​Նախագահը կխախտի Սահմանադրությունը, եթե իրեն սահմանափակի ինչ-որ խորհրդատվական մարմնի առաջարկով. Գոռ Հովհաննիսյան

0 Մեկնաբանություններ
​Նախագահը կխախտի Սահմանադրությունը, եթե իրեն սահմանափակի ինչ-որ խորհրդատվական մարմնի առաջարկով. Գոռ Հովհաննիսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ՝  Նյու Յորքում  մասնակցելու «Արևելք- արևմուտք» իստիտուտի գալա մրցանակաբաշխությանը։ Վերադարձից հետո՝ հավանաբար հաջորդ շաբաթ, նա ԱԺ կներկայացնի Սահմանադրական դատավորի անդամի իր թեկնածուին։ Իսկ մինչ այդ փաստաբանների, քաղհասարակության առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստեղծել էր մի խորհրդատվական մարմին, որը պետք է օգներ նախագահին ՍԴ դատարանի անդամի արժանի թեկնածու ընտրել: Խումբն աշխատանքն ավարտել է դեռևս օգոստոսին: Խորհրդատվական մարմնում ընդգրկված են հետեւյալ անձինք՝ Էմիլ Տարասյան և Զորայր Հարությունյան /նախագահի աշխատակազմ/, Գևորգ Դանիելյան, /ԲԴԽ/, Նինա Փիրումյան /ՄԻՊ գրասենյակ/, Աննա Վարդապետյան /արդարադատության նախարարություն/, Անահիտ Մանասյան /արդարադատության ակադեմիա/, Կարին Ղազարյան, /ֆրանսիական համալսարան/, Լևոն Գևորգյան /ամերիկյան համալսարան/, Արամ Վարդևանյանը /սլավոնական համալսարան/, Սամվել Դիլբանդյան /ԵՊՀ/, Տարոն Սիմոնյան /փաստաբանների պալատ/, Վահե Ենգիբարյան /ՀՀ դատավորների միություն/:

Նախագահականից տեղեկանում ենք, որ դիմում է  ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի հինգ հավակնորդ, նրանցից յուրաքանչյուրի հետ անց է կացվել անհատական զրույց։ Դրանից հետո արդեն աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ փակ ծրարով ներկայացրել է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիք: Թեեւ նախագահականից ձեռնպահ են մնում մասնակիցների անունները հրապարակելուց, սակայն մամուլին նրանց անունները վաղուց հայտնի են՝ փաստաբան Վահե Գրիգորյան, Արդարադատության խորհրդի աշխատակազմի նախկին ղեկավար Իշխան Նազարյան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավունքի տեսության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր Արթուր Վաղարշյան, փաստաբան Բաբկեն Սահրադյան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյան։ Նշենք, որ նրանցից բացի եւս մեկ թեկնածու դիմել է ձեւավորված աշխատանքային խմբին, սակայն նա չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին, ուստի՝ դիմումը չի ընդունվել։ Տեղեկություններ կան, որ նախագահը հնարավոր է հենց Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնի ԱԺ։ Այսօր հայտնի դարձավ, որ ՍԴ անդամ է ցանկանում դառնալ նաեւ Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։

Նա ֆեյսբուքի իր էջում գրել է, որ դիմել է հանրապետության նախագահին՝ Ազգային ժողովին սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելիս քննարկել նաև իր թեկնածության հնարավորությունը։ Գոռ Հովհաննիսյանը չի դիմել խորհրդատվական մարմնին, քանի որ չի իմացել նման մարմնի գոյության մասին, այլապես կդիմեր։ Նա ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թեկնածու առաջարկելը նախագահի բացառիկ սահմանադրական լիազորությունն է, եւ այդ մարմնի առաջարկը ընդամենը խորհրդատվական բնույթ ունի «Այդ մարմնի առաջարկն ընդամենը օգնություն է նախագահին կողմնորոշվելու։ Հիմա նախագահը ունի մի քանի իրավաբանի տվյալներ, նաև իմը ու պիտի հիմա լրիվ ինքնուրույն կողմնորոշվի, թե ում թեկնածությունն է նախընտրում։ Թեկնածու առաջադրելը նախագահի բացառիկ սահմանադրական լիազորություն է, ոչ մի մարմնի առաջարկ չի կարող որևէ կերպ սահմանափակել նախագահի ընտրության շրջանակը։ Նախագահը կարող է անգամ ԱԺ-ին թեկնածու առաջարկելու ամենավերջին վայրկյանին միտքը փոխել ու լսելով նոր մի հնարավոր թեկնածուի մասին՝ առաջարկել հենց նրան։ Նախագահը պարտավոր է իր այդ լիազորոթյունն իրականացնել պատշաճ բարեխղճությամբ ու ԱԺ-ին առաջադրել հնարավոր լավագույն թեկնածուին։ Հենց նախագահն ինքը կխախտի սահմանադրությունը, եթե իրեն հայտնի հնարավոր թեկնածուներ ընտրելիս իրեն սահմանափակի ինչ-որ խորհրդատվական մարմնի առաջարկով։ Եթե արդար մրցակցություն լինի, այսինքն՝ նախագահը թեկնածու առաջարկի մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային փորձի չափանիշով, ապա կարծում եմ, որ իմ շանսերը շատ մեծ կլինեն, որովհետև ես մասնագիտացած եմ հենց սահմանադրական իրավունքի ոլորտում, հատկապես սահմանադրական դատարանի լիազորությունների ու գործունեության, բացի այդ, քանի որ հայկական սահմանադրական դատարանի լիազորություններն ու վարույթները գրեթե ամբողջությամբ ընդօրինակված են Գերմանիայի ՍԴ-ից, ուստի գերմանական իրավունքի իմացությունը ՀՀ ՍԴ-ում աշխատելու համար չափազանց կարևոր է։ Թեև ես բոլոր հնարավոր թեկնածուներին չեմ ճանաչում, բայց ուղղակի ենթադրում եմ, որ իմ տվյալները չափազանց ուժեղ են։ Մասնավորապես ես չեմ ճանաչում որևէ իրավաբանի, ով ունի նաև գերմանական իրավաբանական կրթություն ու գիտի նաև գերմանական իրավունքը։ Իսկ գերմանական իրավունքի իմացությունն այսօր ուղղակի անխուսափելի է հայկական սահմանադրությունն ու օրենքները ճիշտ հասկանալու համար, որովհետև դրանք գրեթե բառացի արտագրված են գերմանական իրավունքից։ Այս տեսանկյունից արդեն ես բոլորովին դուրս եմ մրցակցությունից»։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները