Ընտանեկան բռնության հետևանքով մահացել է ութը ՀՀ քաղաքացի և մեկ երեխա

0 Մեկնաբանություններ
Ընտանեկան բռնության հետևանքով մահացել է ութը ՀՀ քաղաքացի և մեկ երեխա

Ընտանեկան բռնության դեպքերը դաժանացել են։ Armdaily.am-ի հետ զրույցում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զառա Հովհաննիսյանն ասաց, որ ընտանեկան բռնության պատճառ՝ որպես այդպիսին, չի լինում։ «Այստեղ վերահսկողության ու իշխանության խնդիր է, երբ ընտանիքի մեկ անդամը, ցանկանում է վերահսկել և իր իշխանությունն ամեն գնով հաստատել մյուսի վրա, որը շրջանաձև ու պարբերական պրոցես է»,-նշեց նա։ 

Հովհաննիսյանի խոսքով՝ պատճառներ պետք չէ փնտրել՝ դա անձի վարքից և առողջությունից կախված չէ։ «Լինում են դեպքեր, երբ անձը հոգեկան առողջության խնդիրներ է ունենում։ Սակայն դրանք ընտանեկան բռնության չնչին մասն են կազմում։ Ամենից հաճախ երիտասարդ կանայք են ենթարկվում բռնության, որը կապված է կարծրատիպերի հետ՝ կինը պետք է լինի ենթարկվող, որի շնորհիվ տղամարդը ինքնահաստատվում է»,- ընդգծեց նա։

Հովնհաննիսյանի կարծիքով՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումից հետո ՀՀ ոստիկանությունն ավելի մեծ հնարավորություններ ունի ընտանիքների հետ աշխատելու, դեպքերը բացահայտելու համար։ «Այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով մահացել է ութը ՀՀ քաղաքացի։ Հայաստանում այսպիսի դեպքերը գրանցվում են հատկապես Արմավիրում, որտեղ մահվան ելքով բռնություններն ամենից շատն են արձանագրվել։ «Այդ ութ զոհերը հիմնականում կանայք են։ Արմավիրի վերջին դեպքը՝ սեպտեմբերի 29-ին, երբ ամուսինը ծեծել էր կնոջը, ապա 1 տարեկան որդուն, վերջինս էլ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել  էր, այդ ութ դեպքի մեջ չի մտնում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ընտանեկան բռնության դեպքերով հաջորդը Գեղարքունիքի մարզն է։

Անդրադառնալով Արմավիրում տեղի ունեցած ողբերգությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ ունենք մանկահասակ երեխայի մահ, և որևէ պատճառ կամ առիթ չի կարող դա արդարացնել։

2010-ից մինչև 2017 թվականն առնվազն 50 կին դարձել է ընտանեկան բռնության զոհ։ «Ընտանեկան բռնությունը լատենտային երևույթ է։ Դա տեղի է ունենում փակ տարածքում, եթե ընտանեկան բռնության ենթարկված անձը չի բարձրաձայնում, որևէ մեկը չի կարող իմանալ դրա մասին»,- ընդգծեց նա՝ ավելացնելով՝ երբ հանրային իրազեկվածությունը բարձրանում է, ընտանեկան բռնության դեպքերի մասին ավելի շատ ենք տեղեկանում։ «Պատճառն այն է, որ մարդիկ արդեն գիտեն ուր դիմեն և ինչպես։ Գոնե սկզբում կլինի թվերի աճ, ապա՝ կայուն նվազում, քանի որ մարդիկ ոչ միայն կբարձրաձայնեն իրենց ընտանիքում առկա խնդրի մասին, այլ նաև կփոխեն իրենց կենսակերպը»,- ասաց նա։

Հայասատնում այսօր նշվում է Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը։ Վարչական շրջաններում կիրակացվեն հանրային իրազեկման աշխատանքներ, նաև Ազատության հրապարակում կանցկացվի մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի։

Հովհաննիսյանը կարևորեց հանրային մտածելակերպի փոփոխությունը՝ մասնավորապես հանրային իրազեկում պետք է կատարել ցանկացած առիթով։ 
Այս տարի երեք քաղաքաներում՝ Երևանում, Գյումրիում ու Սպիտակում, որտեղ ունենք անդամներ, հանրային միջոցառումներ ենք իրականացնում։ «Մարզային չորս հեռուստաընկերություններով հեռարձակվում են մեր սոցիալական հոլովակները։ Իրազեկվածության պակասի պատճառով՝ մարդիկ հաճախ չգիտեն՝ ուր դիմեն։ Երբեմն մենք նման դեպքերի մասին տեղեկանում ենք, երբ արդեն ծանր հանցագործություն է տեղի ունեցել»,- նշեց նա։
Ընտանեկան բռնության դեմ պայքարի միջազգային օրն աշխարհում նշվում է հոկտեմբերի 2-ին։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները