Բիզնես դասի մասին մոռացեք, սա նոր Հայաստան է

0 Մեկնաբանություններ
Բիզնես դասի մասին մոռացեք, սա նոր Հայաստան է

Վարչապետ Փաշինյանը իր թիմի անդամների համար պետք է պետական պաշտոնյայի, իր իսկ խոսքերով ասած՝ ժողովրդի ծառայի լավագույն օրինակը լինի։

Նրան շրջապատող երիտասարդները պետք է հասկանան, որ պաշտոնը արտոնություն, շնորհ, պարգեւ չէ, այլ պատասխանատվություն, պարտք եւ մեծ աշխատանք։ Երբ որոշ ժամանակ առաջ մամուլը քննարկում եւ քննադատում էր փոխվարչապետներին բիզնես դասով գործողումների մեկնելու համար, նրանք նեղանում էին, ամեն տեղ պատվերի հոտ առնում, մեղադրում «ծախու» լրագրողներին,, մինչդեռ պետք էր գլուխը կախել, ասել՝ ներողություն, այլեւս չի կրկնվի։ Փաշինյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը քանիցս հայտարարել են, որ գործուղումների մասով ծախսերը կրճատվելու են, նախ, ուղեկցողների թիվն է կրճատվելու, եւ հետո գործադիրի անդամները կմեկնեն էկոնոմ դասով։ Հիմա երեւի նոր իշխանության անդամները նեղվում են՝ մտածելով, որ բա ՀՀԿ-ի ժամանակ այդպե՞ս էր, վոյաժներ էր, որ վայելում էին, սակայն մոռանում են, որ սա իրենց բերած նոր Հայաստանն է, արդեն իրավիճակ է փոխվել։

Ծախսերի կրճատման մասին հայտարարությունների իրական լինելը ապացուցվեց, երբ պարզվեց, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո Նյու Յորքից Փարիզ Փաշինյանը թռել է էկոնոմ կարգով, այնպես որ բիզնես դասի մասին թող մոռանան բոլորը։ Այստեղ, իհարկե, պաշտոնի ատրիբուտիկային սովոր «ձեւիստները» կասեն, թե ամոթ է, ծաղր է դա, սեւ հումոր կանեն՝ թե մեր վարչապետը էնքան վատն է, որ էկոնոմ դասով է մեկնում, սակայն սա պետական միջոցները խնայելու լավագույն ապացույցն է, օրինակը եւ դասը բոլոր իշխանություններին։

Նշենք, որ երբ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին քննադատել էին առաջին բորտով Դուշամբե մեկնելու համար, նա նշել էր. «ծախսեր կան, որ պետք է արվեն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի, ինչու չէ՝ նաև մեր երկրի պատշաճ ներկայանալու համար»։

Հիմա հարց պարոն Միրզոյանին՝ ինչքանով տուժեց պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքը, արդյոք Փաշինյանի էկոնոմ կլասով մեկնելու պատճառով մեր երկիրը պատշաճ չներկայացավ։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները