Կառավարությունը փորձագետներ չունի՞․ Հակոբ Սանասարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

0 Մեկնաբանություններ
Կառավարությունը փորձագետներ չունի՞․ Հակոբ Սանասարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ բնապահպանական տեսչական մարմինը Ամուլսարում որոշակի ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքները հնարավորություն են տալիս որոշակի միջանկյալ եզրակացությունների գալ: «Բայց վերջնական եզրակացության գալու համար մեզ հարկավոր է լինելու իրականացնել ևս մեկ միջազգային փորձաքննություն: Հիմա դուք տեղյակ եք, որ Ամուլսարի հետ կապված քրեական գործ է հարուցված քննչական կոմիտեում, և քննչական կոմիտեն հարուցված քրեական գործի շրջանակներում պիտի նշանակի փորձաքննություն: Շատ կարևոր է, որ այդ փորձաքննությունը իրականացվի միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպության կողմից, որպեսզի այդ փորձաքննության արդյունքներն ընդունելի և անառարկելի լինեն ոչ միայն հայ հանրության, Հայաստանի կառավարության, այլ ընդհանրապես միջազգային հանրության կողմից, որովհետև սա չափազանց կարևոր հարց է»։

Վարչապետը շեշտեց, որ Ամուլսարի հանքի հետ կապված ՀՀ կառավարության որոշումները կարող են հիմնված լինել բացառապես անառարկելի փաստերի վրա: «Մենք ուզում ենք փարատել գոյություն ունեցող բոլոր կասկածները: Փարատել կամ դրականորեն կամ բացասականորեն: Այսինքն, մեզ պետք է տվյալ դեպքում քրեական գործի շրջանակներում ունենալ փորձաքննության այնպիսի արդյունքներ, որոնք ընդունելի կլինեն բացառապես բոլորի համար: Եվ ահա այս փորձաքննության արդյունքների հիման վրա մենք կարող ենք կայացնել վերջնական որոշումներ: Վերջնական որոշում ասելով նկատի ունեմ, որ մենք կամ կարող ենք տեսականորեն ունենալ + նշանով որոշում կամ ունենալ – նշանով որոշում: Ահա սա է լինելու մեր դիրքորոշումը, և այս դիրքորոշումը չի փոխվել վերջին ամիսների ընթացքում: Մեր դիրքորոշումն այն է, որ մեր որոշումները պետք է հիմնված լինեն անառարկելի փաստերի վրա: Եվ մենք հիմա աշխատում ենք անառարկելի փաստեր ձեռք բերելու վրա»,- ասաց նա:

Armdaily.am-ի հետ զրույցում բնապահպան, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասաց, որ այս մոտեցումն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ տեղի փորձագետներն ավելի լավ գիտեն իրավիճակը․ «Կառավարությունը փորձագետներ չունի՞։ Եթե կառավարությունը տնտեսություն է կառավարում, ուրեմն պետք է ունենա մասնագետներ, որոնք պիտի ասեն՝ անել այդ գործը, թե չէ, այլ ոչ թե դիմի միջազգային փորձագետներին, որոնք ներգրավված են այդ գործի մեջ»,- նշեց Սանասարյանը

«Եթե կառավարությունը չի կարողանում կողմնորոշվել, որ տեղի փորձագետները, նրանց եզրակացությունները,անգամ իր սեփակական կառույցի տեսչությունների եզրակացությունները ճիշտ են թե սխալ, ապա ինչպե՞ս պիտի վստահի կամ հասկանա, որ միջազգային կազմակերպությունները ճիշտ են տվել այդ եզրակացությունները»,-զարմանում է բնապահպանը։

«Փաստաթուղթը, որի հիման վրա հիմա տրվել է հանքավայրի շինարարության և շահագործման իրավունքը, սրանից մի քանի ամիս առաջ նախկին իշխանությունների ժամանակ դատարանը վճռել էր, որ իրավական փաստաթուղթ չէ։ Նոր իշխանությունները, կարծում եմ, դա համարել են որպես հիմք և համարել իրավական փաստաթուղթ․ դա այդպես էլ կա։ Եթե դա իրավական փաստաթուղթ է, ամբողջովին կեղծիք է այդ փաստաթուղթը։ Պետք է նոր էկոլոգիական փորձաքննություն իրականացվի։ Շատ բաներ կան, որ կառավարությունը կարող է պարտադրել՝ շատ շուտ անեն, դրա իրավական բոլոր հիմքերը կան։ Սա 100 տոկոսանոց կոռուպցիոն համակարգ է, կոռուպցիոն կծիկ»,-ընդգծում է Հակոբ Սանասարյանը։

«Դուք պատկերացրեք՝ հարյուրավոր էջերի վրա ընկերությունը ներկայացնում է վտանգը հողին, ջրին, կենդանական ու բուսական աշխարհին, և փորձաքննություն իրականացնողներն այդ վտանգներից և ոչ մեկը իրենց եզրակացությունների մեջ ցույց չեն տալիս»,- իր զարմանքն է արտահայտում նա։

                                                                             Ալեն Ավագյան 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները