Սլովենիայում կոմիկ դերասանը վաղուց քաղաքապետ է, մենք դեռ դիմադրում ենք

0 Մեկնաբանություններ
Սլովենիայում կոմիկ դերասանը վաղուց քաղաքապետ է, մենք դեռ դիմադրում ենք

Ընդհանրապես քիչ չեն օրինակները, երբ դերասանը, նմանակողն ինչ-որ պահից սկսում է զբաղվել քաղաքականությամբ՝ հաջողությամբ ստանձնելով բավական բարձր պաշտոններ: Տարբեր երկրներ, սկսած ԱՄՆ-ից դեռ նախորդ դարի կեսերից են հաղթահարել դերասանին քաղաքական պաշտոնում տեսնելու բարդույթը: Հարցումները ցույց են տալիս, որ օրինակ Տարզանի դերասանն ավելի մեծ շանսեր ուներ երկրի նախագահ դառնալու նաև իր մարմնավորած դրական կերպարի շնորհիվ, քան ամբողջ կյանքը նավատորմի զարգացմանը նվիրած, ֆիլմերից բան չհասկացողի տպավորություն թողնող մեկ ուրիշ թեկնածու: Մեր երկրում նույնպես եղել են դերասանների քաղաքական հավակնությունների ցուցադրման ու տապալման փորձեր: Առաջին հավակնորդը Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն էր, ով 1991-ին ՀՅԴ առաջադրած նախագահի թեկնածուն էր: Այդ տարիների մամուլն ուսումասիրելիս՝ պարզ է դառնում, որ Սոս Սարգսյանի՝ որպես դերասանի, վարկանիշը բավական տուժել էր նախագահի թեկնածու լինելու պատճառով: Անգամ նախընտրական քարոզչության նրա պաստառները որոշ հատվածներում մասսայաբար պոկել էին շենքերի պատերից՝ այսպիսով անհամաձայնություն հայտնելով դերասանից քաղաքականություն անցնելու մտքին: Ավելին՝ շատերը դժվարությամբ համակերպվեցին նաև նրա՝ Թատերականի ռեկտոր դառնալուն:

Մեր հասարակությունը ոչ մի կերպ չի կարողանում լուրջ ընդունել հատկապես շոու բիզնեսից քաղաքականություն ցատկ կատարողներին: Օրինակ՝ ինչ կարելի էր երգչուհի Շուշան Պետրոսյանին, չի ներվում պատգամավոր Շուշան Պետրոսյանին: Սա ավելի սրվեց և անլրջացավ Յոժ մականունով հայտնի հումորիստ Սերգեյ Դանիելյանի «Քաղաքացիական ակտիվ քայլ» անվանմամբ իբր կուսակցության բացելու և իշխող կուսակցություններին դրանով ծաղրուծանակի ենթարկելու շրջանում: Ի դեպ այս նախաձեռնությունը մինչ օրս ունի համակիրներ, իսկ դերասանի կուսակցության մանրապատումներն ու ուղիղ եթերները մեծ լսարան ունեն: Լավ է, որ դեռ կարողանում ենք հումորն ու իրականությունը տարանջատել: Իհարկե այսօրվա խորհրդարանում կան շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ ևս, որոնք ուղղակի չեն ենթարկվում հանրային քննադատության զուտ ճանաչված չլինելու պատճառով: Այլ խոսքով, մեր հանրությունը նախընտրում է «լուրջ» պաշտոններում «լուրջ» մարդկանց տեսնել: Նման խստաբարո հասարակության կարծիքը ճեղքելն ու ԿԱՐԳԻՆ քաղաքապետ դառնալը հեշտ չի տրվելու Հայկ Մարությանին, հատկապես քարոզարշավի համար հատկացված 12 օրվա ընթացքում դա անելը մեծ էներգիա կպահանջի: Այնուամենայնիվ Մարությանը քաղաքական ակտիվիստ է եղել և մասնակցել բողոքի տարբեր ակցիաների և երթերի՝ գուցե մի օր դրանք իր կենսագրությունում ավելացնելու նպատակով նաև: Նա եղել է մայրաքաղաքի դիմագիծը փչացնողների քննադատը, ում կարծիքը տիրաժավորել են մամուլն ու սոց. հարթակները:

Մինչ մեր հանրությունը չի ուզում կորցնել դերասանի, Սլովենիայում, օրինակ՝ 40-ամյա նախկին կոմիկ, հատկապես, քաղաքական գործիչներին նմանակող Մարիան Շարեցը երկրի ամենաերիտասարդ վարչապետն է ընտրվում։ Ընդ որում, նրան հաջողվում է հաղթել նախկին վարչապետին: Շարեցն արդեն ութ տարի է զբաղվում է քաղաքականությամբ, սակայն հայտնի է դարձել առաջին հերթին՝ որպես կոմիկ ու սատիրիստ։ Այս ամենաթարմ օրինակը ցույց է տալիս, որ քաղաքականության ասպարեզում դերասանությունն օգնող գործոն է, իսկ օրինակ Սլովենյայում նաև ճանաչում և վստահություն բերելու կարճ և հետաքրքիր գործիք: Շարեցը բեմական գործունությանը զուգահեռ, մինչ քաղաքականությամբ զբաղվելը, աշխատել է որպես լրագրող ու խմբագիր, հետո նաև քաղաքապետ է եղել: Դե մենք արդեն խմբագիր ու լրագրող վարչապետ ունենք, ընդ որում բացարձակ առանց որևէ դերասանական փորձի: Օրերի հարց է և չի բացառվում, որ ունենանք նաև դերասանական փորձով քաղաքապետ, ով, եթե առաջնորդվենք Սլովենիայի կարիերայի սանդղակով, մի օր հնարավոր է դառնա նաև վարչապետ: Իհարկե, Հայկ Մարությանին չի հաջողվի հղիի կերպար մարմնավորած Շվարցենեգերի պես վարվել, ով իր քարոզարշավը կազմակերպեց որպես Տերմինատոր, ոչ միայն նրա համար, որ չի մարմնավորել նման ուժեղ կերպարների, այլև այն պարզ պատճառով, որ ԿԻՆՈՅԻ ՏՂՈՒ կերպարը իրենը չէ և վաղուց արդեն Գոռ Վարդանյանինն է: Այս իրավիճակում միակ շահողը դեռևս Վլադիմիր Գասպարյանն է, ում դերասան լինելու հանգամանքը հանրությունն իմացավ շատ ավելի ուշ, երբ նա արդեն Ռազմական ոստիկանության պետն էր: Ի դեպ, դերասան լինելն այդպես էլ մնաց խոսակցությունների մակարդակով միայն, լուրեր տարածվեցին, որ ուղղակի աշխատել է թատրոնում, իսկ Վիքիպեդիայում կրթության բաժնում խոսք չկա նրա դերասան լինելու մասին:

Մեր երկրում ՀՈՐ որակումներով նահապետական արխետիպ ունեցող, ուժեղ ղեկավարների են փնտրում մարդիկ, մենք արագ մերժեցինք թութակով ու հեծանվով պաշտոնյաներին, թմբուկ ու հարվածային գործիքներ նվագողներին, չցանկացանք ըստ արժանվույնս գնահատել ակորդեոնի հետ սեր ունեցողներին, երգի բառեր ու երաժշտություն երկնողներին: Հիմա շատ քչերին է հետաքրքիր, որ Հայկ Մարությանը դերասանական կրթություն չունի ու ընդհանրապես լուրջ կրթություն է ստացել: Չի բացառվում, որ նրա բախտը ինչ-որ առումով բերել է, որ 1996 թվականը չէ և Մեր բակի Լավ տղուն, ում Կյաժ են ասում, արդեն քչերն են հիշում Կուկլա 6-ի կլարիոն մագի տանելու, ցխելու պահերով:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները