ՀՅԴ-ի սերը Քոչարյանի հանդեպ հին արմատներ ունի

0 Մեկնաբանություններ
ՀՅԴ-ի սերը Քոչարյանի հանդեպ հին արմատներ ունի

ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին աջակցել-չաջակցելու հարցին, բավական նրբանկատ, սակայն խոսուն կերպով՝ հերթական անգամ տողարանքում հասկացնելով, որ Քոչարյան-ՀՅԴ սերն անխախտ է եւ հավատարմությունն՝ անդավաճան։ Պատգամավոր Ռուստամյանի այս հայտարարությունը կարծես թե գալիս է լրացնելու ավելի վաղ մեկ այլ դաշնակցական Հրանտ Մարգարյանի հարցազրույցում արտահայտած մտքերին, հարցազրույց, որը բավական մեծ աղմուկ հանեց, կրկին Քոչարյան-ՀՅԴ ներդաշնակ սերն ու անդավաճան հավատարմությունը հաստատելով։ Ամեն դեպքում Քոչարյանն այն շռայլ գործիչն էր, ում շնորհիվ ՀՅԴ-ն ոչ միայն վերադարձավ ազատություն, այլև հետ ստացավ Տեր-Պետրոսյանի կողմից փակված իր մամուլը, ինչն այնպիսի ռազմավարական նշանակություն ուներ, որքան «Փոստն» ու «Հեռագրատունը»։

Տեր-Պետրոսյանին պատկանող «ազգայինը կեղծ կատեգորիա» հայտնի խոսքը դաշնակցականներին էին ուղղված, որոնք հանդես են գալիս որպես ազգային կուսակցություն, անկախ այն հանգամանքից, որ ձախ սոցիալիստական են իրենց գաղափարախոսությամբ։ Բացի այդ առաջին նախագահի համար Հայոց Ցեղասպանության ճանաչումը Հայաստան պետության արտաքին քաղաքական կուրսի բաղադրիչ չէր եւ համարում էր նա, որ դա զուտ սփյուռքյան համայնքների գործն է եւ ոչ պետության, հետեւաբար Երեւանը կարող է Անկարայի հետ ունենալ լավ հարաբերություններ, մինչդեռ Հայ Դատի մենատերը եւ լոբբիզմը հիմնականում ՀՅԴ կողմից է իրականացվում։ ԼՂ հակամարտության կարգավորման մասով էլ առաջին նախագահի եւ ՀՅԴ դիրքորոշումների միջեւ հակասություններ կային և կան։ Քոչարյանական իշխանության տարիներին դաշնակցականները մտան կառավարություն եւ իշխող կոալիցիա։ Ամեն ինչ ներդաշնակ էր, մինչև դաշնակցական Պողոս Պողոսյանի եղերական մահը։ Դրանից հետո հնչեցին բավական սուր հայտարարություններ, եղան կոշտ արձագանքներ, կոչեր եւ մի պահ թվաց, թե ուր որ է ՀՅԴ-ն դուրս կգա իշխանությունից եւ կդառնա արմատական ընդդիմություն։ Սակայն ՀՅԴ-ն ունեցավ իր նախարարը կաբինետում եւ հարցը փակվեց։ Զուտ հասարակական-բարոյական տեսակետից Պողոս Պողոսյանի եղբոր հարցազրույցը «Հայկական ժամանակ»-ին հուժկու հարված էր, քանի որ պարունակում էր բավական մերկացնող բացահայտումներ ՀՅԴ-ի մասին։

Անդրանիկ Պողոսյանը հայտարարել էր, որ եղբոր սպանությունը, դրան հետեւած չակերտավոր դատավարությունը ցույց տվեցին, որ ՀՅԴ-ն հեռացել է իր ծրագրից ու գաղափարներից, եւ ինքը ՀՅԴ-ից հեռանալու դիմում է գրել.«Եթե նա իր կուսակցի հիշատակը չպաշտպանեց, իմ մնալը այնտեղ լիովին անիմաստ էր»,-հայտարարել էր Պողոս Պողոսյանի եղբայրը: Սակայն, ինչպես ասում են, ժամանակն ամեն ինչ տվեց մոռացության։ Նույնիսկ 2008-ի դժնդակ օրերին, ՀՅԴ-ն ապացուցեց, որ հավատարիմ է Քոչարյանին, իր հայտարարություններով ու կոչերով աջակցելով բավական նեղ վիճակում գտնվող Քոչարյանին։ Առհասարակ, Հայաստանի նորագույն պատմությունն այս ռակուրսից երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ Քոչարյանին ՀՅԴ-ն «քոմակ» է արել մշտապես, երբ վերջինս գտնվել է նեղ վիճակում։ Այժմ էլ նույն պատմության կրկնությունն է ըստ էության։

Նորից վերադառնալով «Փոստ»-ի ու «Հեռագրատան» թեմային ՝ հասկանում ենք, որ ՀՅԴ-ին իր խոսափողը վերադարձնելը ջուրը գցած լավության վերադարձն էր։ Մի ամսում Քոչարյանը երկու հարցազրույց տվեց ՀՅԴ ազդեցության տակ գտնվող, չասելու համար այդ կուսակցությանը պատկանող «Երկիր մեդիա» ՀԸ-ին։ Ավելին, եթե դատենք հարցազրույց վերցրած, ՀՅԴ գաղափարական մեդիայի տնօրեն Գեղամ Մանուկյանի խոսքերից, «Երկիր մեդիան» մշտապես է հարթակ տրամադրելու պաշտոնաթող նախագահին, անկախ հանրային տրամադրություններից։ Այլ կերպ պատկերացնելն անհնար էր։ Ու այս դեպքում բավական հեղհեղուկ են դառնում Ռուստամյանի խոսքերն այն մասին, թե Դաշնակցությունը հեռու է կռապաշտությունից եւ Քոչարյանին անվերապահ աջակցությունից։ 1999-2018 թվականի պատմության փաստերը այլ բանի մասին են խոսում եւ եթե պատմական այդ փաստերին ուղիղ կերպով, կարելի է այլ անուն կամ որակում տալ, դա այլ հարց է, սակայն անվերապահ աջակցությունը «պոզով պոչով» չի լինում, այլ գործնական քայլերով, որոնք արել, անում եւ վստահաբար անելու են մեր «անդավաճան հին ընկերները»՝ երբեմն նույնիսկ չուզելով, ասել է թե՝ կողմ ըլլալով դեմ ըլալով:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները