Հայոց լեզուն սկսել է տերմիններ մշակել դեռ 5-րդ դարից

0 Մեկնաբանություններ
Հայոց լեզուն սկսել է տերմիններ մշակել դեռ 5-րդ դարից

Հռոմեական դիցաբանության մեջ կար մի աստված՝ Տերմինուսը… Ինչն էր տնօրինում Տերմինուսը: Սահմանները: Նա սահմանների աստվածն էր: Հռոմեացիները նրա պատվին տոնախմբություններ էին անում և դրանք կոչում էին Տերմինականք:

Սահման, այսինքն՝ այստեղից մինչև այնտեղ և ոչ ավելին: Սահման ունենալ՝ նույն է, թե չափ ունենալ, ծայր, եզր ունենալ… Ահա թե ինչու մեր գրականության մեջ «տերմին» բառին «եզր» անունն էին տալիս, տերմինաբանություն՝ եզրաբանություն:

«Տերմին» ասելով հասկանում ենք որևէ գիտական կամ մասնագիտական անվանում: Կան բառեր, որոնք հանդես են գալիս և՛ որպես սովորական բառ, և՛ որպես տերմին. «ջուր» բառը սովորական լեզվում նշանակում է «հեղուկ», գործածվում է նաև փոխաբերական իմաստներով, բայց քիմիայի բանգավառում ունի գիտական անվանում, այսինքն հանդես է գալիս որպես քիմիական նյութի անվանում, տերմին:

Տերմինի բարձրագույն հատկանիշը ճշգրիտ լինելն է: Լեզվի զարգացման աստիճանը որոշում է նաև այն, թե որքան հարուստ է այն տերմիններով և որքանով են ստույգ դրանք: Հայոց լեզուն սկսել է տերմիններ մշակել դեռ 5-րդ դարից՝ Սողոմոնի առակների թարգմանությունից: Ժամանակակից հայերենի շատ տերմիններ՝ իրավագիտություն, տրամաբանություն, ենթակա, օրենք, տուրք , մակերես, կամար, բայ, ածական և այլն, հայ հին միջնադարյան գրքերից են գալիս:

Մեր ժամանակներում, երբ գիտությունը նորանոր տերմիններ է առաջարկում, լեզուն երբեմն չի հասցնում ընթացքի հետևից, յուրացնում է այդ տերմինը, ապա ժամանակ անց գտնում ինքնուրույն համարժեքը: Սակայն դրանց համարժեքները կարող են և չգտնվել: Այդ դեպքում տերմինը պետք է փոխ առնել նույնությամբ: Այդպես են վարվում բոլոր լեզուները: Եվ հայերենը բացառություն չի կարող լինել:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները