաև «տեղեկատվական թրոլինգի» հանգեցնել՝ տապալելով տվյալ հեշթեգն օգտագործողների նախնական պլանները: Նմանատիպ դեպքեր արդեն գրանցվել են ֆեյսբուքի հայախոս տիրույթում:
Այդպես եղավ #Թողեքեսընտրեմ հեշթեգի հետ, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շրջանառվում էր Կարեն Կարապետյանի թեկնածությունը, իսկ կողմնակիցներն օգտագործոմ էին տվյալ հեշթեգը: Հենց այս շրջանում #Թողեքեսընտրեմ-ը դարձավ հումորային տարբեր գրառումների անբաժան մասը՝ ստվերում թողնելով հեշթեգի սկզբնական իմաստը:
Գրեթե նույնը կատարվեց նաև #novendetta և #freepresident հեշթեգների հետ. Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումից հետո ակտիվորեն շրջանառվող այս հեշթեգները համադրվեցին հումորային բազմաթիվ գրառումներով:
Այսպես միախառնվեցին ու մեկ հեշթեգի տակ հավաքվեցին երկու հակադիր բևեռների արտահայտած մտքերը: 
#ArmenianVelvetRevolution, #Դուխով, #ՄերժիրՍերժին, #քայլարա, #իմքայլը,  #ArmeniantRevolution. Սրանք վստահաբար կարելի է համարել 2018-ի ամենապոպուլյար հեշթեգները, ցանկին կարող ենք գումարել նաև այնքան սիրված #Գործ_կա-ն և ավելացնել #Պրիվետ_Ռոբ-ը:

 

Անահիտ Հակոբյան

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները