Ազնավուրի ձայնապնակները վաճառվել են շուրջ հարյուր միլիոն օրինակով, նրանով ճանաչեցին Հայաստանը

0 Մեկնաբանություններ
Ազնավուրի ձայնապնակները վաճառվել են շուրջ հարյուր միլիոն օրինակով, նրանով ճանաչեցին Հայաստանը

Այսօր կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ ArmDaily.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հանճարեղ մարդու հագեցած կենսագրությունից ուշագրավ փաստեր։

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։ Շառլի աստեղային ժամը եկավ 1946 թվականին, երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Շառլ Ազնավուրը շուրջ հազար երգի հեղինակ է, որի մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ ( այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ազնավուրի ձայնապնակները վաճառվել են շուրջ հարյուր միլիոն օրինակով։

Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։

Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Նա նաև նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։

Ազնավուրը Հայաստանի մշտական դեսպանն է եղել ՅՈւՆԵՍԿՕ-ում։

2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները