Ո՞ւր է կորում գազը, լույսը, ջուրը․ Ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի

0 Մեկնաբանություններ
Ո՞ւր է կորում գազը, լույսը, ջուրը․ Ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի

Հայաստանում գազի ու էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը գոնե մեկ անգամ պետք է անկողմնակալ քննության առարկա դառնա։

ArmDaily.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն ասաց, որ բարձրաստիճան պաշտոնյաններն ու բիզնեսի ներկայացուցիչները գուցե միշտ գազը, ջուրն ու հոսանքն օգտագործել են՝ առանց վճարելու։

«Սա կորուստների կարևոր մասն է կազմում։ Հնարավոր է ստուգեն ու պարզվի, որ իրոք կորուստներ կան»,- նշեց նա՝ ավելացնելով, որ հարկավոր է ստուգումներ կատարել, ինչպես նաև միջանկյալ հաշվիչներ տեղադրել, որոնց միջոցով կերևա՝ որտեղ են կտրուկ կորուստներ լինում։

«Հնարավոր է ընկերությունները ևս գուշակում են՝ որտեղ է կորում գազը, ջուրը կամ հոսանքը։ Եթե գողանում են, ապա պետությունը պետք է լեգալացնի, գողացողները պետք է վճարեն, դատվեն ու կորուստները վերանան»,-ընդգծեց նա։ Նրա խոսքով՝ ԱԺ-ն կարող է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջել հաշվետվություններ ընդհանուր պայմանագրերի մասին, որոնք կնքված են տվյալ ոլորտը մատակարարող ընկերությունների հետ ու կապ ունեն գազի և էլեկտրաէներգիայի հետ՝ ստանալու հիմնավորումներ սակագների վերաբերյալ։

«Կարող են անդրադառնալ՝ սակագների աճն ինչպիսի հիմնավորումներ են ունեցել տարիներ շարունակ։ Եթե կորուստներ են ապա, դրանք նվազեցնելու համար ինչպիսի միջոցառումներ պետք է կատարվեին, որ կորուստները նվազեն»,- նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ ամեն տարի ասում են կորուստներ կան ու ցանկանում են թանկացնել։

«ԱԺ որոշումով կարող են որոշակի մասնագետներ կցվել, որոնք հանրային ծառայությունները սպասարկող հանձնաժողովին զուգահեռ կուսումնասիրեն նախկին փաթեթները կամ կորուստների վիճակն ու կբացահայտեն՝ արդյոք դրանք հիմվնավորված են, արդյոք հանձնաժողովը ժամանակին պրոֆեսիոնալ ձևով քննարկել է փաթեթները՝ գները բարձրացնելու համար, արդյոք շահերի բախում չկա։ Վերջին հաշվով հանձնաժողովը կարող է պատրաստել առաջարկություն ու կառավարության կողմից դիմել տվյալ կազմակերպությանը կամ այլ պետությանը, որը մեզ գազ է մատակարարում, հարցերի կարգավորման, գների հետ կապված որոշակի խնդիրներ ուղղորդելու նպատակով»,- նշեց Մակարյանը։

Նրա կարծիքով՝ պարտադիր չէ, որ դա անպայման ուղղված լինի գների իջեցմանը՝ չնայած մենք խոսում ենք, որ գազի գները բարձր են, իսկ սահմանի վրա կրկնակի էժան։ «Պրոֆեսիոնալ մոտեցումն այն կլինի, որ համապատասխան մասնագետներով համալրված ԱԺ հանձնաժողովն ուսունմասիրություններ կատարի ու կարողանա ճիշտ բացահայտել»,-ասաց Մակարյանն՝ ավելացնելով, որ կան տարբեր խոսակցություններ՝ արդյոք հանձնաժողովի անդամներն անկողմնակալ էին, կամ կաշառված։ «Հանձնաժողովի արդյունավետությունը հասկանալու համար պետք է ճշտել՝ ում կողմից է նախաձեռնությունը։ Կարող է սա ՊՌ անող կամ ճնշումներ գործադրելու երևույթ է։

Հնարավոր է ոչինչ էլ չանեն, սակայն դրա միջոցով բարոյական ճնշումներ լինեն մատակարարող կազմակերպությունների վրա։ Եվ սա ավարտվի անարդյունք՝ ինչ-որ ժամանակահատված ժողովրդի մեջ աղմուկ բարձրացնելով ու սպասողական վիճակ մտցնելով։ Տնտեսագետի կարծիքով՝ շատ կարևոր է՝ ԱԺ-ն ինչպիսի պրոֆեսիոնալ վերաբերմունք կունենա։ Կարիք կա գոնե մեկ անգամ անկողմնակալ ուսունասիրել թեման։ Արդյոք գազի կալորեականությունն իր տեղում է, իսկ կորուստները, որոնք ներկայացվել են նախկին փաթեթներում թանկացման համար, պետք պարտադիր չափել։

«Հեշտ ճանապարհը միշտ էլ եղել է թանկացնելը՝ կորուստները վերացնելու համար։ Մինչ այդ քաղաքական կամք չի եղել բացահայտելու՝ ձևական խոսվել է»,-ընդգծեց Մակարյանը։ Նշենք, որ մի քանի պատգամավորի պահանջով ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի ու էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու և դրանց արդյունքներն Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները