ՀՀԿ–ն՝ «մեշոկ պապիի» դերում. իրականությո՞ւն, թե՞ սպառնալիք. «Փաստ»

0 Մեկնաբանություններ
ՀՀԿ–ն՝ «մեշոկ պապիի» դերում. իրականությո՞ւն, թե՞ սպառնալիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին իշխանության հավաստիացումներին ի պատասխան, Հանրապետական կուսակցության անդամները սկսել են բավական հեգնական, անհոգ պատասխաններ հնչեցնել առ այն, որ կարիք չեն տեսնում արտահերթ ընտրությունների, որ Նիկոլ Փաշինյանի ուզելով չէ, որ այդ ընտրությունները պետք է լինեն: Այս և այլ նմանատիպ ձևակերպումներին զուգահեռ հանրապետականները բաց են պահում նաև Փաշինյանի հետ բանակցելու հնարավորությունը: Առայժմ անհայտ է, թե ինչ են ուզում հանրապետականները, ինչպես են պատրաստվում խոչընդոտել արտահերթ ընտրությունները: ՀՀԿ օգտին է աշխատում ներկայումս առաջացած սահմանադրական կազուսը, երբ գործադիր իշխանությունում այլ ուժ է՝ ահռելի հասարակական աջակցությամբ, իսկ ԱԺ–ում իրենք են՝ ինքնալուծարվելու սահմանադրական փակուղի մտած: Տեխնիկական այս բարդությունները, որոնք իրենց հետ նաև բերում են որոշակի ժամանակային բարդություններ, շանս են տալիս հանրապետականներին մանևրելու:

Թե հանուն ինչի են մանևրում հանրապետականները, հանուն վերջնական ինչ նպատակի, առայժմ մնում է անհայտ: Կոմպրոմիսի հնարավորությունը բաց պահելուն զուգահեռ հանրապետականներից ոմանք պնդում են, թե դեմ են քվեարկելու արտահերթ ընտրությունների նախապատրաստման հետ կապված ցանկացած օրինագծի:

Խնդրի ամբողջ պարադոքսը այն է, որ իրենց դնելով «մեշոկ պապիի» դերի մեջ, հանրապետականները փորձում են խոչընդոտ հանդիսանալ Փաշինյանին, բայց իրականում օգնում են նրան հնարավորինս ավելի լայն հասարակական կոնսոլիդացիա ապահովել: ՀՀԿ պլան մաքսիմումն, իհարկե, Փաշինյանի տապալումն է, և նրանք, որպես ֆիլմի հակահերոս, սպասում են դրան: Պլան մինիմումն էլ Փաշինյանին սպառնալով, նրան խոչընդոտներ խոստանալով՝ վերջինիցս հնարավորինս շատ զիջումներ կորզելն է: Վերջնարդյունքում, սակայն, ունենք Փաշինյան, որ ՀՀԿ ներկայության պայմաններում շարունակում է լինել ընդդիմություն՝ լինելով միաժամանակ իշխանություն:

Չի բացառվում, սակայն, որ ՀՀԿ–ն իր հոխորտանքների հետևում ունի ինչ–որ թաքնված զինանոց, պարզապես սպասում է պահին, երբ կկարողանա այն կիրառել: Ըստ էության, հենց սա է մնում հիմնական հարցը՝ արդյոք ՀՀԿ հոխորտանքներն ընդամենը սահմանադրական կազուսով ու տեխնիկական բարդություններով պայմանավորված հոխորտանքներ են, թե՞ կա ռեալ որևէ ռեսուրս, որ նրանք ինչ–որ պահի պատրաստ են ի ցույց դնել: Միգուցե այդ ռեսուրսը Քոչարյանը, նրա համառությունը, կարողությունն ու արտաքին ուժերից հնարավոր աջակցությունն են, միգուցե ՀՀԿ–ն պարզապես հույսը դրել է փոքրաթիվ ուժերով սաբոտաժի գնալու վրա:

Ամեն դեպքում ակնհայտ է դառնում, որ չնայած բանակցությունների մասին երկուստեք հավաստիացումներին, թե՛ Փաշինյանը, թե՛ ՀՀԿ–ն ի ցույց են դնում նաև գործողությունների կոշտ սցենարներ: Մեկ ամիս առաջ արդեն իսկ հնչած քաղաքացիական պատերազմի մասին տեղեկատվական քամին բավական կոշտ արձագանքի արժանացավ Փաշինյանի կողմից: Ակնհայտ էր, որ փորձ էր արվում վերջինիս նյարդերը ստուգել: Քաղաքացիական պատերազմի հավանականությունն, իհարկե, նվազագույն է, բայց բավական մեծ է, այսպես ասած, ներքաղաքական բախման պահը, եթե կողմերը շարունակեն առճակատվել նույն տրամաբանությամբ: Սցենարներից մեկի դեպքում Փաշինյանը ՀՀԿ–ի սաբոտաժին ստիպված կլինի պատասխանել բավական կոշտ հանրահավաքային գործողություններով, մյուս դեպքում, եթե ՀՀԿ սաբոտաժը հիմնված լինի պարզագույն բլեֆի վրա, տասը տարուց ավելի իշխանություն եղած կուսակցությունը պարզապես կդադարի գործել:

Հայաստանում այժմ ակնհայտորեն կա քաղաքական առճակատման վտանգ, որի հիմքում երկխոսության ի սպառ բացակայությունն է ու առճակատման տանող հռետորաբանությունը: Մի դեպքում, իհարկե, առճակատման գնացող կողմերից մեկի հետևում կա կանգնած հասարակություն, մյուս դեպքում՝ առայժմ անհասկանալի է՝ կա՞ կանգնած որևէ բան, թե՞ ոչ: Ամեն դեպքում, եթե առճակատման արդյունքում ՀՀԿ–ին սպառնում է վերջնական կորուստը մի բանի, որն արդեն իսկ հիմնականում կորսված է, ապա ներկայիս իշխանություններին սպասում է անվերջանալի թվացող հեղափոխական անկայունություն, որը երկիրը պահում է անվերջ սպասման մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները