Դուք ձեր մասին մտածեք, Փաշինյանը շուտվա Սասունցի Դավիթն է

0 Մեկնաբանություններ
Դուք ձեր մասին մտածեք, Փաշինյանը շուտվա Սասունցի Դավիթն է

Տապալում ասենք, քաշվել ասենք, թե ջախջախվել դրանից ՀՀԿ-ի վիճակն ավելի չի թեթևանա։ Ասպարեզում մնալու ՀՀԿ-ականների մի մասի ջիղը և մյուս մասի անտարբերությունը ցույց է տալիս, որ կամ շուտով ՀՀԿ դուստր ձեռնարկություն է ստեղծվելու, օրինակ ՀՀՉ կամ նման մի այլ հապավումով, կամ էլ փորձելու են ռևանշիստական էվակուատիվ բանակում իրականացնել օրինակ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Բայց մինչ փնտրտուքների վերջնական կամ ամենավերջին հանգրվանին հասնելը ՀՀԿ-ականներից ամենահավեսովներն ու հետևողականները գուցե ստաժը չկորցնելու կամ միտքը թեթև ատլետիկ մարզավիճակում պահելու համար շարունակում են ֆեյսբուքում ստատուսներ գրել։ Վերջին ստատուսում Վարդանանքից մեր էպոսին հետ քայլ կատարած բարի խորհուրդների արանքում Նիկոլին համեմատում են Սասունցի Դավթի հետ։ Սասունցի Դավթին ներկայացնում են նեղացած, անհավասարակշիռ և բարդույթավորված՝ նույնը վերագրելով վարչապետին։

Պարզ երևում է , որ գրողն ունի ռուսական կրթություն և մինչև վերջ չի կարողացել ըմբռնել մեր էպիկական հերոսի կերպարը և ցավալի է, որ օտար կրթության կոմպլեքսը չի կարողացել հաղթահարել՝ մնալով մեծ ազգերի կողմից փոքր ազգերի հերոսներին թույլ ու աննշան նկարագրելու հատուկ վերաբերմունքի ազդեցության տակ։ Ամեն դեպքում կերպարի սխալ հասկանալն ու ընդհանրապես կյանքին այլ տեսանկյունից մոտենալն իրենց խնդիրն է, դրանից հաստատ հայ բանահյուսությունը չի տուժում։ Սակայն մի կարևոր փաստ է առկա։ Նիկոլին դեռ վարչապետ ընտրվելու առաջին ռաունդում էինՀՀԿ-ականները դրել Սասունցի Դավթի տեղը՝ նրան համարելով խուրջինն ուսած, հնամաշ շորեր հագած մեկը՝ մոռանալով դրսում կանգնած Քուռկիկ Ջալալիի, Խաչ Պատերազմիի և անգամ ամենազոր Թուր Կեծակիի մասին։ Հենց ԱԺ-ում շատ խորհրդանշական պատկեր էր, երբ ամբողջ ՀՀԿ-ն գումարած մեկ դաշնակցական իրենց պահում էին հայ հայր ու օտար մայր ունեցող Մսրա Մելիքի նման՝ վախենալով Դավթի զարկերից և զարկերը բաշխելու համար առաջին գիծ էին ուղարկում ՀՀԿ կանանց՝ մոտավորապես Մսրա Մելիքի մորն ու քրոջը։

Հիշողությունից չի կարող ջնջվել Մսրա Մելիքի մոր դերում հանդես եկող ՀՀԿ կանանց, Իսմիլ խանումական պահվածքը․ «Դավի՛թ, ես քեզ փոքր ժամանակ ծիծ եմ տվել, մերություն եմ արել, էս մի զարկն էլ ինձ բաշխի» տողերը մոտավորապես կրկնում էին․ « Նիկոլ ես միշտ Ձեզ լավ եմ վերաբերել, հիշում եք չէ» արաբների ու թուրքերի մասշտաբով գեղեցկուհի ճանաչված կնոջ արտաբերածը։ ՀՀԿ տղամարդիկ գիտեին գուցե զարկի թափը և էպոսական ոճի տեքստեր գրելով ու բաժանելով կանանց՝ ոչ միայն թաքնվում էին այդ տեքստերը սերտած կրկնողների հետևում, այլև ընթացքում մտածում էին արդյոք քառսուն գոմշի կաշին կապահովի իրենց իրական պաշտպանությունը։ Ընդհանրապես կանանց առաջին գիծ մղելը մեղմ ասած քաղաքավարի չէ։

Մինչ այդ կանանց թափարգել էր դարձնում օրինակ ՕԵԿ-ը, սակայն եթե Հեղինե Բիշարյանի խառնվածքի տեր կինը կարող էր արդարանալ, որ էգ առյուծը վերջին հաշվով առյուծ է, ապա ՀՀԿ-ի կանանց մեծ մասն, իհարկե երկու երեք բացառությամբ փափկասուն կանայք են արտասահմանից միանման շորեր բերող, նախանձող, իրար տակ փորող, մոտավորապես դպրոցի ուսուցչանոցի նման։ Այս տեսանկյունից ԲՀԿ-ն իրեն ավելի նահապետական է պահում՝ «Նառա դու սուս»․․․ Ամեն դեպքում քանի դեռ Հայաստանի միակ էպոսագետն ազատազրկված է, վատ չէր լինի ժամանակ առ ժամանակ ՀՀԿ-ից այցելեին նրան, համ տեղը կսովորեին, համ էպոսից կոսուլտացիա կանեին համ էլ ՝ հանձնուք կտանեին մարդուն։ Մի անգամ թրի տակով անցնելուց հետո «Կենդանի եմ մեկ էլ արի» խոսքերի փոխարեն, լավ կլիներ կանգնել ու թափ տալ իրենց։ Ինչ վերաբերում է գրված ստատուսներին, ապա վերջին ժամանակներս դրանց լայքերն ավելանում են, արժե պարզել լայքերի կեղծ կամ անկեղծ լինելը։

Ամեն դեպքում, զուտ զգուշության համար․․․․

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները