Արարատ Զուրաբյան․ Ընտրություններն կանխատեսելի չեն՝ ժողովուրդը սովոր չէ անել այն, ինչ ասում է

0 Մեկնաբանություններ
Արարատ Զուրաբյան․ Ընտրություններն կանխատեսելի չեն՝ ժողովուրդը սովոր չէ անել այն, ինչ ասում է

Երևանի ավագանու թեկնածուների քարոզարշավին մնացել է մեկ օր։ Այն համընկել է Հայաստանի անկախության օրվա հետ, որին կհաջորդի լռության օրը։

Armdaily.am-ի հետ զրույցում «Երևանցիներ դաշինք»-ի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանն Անկախության տոնի կապակացությամբ շնորհավորեց բոլորին՝ նշելով, որ անկախությունը 20-րդ դարում հայ ազգի լրջագույն ձեռքբերում է, իսկ 21-րդ դարը պետք է մերը դարձնել՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա պետություն, որտեղ մարդը կարող է արժանապատվորեն ապրել։

-Պարոն Զուրաբյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի արդյունքները։

-Երևանի ավագանու ընտրություններին քարոզարշավի առանձնահատկությունը նրանում է, որ այն հետհեղափոխական հատվածում է։ Իսկ բացասական կողմը՝ չնայած բոլորը գիտակցում են, որ այլևս չի կարող լինել նախկինում առկա պրոցեսը, բայց դեռ կա քոչարյանական ու սերժսարգսյանական համակարգերի տեսական վերականգնման հնարավորություն։ Դա առաջ է բերում որոշակի լարվածություն, ինչն էլ ստվեր է գցում այն պրոցեսի վրա, որը պետք է իրականանար ամբողջությամբ դրական մթնոլորտում։

-Դուք համարում եք, որ Երևանը միասնական օրգանիզմ է և այն չի կարելի իրարից անջատ դիտարկել: Ո՞ր ոլորտային խնդիրներին եք պատրաստվում ամբողջական լուծումներ տալ։

-Չկա այնպիսի ոլորտի խնդիր, որը կարող է ամբոջական լուծում չստանալ։ Մեզ համար գոյություն չունի առաջին ու վերջին։ Եթե երեք երեխա ունեք, չեք մտածում՝ որ մեկին ամենից լավը դաստիարակել՝ բոլորով էլ միաժամանակ պետք է զբաղվել։
Սրանով էլ տարբերվում են այն թեկնածուները, որոնք մասնագիտական գիտելիքներ ունեն տարբեր ոլորտների վերաբերյալ՝ պատկերացնում են, որ չկա ստորադաս և առաջնահերթ խնդիրներ։

-Բացի այն, որ անհրաժեշտ է ցանկություն քաղաքի հիմնական խնդիրների լուծման համար, պետք են նաև ֆինանսական միջոցներ։ Ինչպիսի՞ լուծումներ եք առաջարկում։

-Երևանի քաղաքապետը պետք է լինի մարդ, որն ունի ապագայի տեսլական, ճանաչում է Երևանն ու կարող է տեղայնացնել իր գիտելիքները մայրաքաղաքում։ Կենտրոնի թաղապետ լինելու ժամանակ ինձ հաջողվել է 13-14 անգամ ավելացնել համայնքի բյուջեն։ Նույնը հնարավոր է անել նաև Երևան քաղաքի դեպքում՝ լուծելով այն խնդիրները, որոնք մատնանշվում են։

-Հավատու՞մ եք, որ ընտրությունները կանցնեն ազատ՝ առանց ընտրախախտումների։

-Բոլոր հնարավորություններն առկա, և ուզում եմ հավատալ, որ Երևանի ավագանին կընտրվի առանց կեղծիքի։ Ներկայիս իշխանությունները, եթե շարունակեն իրենց դրսևորել այնպես, ինչպես ի սկզբանե՝ խախտումներ թույլ չեն տա՝  դա Հայաստանի Հանրապետության գրավականն է։

-Հետևե՞լ եք մյուս ուժերի քարոզարշավներին։ Քաղաքական ուժերը կատարեցի՞ն իրենց առջև դրված խնդիրը։ Ո՞ր ուժն ունի ամենաշատ շանսերը ժողովրդի քվեն ստանալու։

-Բնականաբար երբեք հնարավորություն չի լինում լիարժեք հետևել այդ պրոցեսին։ Սակայն պետք է նշեմ՝ քաղաքական ուժերն ինչ-որ չափով մնացել են անցյալում։ Ընտրական գործընթացի կազմակերպումն իրականացվում է այնպես, ինչպես կլիներ 15-20 տարի առաջ։ Որոշ ուժեր մոռանում են, որ ժամանակակից աշխարհն իր թելադրանքն է դնում ընտրությունների վրա։

-Ձեր կարծիքով՝ ի՞նչը կկարևորի հասարակությունն ընտրություն կատարելիս։ Քաղաքական ո՞ր ուժը կստանա ժողովրդի ամենաշատ քվեն։

-Որևէ մեկը չի կարող ասել՝ ինչը կկարևորի հասարակությունը, քանի որ մեր ժողովուրդը դեռևս սովոր չէ անել այն, ինչ ասում է։ Սովորաբար մեր հասարակության վերջնական մոտեցումն ի հայտ է գալիս ընտրության արդյունքներն ամփոփելիս։ Մինչ այդ տեսլական այլ է։ Մեզ մնում է սպասել ու կարծում եմ՝ կլինեն որոշակի անակնկալներ ու հետաքրքիր զարգացումներ։ Հուսամ՝ ամենաշատ քվեն կստանա «Երևանցիներ դաշինք»-ը։

-Հնարավորության դեպքում ո՞ր ուժի հետ կհամագործակցեք։

-Համագործակցության հնարավորություն՝ այս կամ այն ձևաչափով, տեսնում եմ բոլոր ուժերի հետ, քանի որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են այս ընտրական պրոցեսին, ուզում են տեսնել Երևանը՝ որպես երազանքների քաղաք։

 

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները