Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվեց Երևանյան հռչակագիրը

0 Մեկնաբանություններ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվեց Երևանյան հռչակագիրը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց, որ գագաթնաժողովն ավարտեց իր աշխատանքները։ Մնացականյանը մատնանշեց Հայաստանի` իբրև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գործող նախագահի հետագա անելիքներին:

«Հայաստանն այսօր մեծ հպարտություն է զգում միջազգային այդչափ կարևոր հանդիպման բեմահարթակ լինելու և դրա մեծ հաջողությունը տոնելու համար: Հայ ժողովուրդը, հավատարիմ իր նախնիների հյուրընկալության ավանդույթներին, գրկաբաց ընդունեց 5 մայրցամաքից ժամանած Ֆրանկոֆոնիայի երկրների ներկայացուցիչներին: Ողջ երիտասարդությունն է ներգրավվել իր խանդավառությամբ, դինամիզմով, ֆրանսերենի ու ֆրանկոֆոն մշակույթի հանդեպ իր սիրով: Չեմ կարող այս անմոռանալի պահերը հիշատակել` առանց հիշելու այն տխրության պահերը, որ ապրեցինք Շառլ Ազնավուրի` մեզնից հեռանալու պատճառով, այդ մեծ արվեստագետի, որ այդքան բան է տվել Ֆրանսիային և ֆրանսիական մշակույթին և այդքան բան նվիրել Հայաստանին: Այդ կապակցությամբ ցանկանում եմ կրկին իմ երախտագիտությունը հայտնել նախագահ Մակրոնին` հոկտեմբերի 5-ին Շառլ Ազնավուրի պատվին Ազգային հարգանքի տուրքի արարողությանը Հայաստանին մասնակից դարձնելու համար»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` իբրև հուշ վառ կմնան նաև համակեցության այն վառ օրերը Երևանի սրտում, որոնք, շնորհիվ ֆրանկոֆոնիայի ավանի, մի քանի օրում դարձան մշակութային բազմազանության արտահայտության հիանալի վայր: Մնացականյանն անդրադարձավ այն փաստերին, որոնք նշանավորեցին գագաթնաժողովը, նախ` ընդգծելու համար անդամ և դիտորդ երկրների ղեկավարների և կառավարությունների` զգալի թվով մասնակցությունը: Նախարարն ընդգծեց, որ ուրախ է հատկապես մտքերի փոխանակման որակի և կառուցողական երկխոսության համար, որ ունեցան Հայաստանի կողմից առաջարկված «Ապրել միասին» թեմայի շուրջ: «Ընդունելով Երևանի հռչակագիրը և «Ապրել միասին» ֆրանկոֆոն կոչը` մենք մշակեցինք մի ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որ մենք որդեգրել ենք մեր հասարակությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար, այն միևնույն ժամանակ կուղղորդի մեր կազմակերպության առաջիկա տարիների գործունեությունը: Այս ճանապարհային քարտեզը վերահաստատում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը, նրա կայուն հանձնառությունը` հանուն խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, նրա նվիրվածությունը կրթական և լեզվամշակութային բազմազանությանը, այն խթանում է համերաշխության և փոխանակման սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ավելի արդար և հավասար հասարակությունների զարգացման համար, այն նաև հիմնվում է ֆրանսերենի վրա` որպես շաղախի, որ միավորում է ֆրանկոֆոն ընտանիքը:

Այս բոլոր տարրերը միասին կազմում են «Ապրել միասին»-ի հիմքը Ֆրանկոֆոնիայում, այն ընդհանուր ժառանգության, որին սերտորեն կապված ենք, և որը պետք է պահպանվի և ամպրապնդվի»,- նշեց նախարարը: Մնացականյանն ասաց, որ որպես Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գործող նախագահ՝ Հայաստանն, իր նախագահության ընթացքում մի շարք նախաձեռնություններ կիրականացնի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ԵԽ-ն և այլն:

Նախարարի խոսքով՝ աշխատանքներ կտարվեն նաև Երևանում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծված թվային տեխնոլոգիաների հարցերով նախարարների ցանցի հետ` թվային տնտեսության բնագավառում նախագծեր զարգացելու համար: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվեց Երևանյան հռչակագիրը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները