Այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի, ծիծաղելի է. ՀՀ վարչապետ

0 Մեկնաբանություններ
Այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի, ծիծաղելի է. ՀՀ վարչապետ

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների վատացման մասին խոսակցություններին:«Վերջին շրջանում ինչ ասես՝ ասում են հայ-ռուսական հարաբերությունների մասին: Այսօր ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը համարյա արցունք էր թափում, որ՝ վայ, էս ինչ վատ են հայ-ռուսական հարաբերությունները: Ես ուզում եմ ասել հետևյալը՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, նաև՝ Ռուսաստանի ոչ մի վերլուծական կենտրոն: Ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել, և այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի, ծիծաղելի է»,- ասաց նա:Փաշինյանը հայտնեց, որ իր պաշտոնավարման ընթացքում երկու անգամ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել է հեռախոսազրույց, ու կարող է միանշանակ ասել՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Նա հիշեցրեց՝ իրենք ասել են, որ արտաքին քաղաքական ռեվերսներ չեն լինելու, և իրենց քաղաքականությունը, նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է, նոր մակարդակի բարձրացնելը:«Երեք ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, այսօր ուզում եմ ասել՝ համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո դուք բոլորդ կիմանաք հայ-ռուսական նոր հումանիտար նախագծի մասին, որ աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ, Խորհրդային միության փլուզումից հետո, նոր պատմության մեջ, դա լինելու է համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, և որը լինելու է ապացույցը, որ մենք հետևողականորեն գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց նա:Փաշինյանը նաև իր խոսքն ուղղեց Ռուսաստանի Դաշնությունում գտնվող այն փորձագետներին, ովքեր անընդհատ ահազանգում են՝ Հայաստանը գնում է Արևմուտք, Արևելք, այլուր, նա նշեց. «Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով և արժանապատիվ կեցվածքով: Հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու և զարգանալու է: Մենք զարգացնելու ենք նաև մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Բա ինչո՞ւ չեն ասում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները վատ են: Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում այնտեղ ևս մենք որոշակի հարցեր ենք բարձրացրել»,- նշեց վարչապետը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները