Էսպերանտո. «ես հասկանում եմ քեզ»

0 Մեկնաբանություններ
Էսպերանտո. «ես հասկանում եմ քեզ»

Ի՞նչ իմանաս, գուցե Լյուդովիկ Լազար Զամենհոֆի հեռավոր նախնին բաբելոնյան աշտարակաշինության մասնակիցներին հորդորում էր զերծ մնալ երկնքի գործերին խառնվելու մոլուցքից, որի պատճառով էլ աստված պատժեց մարդկանց՝ խառնելով՝ տարբեր դարձնելով նրանց լեզուները:

1859-ին Լեհաստանում, լեզվաբանի ընտանիքում ծնված Լյուդովիկը վաղ հասակից մեծ սեր ուներ լեզուների նկատմամբ: Դպրոցական տարիներին նա արդեն գիտեր լեհերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, հին հունարեն, եբրայերեն: Երիտասարդ էր, երբ հասկացավ, որ մարդիկ լեզվական անջրպետի պատճառով դժվարանում են հաղորդակցվել: Պետք էր ստեղծել մի լեզու, որին կտիրապետեն բոլորը: Լյուդովիկը վստահ էր, որ պետք չէ ընտրել աշխարհում եղած լեզուներից որևէ մեկը: Պետք էր նոր լեզու ստեղծել, որը չի պատկանի որևէ ժողովրդի, կունենա հարուստ բառապաշար, կլինի դյուրընկալ, ճկուն ու արտահայտիչ: Բժշկի մասնագիտություն ընտրելը Լյուդովիկին ամենևին չշեղեց իր նպատակից: Տասը տարվա աշխատանքի արդյունքում, արևմտաեվրոպական լեզուների տարրերն օգտագործելով, նա ստեղծեց իր երազանքի լեզուն: 1887-ին Վարշավայում լույս տեսավ Լյուդովիկ Լազար Զամենհոֆի գիրքը, որը հեղինակը ստորագրեց կեղծանվամբ՝ doktoro Esperanto, այսինքն՝ դոկտոր Հուսացող:

Հետագայում այս զարմանալի ակնաբույժը ստեղծեց էսպերանտոյի քերականության դասագիրք, բառարան, ստեղծագործեց էսպերանտոյով, թարգմանեց Աստվածաշունչը, Անդերսենի հեքիաթները, Շեքսպիրի «Համլետը», Գոգոլի «Ռևիզորը» և այլն: Զամենհոֆն իր աշխատանքի հիմքում դրել էր մարդկության խաղաղ համակեցության գաղափարը: Նա մահացավ ֆաշիստների կողմից զավթված Վարշավայում, զավակներն ու հարազատները գազանաբար սպանվեցին գերմանական համակենտրոնացման ճամբարներում: Բայց ահա, Զամենհոֆի ստեղծած լեզուն տարիներ անց սկսեց տարածվել աշխարհով մեկ: Այն կրեց իր հեղինակի կեղծանունը՝ էսպերանտո: Այս լեզվի ծննդյան օրը համարվեց 1887-ի հունիսի 26-ը՝ Զամենհոֆի աշխատության լույսընծայման օրը: Եվ քանի որ հույսը ընդունված է խորհրդանշել կանաչ գույնով, կանաչ աստղը դարձավ էսպերանտոյի խորհրդանիշը: Բաբելոնյան աշտարակաշինությունից հետո շատ տարիներ են անցել:

Ազգային լեզուներն այսօր մարդկության հարստությունն են, բայց մարդկությունը միշտ էլ մի համընդհանուր լեզվի, այսինքն ազատ հաղորդակցման կարիք է ունեցել: Երբեմն այդպիսի լեզվի դեր է կատարել որևէ տարածված լեզու՝ անգլերենը, ռուսերենը, բայց դրանք իրենց հետ բերել են ուծացում ու գերիշխանություն: Դա պատճառ է դարձել ավելի քան 900 արհեստական լեզվի նախագծի ստեղծմանը: Դրանցից միշտ առանձնացել է էսպերանտոն՝ որպես առավել հաջողված համակարգ: Այս արհեստական, ծրագրային լեզուն, որի բառապաշարի հիմքում շատ լեզուներում տարածված բառեր են և 16 քերականական կանոն, հեշտությամբ է ընկալվում: Այն գործածական է բոլոր ոլորտներում: Աշխարհում օրական 200 գիրք և 300 պարբերական է լույս տեսնում այս լեզվով: Այն պատշաճ ներկայացված է նաև համացանցում:

Շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, գործում են էսպերանտիստների միություններ և էսպերանտական կազմակերպություններ: 1905-ին Ֆրանսիայում կայացել է էսպերանտիստների առաջին համաժողովը, իսկ 1908-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում ստեղծվել է Էսպերանտոյի համաշխարհային միությունը՝ ԷՀՄ-ն: Հայաստանում էսպերանտական շարժումը սկզբնավորել է լեզվաբան, ՀՍՍՀ և ՎՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի, ինչպես նաև Էսպերանտոյի ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Գուրգեն Սևակը: Նրա պատվին վերջին տարիներին լույս է տեսել հայերեն-էսպերանտո բառարան, որը պարունակում է ավելի քան 15000 գլխաբառ: Այս ամենով հանդերձ՝ դժվար է ասել, թե էսպերանտոն կատարեց դոկտոր Հուսացողի երազանքը: Բայց ի՞նչ իմանաս, մարդկության կյանքն առջևում է:

Լեզուների մահացման ընթացքը աշխարհում երբեք չի կասեցվել: Այն տեղի է ունենում ոչ թե տվյալ լեզվակիր զանգվածի վերացման, այլ առավել՝ ուծացման ճանապարհով: Էսպերանտոյի կողմնակիցները վստահ են, որ էսպերանտոն որպես երկրորդ լեզու սովորելը կկանխի ազգային լեզուների մրցակցությունն աշխարհում, և ամենակարևորը՝ կվերանա միմյանց անհաղորդ լինելու մարդկության գերխնդիրը:

Պատրաստեց Երազիկ Գրիգորյանը

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները