Գնում ենք քվեարկելու․ իմանանք ինչ է այն նշանակում

0 Մեկնաբանություններ
Գնում ենք քվեարկելու․ իմանանք ինչ է այն նշանակում

Մենք ունենք հետաքրքիր կազմությամբ մի բառ, որը մեր օրերում կիրառվում է հաճախ:

Խոսքը «քվեարկել»-ի մասին է:

Որո՞նք են դրա արմատները:

Ի՞նչ է այն նշանակում բառացի և ինչպե՞ս է ծագել:

«Մի արքա հարևան երկիրը նվաճելու համար տասը տարի պատերազմի պատրաստություն է տեսնում, բայց պատրաստությունն ավարտելուց հետո դժվարանում է արշավանքն սկսել: Զորապետներից մի քանիսը դեմ էին արշավանքին, թեև այդ մասին բացեիբաց չէին հայտնում թագավորին: Ամենքի կարծիքն ստուգապես իմանալու և վերջնական վճիռ կայացնելու նպատակով արքան մի այսպիսի միջոցի է դիմում: Զորապետներից յուրաքանչյուրին տալիս է երկու փոքրիկ քար՝ մեկը սպիտակ, մյուսը՝ գորշ: Արշավանքն սկսելու կողմնակիցը պետք է ամանի մեջ սպիտակ քարը գցեր, իսկ ով դեմ էր՝ գորշ քարը: Եվ ահա մարդկանց աչքից բավական հեռավորության վրա դրված ամանի մեջ քառասուն զորապետներ նետում են սպիտակ կամ գորշ քարեր: Հետո ամանը վերցնում ու արքայի աչքի առջև հաշվում են քարերը: Ամանի մեջ նետված քարերից քսանչորսը սպիտակ էին, տասնվեցը՝ գորշ: Պարզ է դառնում, որ զորապետների մեծ մասը համաձայն էր արշավանքն սկսելուն: Այս արարողությունը կոչվել է քվեարկել:

«Քվե» հին հայերենում կոչվել է «վիճակաքար, քար, արկել՝ գցել, նետել»:

Այսպիսով «քվեարկել» բառացի նշանակում է «քար գցել»:

Արքան քվեարկելով միայն մի խնդիր չլուծեց: Երբ զորք կապած հասան ճակատամարտի վայրը, նա ցանկացավ իմանալ իր զորականների թիվը: Եվ նորից սկսեցին քվեարկել (քվե արկանել): Այս անգամ յուրաքանչյուրը մի քար պիտի նետեր նշված տեղը: Հաշվեցին, դուրս եկավ իննսունութ հազար: Մինչև տեղ հասնելը պակասել էր երկու հազար մարդ: Հավանաբար մի մասը հիվանդացել էր և ճանապարհին մնացել, մի մասն էլ դասալիք էր դարձել:Երկու դեպքում էլ քար են գցել, առաջին անգամ թեր ու դեմ կարծիքներն իմանալու, այնուհետև՝ զորքի ընդհանուր թիվը ճշտելու համար:

Մեր ժամանակներում «քվեարկել» նշանակում է «ընտրովի պաշտոնի համար առաջադրված թեկնածուին ձայն տալ (կողմ կամ դեմ): Հաճախ կարող են քվեարկել նաև առաջարկ ընդունելիս:

Մարդիկ հիմա քվեատուփի մեջ քարի փոխարեն թուղթ (քվեաթերթ) են գցում: Եվ, չնայած քարը փոխարինվել է թղթով, բառը չի փոխվել, քվեարկելն առանց «քերծվածքի» հասել է մեզ՝ իր իմաստային նշանակությունը համարյա ամբողջությամբ պահպանած:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները