Ինչպես է ազդել հեղափոխությունը զբոսաշրջության վրա

0 Մեկնաբանություններ
Ինչպես է ազդել հեղափոխությունը զբոսաշրջության վրա

Հայաստանի ճանաչելիության վրա ոչ բռնի հեղափոխությունն իր ազդեցությունն արդեն ունեցել է։ Կլասիկ դեմոկրաստիայի օրինակը հայ ժողովրդի ձեռքբերումն է՝ անցկացնել խաղաղ երթեր ու ցույցեր՝ առանց տուժածների։ Հեղափոխության օրերին համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող Հայաստանի զբոսաշրջության մասին Armdaily.am-ը զրուցեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։

-Պարո՛ն Ապրեսյան, Թավշյա հեղափոխությունն ինչպե՞ս է անդրադարձել Հայաստանի՝ որպես զբոսաշրջային երկրի վրա։  

-Զբոսաշրջությունը բավականին զգայուն ոլորտ է, շատերն այդ օրերին հնարավոր է հապաղեին այցելել Հայաստան, սակայն սրա կողքին ականատես եղանք նաև հակառակին։ Զբոսաշրջիկները գալիս էին, քանի որ իրենց հետաքրքիր էր՝ ինչ է կատարվում մեր երկրում։ Նրանք նույնիսկ մասնակցում ու երջանիկ էին զգում իրենց։ Կանխատեսումներ կային, որ ապրիլ-հունիս ամիսներին զբոսաշրջության առումով շատերի մոտ մտավախություն էր առաջացել մեր երկիր այցելելու համար։ Միանգամից երկու ազդեցություն էր առաջացել։ Մի մասը հնարավոր է վախենում էր հետագա զարգացումներից, մյուսներն էլ ցանկանում էին մասնակից լինել։

-Այդ օրերին հատկապես ո՞ր երկրների զբոսաշրջիկների կարող էինք տեսնել Հայաստանում։  Ի՞նչ կանխատեսումներ կան այս ոլորտի զարգացման վերաբերյալ։

-Հայաստան այցելողների աշխարհագրությունը բավական ընդլայնված էր։ Մեր երկրում գտնվողները համոզվեցին, որ այստեղ անվտանգ է, խաղաղ  ու գեղեցիկ։ Նրանցից շատերը հենց այդ պահին հնարավոր է տոմս են գնել և եկել Հայաստան, Թավշյա հեղափոխությանը մասնակցող զբոսաշրջիկների մեջ կային՝ եվրոպացիներ, ռուսներ, չինացիներ ու ճապոնացիներ։ Պետք է փաստել, որ սա  ճանաչելիության և իմիջի բարձրացման առումով կարևոր նշանակություն ունեցավ։ Կանխատեսում ենք, որ դա շարունակաբար կավելանա։ Սա Հայաստանի համար բավականին մեծ PR էր։

-Չնայած նշեցիք, որ օրեր շարունակ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում գտնվող Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել է, կկարողանա՞նք պահպանել դա։

-Շատ կարևոր է, որ կարողանանք սա կապիտալացնել ու ճիշտ օգտագործել։ Բացի PR ու մարքեթինգային մեխանիզմներից, չպետք է մոռանալ ծառայությունների որակի մասին։ Օրեցօր ավելանում է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվն ու աշխարհագրությունը, եթե աչքաթող անենք որակը՝ կորցնելով մեր գլուխը քանակի պատճառով, մտածելով միայն փող աշխատելու մասին՝ միանշանակ կորուստ կունենանք։ Հատկապես այսօր՝ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո, եթե զբոսաշրջիկներն ավելանան և այստեղից տպավորված ու գոհ գնան՝ ստանալով որակյալ ծառայություններ, ապա «մեկ գոհ զբոսաշրջիկ» նշանակում է տասնայակ նրան շրջապատող մարդիկ լավ պատկերացումներ ունեն մեր երկրի մասին։ Նույնն էլ կարող ենք ասել հակառակը՝ նրանց հարյուրավոր ծանոթները չեն նախընտրի Հայաստանը՝ որպես  զբոսաշրջային երկիր։ Զբոսաշրջիկը տեսնում ու հետաքրքրվում է այստեղ տեղի ունեցող հետաքրքիր զարգացումներով։ Հուսանք, որ դեռ շատերն իրենց հաջորդ արձակուրդը կպլանավորեն Հայաստանում։

-Որո՞նք են զբոսաշրջության ոլորտի՝ լուծում պահանջող հիմնական խնդիրները։

-Աշխատանքներ են տարվում պետական-մասնավոր համագործակցության ուղղությամբ։ Հյուրանոցային, հանրային սննդի ու տրանսպորտի, ինչպես նաև զբոսաշրջային օպերատորների կողմից մատուցած ծառայությունները բարելավման կարիք ունեն։ Մասնավորի կողմից արդեն հավանության է արժանացել, որ առնվազն զբոսավարի, զբոսաշրջային օպերատորի, գործակալի ծառայությունները պետք է լիցենզավորվեն կամ սահմանվեն՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն։ Պարտադիր որակական չափանիշներն ու հաշվառումը թույլ կտան ավելի վերահսկելի և որակյալ ծառայություններ մատուցել։ Հանրային սննդի ոլորտում պետք է ներդնել կամավոր որակավորման համակարգ, կարգավորել զբոսաշրջային տրամսպորտային ծառայությունները, ինչը կարևոր է բարենպաստ մրցակացային միջավայր ապահովելու համար։ Դա թույլ կտա լինել մրցունակ մեր հարևան երկրների հետ համեմատ։ Դրա համար պետք է հետևողական մտածել ոլորտում ծառայությունների որակական չափանիշները սահմանելու ու դրանք պահպանելու ուղղությամբ։ Պետք է կատարելագործել վիճակագրական-տեղեկատվական համակարգը, որպեսզի կարողանանք ոլորտը գնահատել՝ քաղաքականությունը ավելի ճիշտ ուղությամբ տանելու համար։

-Ի՞նչ արդյունքներ կան այս տարի և ինչպիսի՞ սպասելիքներ ունենանք հետագա տարիների համար։

-2018 թվականին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,2 տոկոսով՝ Հայաստան ժամանողների թիվը 685 հազար 971 է։ Արտագնա զբոսաշրջությունն էլ աճել է 7,1 տոկոսով՝ զբոսաշրջիների թիվն էլ՝ 610 հազար 950 է։ Աճի տեմպն, սակայն, այս տարի նվազել է, ինչը կանխատեսելի էր, հաշվի առնելով երկրում տեղի ունեցող զարգացումները։

Չմոռանանք, որ նախորդ տարիներին նույնպես ունեցել ենք  կատարված աշխատանքներ, որոնք նպաստել են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Սակայն ապրիլյան իրադարձությունները, թավշյա հեղափոխության արդյունքները մեր մաշկի վրա զգալու ենք ավելի ուշ։

Մարգարիտա Մխիթարյան

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները