Վճարիր եւ ազատվիր. Նիկոլի «թվին» գրավի շեմը կտրուկ աճեց

0 Մեկնաբանություններ
Վճարիր եւ ազատվիր. Նիկոլի «թվին» գրավի շեմը կտրուկ աճեց

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ԱԱԾ-ի հեղափոխական բացահայտումների ֆոնին կտրուկ աճեց դատարանների կողմից մեղադրյալների նկատմամբ կիրառվող գրավի շեմը։ Իրավաբանները նշում են, որ նախկինում առավելագույնը 1-2մլն դրամ գրավ էին կիրառում, թեթեւ հանցագործությունների դեպքում՝ 200 հազար, միջին ծանրության դեպքում՝ 500 հազար։ Ընդ որում՝ եթե քրեական դատավարության օրենսգիրքը կալանավորմանը փոխարինող այլընտրանքային խափանման միջոց գրավի դեպքում սահմանում է նվազագույն շեմ՝ 200 հազար դրամ, ապա առավելագույն շեմ չկա սահմանված։ Դատարանը ազատ է սահմանելու սրտի ուզածի չափով գրավ՝ իհարկե հաշվի առնելով գործի հանգամանքները, մեղսագրվող արարքը։

Նիկոլի «թվին» գրավի շեմը կտրուկ աճեց, քանի որ մեղադրյալի աթոռին պատահական անձինք չէին, նախկին պաշտոնյաներ, օլիգարխներ, ձեռքներն էլ քարի տակ չէր, մեղսագրվող արարքներն էլ պակաս ծանր չէին, իսկ հանրությունը չէր ների նման «զիլ» բացահայտումներից հետո կոպեկներով արտոնյալներին ազատել։ Գրավը վճարում են դատարանի հաշվին, որը տնօրինում է դատարանի նախագահը, եւ եթե մեղադրյալը պատշաճ վարքագիծ է դրսեւորում, չի թաքնվում քննությունից եւ այլն, ապա անկախ նրանից՝ կդատվի, թե կարդարացվի, նրան գումարը վերադարձնում են։ Դատարանները այնպիսի գրավ են սահմանում, որպեսզի վստահ լինեն՝ մեղադրյալը չի փախչի։ Իրավաբաններից ոմանք վստահ են, որ նախկինում գրավը նպատակին չէր ծառայում.

«Ծանոթով, կաշառքով ազատում էին գրավի դիմաց, 500 հազարանոց գրավի տակ կարող եք հասկանալ պլյուս 5000 դոլար կաշառք, դրա համար էլ դատավորներին որ ասում էին՝ պրոբացիոն ծառայություն ներդնել, ասում էին՝ գրավ էլ են ներդրել, ինչ օգուտ եղավ»,-ասաց մեր աղբյուրը։ Նիկոլ Փաշինյանի օրոք ԱԱԾ-ի բացահայտումների արդյունքում անազատության մեջ հայտնված անձանցից միայն Մանվել Գրիգորյանն է շարունակում կալանավորված մնալ, մյուսներին կամ ստորագրությամբ են ազատել, կամ կիրառել կալանքին փոխարինող գրավ, որը սովորաբար կազմում է աստղաբաշխական, կլորիկ գումար։

Եւ այսպես ներկայացնենք, թե պետությունը ումից ինչքան գումար կորզեց ազատության դիմաց։

1. Օրերս 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց քրեական աշխարհում «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանը։ Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Վերջինս անազատության մեջ մնաց 3 ամիս։

2. Գրավների գրավը, որ թերեւս նորանկախ Հայաստանի պատմության մեջ այդպես էլ անգերազանցելի կմնա, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանն էր, Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մեկամյսա կալանքից հետո նա ազատ արձակվեց 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Իհարկե, շատերի մոտ հարցեր առաջացան, թե որտեղից Վաչագան Ղազարյանին այդքան գումար, անգամ կոչեր հնչեցին իրավապահներին՝ ստուգել այդ գումարի աղբյուրները։

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ազատ արձակվեց մի քանի օր անազատության մեջ մնալուց հետո ընդամենը մեկ միլիոն դրամ գրավի դիմաց։ Վերջինս հիմնադրամի վարկային քարտով օնլայն խաղադրույքներ էր կատարել, սակյան գումարը վերադարձրել էր։ Նա չի ընդունում հիմնադրամից յուրացումներ կատարելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքը:

4. 5 միլիոն դրամ գրավ կիրառվեց մարտի 1-ի գործով կալանավորված, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։

5. Մեկուկես ամիս անազատության մեջ մնալուց հետո դատարանը 20 միլիոն գրավի դիմաց փոխել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակել։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։

6. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մոտ երկու շաբաթ առաջ 5մլն դրամ գրավով ազատ է արձակվել: 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել նաև ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, գործերը մեկ վարույթում են: Կալանավորված Համբարձումյանն արդեն մեկ անգամ՝ հունիսի 2-ին ազատ էր արձակվել կալանքից, սակայն հետո դատախազության միջնորդությամբ քաղաքապետն ու նրա եղբայրը կրկին կալանավորվեցին։

7. Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարել էին ընկերները։ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Որքան էլ զարմանալի է, իրավաբանները պնդում են, որ մարդիկ կան, ովքեր չեն էլ ցանկանում ազատ արձակվել գրավի դիմաց, ոչ միայն այն պատճառով, որ այդքան գումար չունեն, այլեւ մտավախություն ունեն ազատության մեջ իրենց անվտանգության համար։

Դրանից բացի՝ պարզապես կան կալանավորներ, ովքեր ասում են՝ «միեւնույն է՝ ինձ տասը տարի են տալու, հենա կնստեմ, սռոկս կգնա էլի, համ փողը տամ դուրս գամ, համ սռոկս կանգնի, մեկ ա, պիտի նստեմ»։

Ինգա Մարտինյան

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները