ԿԳԲ-ից ԱԱԾ անցման ժամանակաշրջանում․ Վանեցյանի կերպարի ժողովրդական ընկալումները

0 Մեկնաբանություններ
ԿԳԲ-ից ԱԱԾ անցման ժամանակաշրջանում․ Վանեցյանի կերպարի ժողովրդական ընկալումները

Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ տեղի ունեցան ևս մեկ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Այս ընտրությունները կարևոր էին նրանով, որ Ֆեդերացիայի նախագահ դարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նախագահ ընտրվեց միաձայն։ Վանեցյանն իր կերպարով արդեն իսկ վայելում է ժողովրդի ստվար հատվածի համակրանքը։ Սրա ապացույցը նաև այն է, որ անգամ հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո մարդիկ իրենց աջակցությունն էին հայտնում ԱԱԾ տնօրենին՝ սոց․ ցանցերում ակտիվորեն տարածելով «Վանեցյա՛ն, դուխով» վերտառությամբ գրառումներ և նկարներ․․․

Ընդհանրապես ԱԱԾ կառույցը նրա ղեկավարմանը վստահելուց հետո չբարձրացավ այն աղմուկը, ինչը բարձրացավ օրինակ նրա նախորդի՝ Կուտոյանի նշանակման ժամանակ։ Կուտոյանին մերժում էին և ներսի գայլերը և մարդիկ քննարկման առարկա էին դարձրել նրա համակարգից չլինելը, երիտասարդ, անփորձ և օրեր առաջ սպայական կոչում ստանալը։ Վանեցյանի բախտն այս հարցում բավական ժպտաց։ Նախ նա նշանակվեց երկրի համար փոխված իրավիճակում, երկրորդ՝ ներսի մարդ էր և երրորդ նրա նշանակումը նոր իշխանությանն էր պատկանում։

Այդ նշանակումից օրեր անց, արդեն սկսվեցին ԱԱԾ-ի հանդեպ վերափոխված մոտեցման ցայտուն դրսևորումները։ Առաջին անգամ մեր ժողովուրդը մասնակից դարձավ անվտանգության նպատակով տարվող օպերացիաների ոչ գաղտի իրականացմանը։ Պետք չէ մոռանալ նաև, որ հենց ԱԱԾ-ն էր իրականացնում այն քայլերը, որոնք տարիներ շարունակ եղել էին ժողովրդի հիմնական փափագներից մեկը։ Ժողովրդահաճո և սպասված օպերացիաները հանգեցրին նրան, որ հենց ԱԱԾ ղեկավարն արձագանքեց, որ իրենց աշխատանքի արդյունքը կարելի է համարել բոլոր ժամանակների ընդդիմադիր Վարդգես Գասպարիի պահվածքը, ով թղթի վրա գրել էր, որ ԱԱԾ-ի հետ է։ Դրան հաջորդած մյուս բոլոր իրադարձությունները, որոնք ուղեկցվում էին խորհրդավորության շղարշով, պարապած տղերքի մաքուր օպերացիաներով, հանրամատչելի ուղեկցվող տեքստերով, էլ ավելի էին բարձրացնում ԱԱԾ հեղինակությունը։

Հեղափոխությունից ամիսներ առաջ մեր իրականացրած փոքրիկ հարցախույզը փաստում էր, որ մարդկանց համար ԱԱԾ շենքն ընկալվում էր «Ինչքան գետնի երեսին, կրկնակի գետնի տակը» ձևով․ այն համարում էին գաղտնի շենք՝ հազարավոր նկուղներով։ Որպես հիմնական զգացական միտք հարցվածներն արտաբերում էին «ԿԳԲ-ի պադվալներ», որտեղից մարդիկ հնարավոր է անհետ կորեին ու դուրս չգային։ Հետաքրքրական է, որ անգամ Խորհրդային Միության տարիներն աղոտ հիշողները և անկախության սերնդի ներկայացուցիչները նույնպես ծառայությունը անվանում էին ԿԳԲ՝ չխորանալով բառի բացատրության մեջ։ Կառույցն ընդհանրապես հարցվածների շրջանում ավելի շատ խորհրդավորություն, վախ էր ներշնչում, քան պաշտպանվածության հիմնական երաշխիք, իսկ «անվտանգություն» բառը բացարձակ չէր ընկալվում իր բուն իմաստով։ Մարդիկ նաև նշում էին, որ այդ կառույցի հիմնական նպատակը գաղտնալսելն է և օրինակ, եթե հեռախոսով ասում ես «պրեզիդենտ», կամ «թուրք», ավտոմատ միանում են գաղտնալսող սարքերը։ Վանեցյանն իր բաց աշխատանքային մոտեցմամբ կարողացավ ջարդել որոշակի կարծրատիպեր։ Ճիշտ է նա նշանակման օրն իսկ դուրս եկավ բոլոր սոցիալական ցանցերից, սակայն լրատվամիջոցների հետ աշխատանքում վարում էր հնարավորինս բաց քաղաքականություն։ Այնքան բաց, որ երևի ինչ-որ պահի գիտակցեց, որ իր իսկ խոսքերով ասած ինքը վարչապետի քաղաքական թիմից չէ և պետք չէ քաղաքականությունը նույնպես մեկնաբանել ու հայտարարեց, որ այլևս չի խոսելու՝ ելնելով կառույցի առանձնահատկությունից։

Հայտարարությունից օրեր անց պարզվեց, որ ոչ միայն ժանմանակավրեպ է այդ հայտարարությունը, այլև գաղտնալսում է իրականացվել և Վանեցյանը ՀՔԾ պետի հետ ասուլիս է անելու։ Ասուլիսի ընթացքում էլ նա պատասխանեց բոլոր հնչած հարցերին, ինչը նման պաշտոնյաների պարագայում բացառիկ երևույթ է։

Այսօր նա արդեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ է ղեկավարելու։ Բոլորին է հայտնի ֆուտբոլի հրապարակային բնույթը, թիմային հաջողություններն ու ազգի սևեռումը կայացած ֆուտբոլ ունենալուն։ Հատկանշական է, որ հեղափոխությունից հետո որպես Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Հայաստան վերադարձած Վարդան Մինասյանը չսպասեց Վանեցյանի հետ աշխատելուն։ Նա ՀՖՖ նախագահի ընտրությունից մեկ օր առաջ հրաժարական ներկայացրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Այս պայմաններում, երբ Ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում մեծ տեղ են զբաղեցնում ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները, հավաքականը մարզիչ չունի, Վանեցյանին չի հաջողվելու խուսափել բաց շփումից՝ ավելին , սպորտաձևին առնչվող մեկ-երկու հարցին անմիջապես հաջորդելու են լրագրողների բազում հարցերը հենց ԱԱԾ թեմաների վերաբերյալ։ 

Ինչքանո՞վ է նա պատրաստ դիմակայելու ազատ շփման քաղքականությանը, ինչքա՞ն կտևի կառավարության ճակատային դռնից դուրս գալու խիզախությունը, ցույց կտա ժամանակը,այս պահին միայն կարելի է արձանագրել, որ նա ունի ժողովրդի համակրանքը և օրինակ ՀՖՖ նախկին նախագահի կողմից դեռ որևէ փոխաբերական համեմատության կամ գնահատականի չի արժանացել։

Հայտնի է, որ Ռուբեն Հայրապետյանը խանդով էր վերաբերում ֆուտբոլին և անգամ նախարարին ուղարկում էր ատամնաբուժությամբ զբաղվելու՝ ակնարկելով նրա ոչ կոմպետենտ լինելը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները