Որտե՞ղ է ԸՆՏՐՈՂԸ. թեկնածուների անհրապույր պաստառները

0 Մեկնաբանություններ
Որտե՞ղ է ԸՆՏՐՈՂԸ. թեկնածուների անհրապույր պաստառները

 Քաղաքում ամենուր փակցված են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի պաստառները։ Մայրաքաղաքի բնակիչների շրջանում Armdaily.am-ի իրականացրած փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզվեց, որ առանձնապես պաստառները մեծ տպավորություն չեն թողել և չեն էլ հիշվում։ Դրանցում հիմնականում պատկերված է կարգախոսը, կուսակցության, դաշինքի անվանումը, քվեաթերթիկում համարը և թեկնածուների նկարները։ Այ հենց նկարներն են, որ արդեն հոգնեցրել են մարդկանց։

Ամեն դեպքում պաստառները նախորդ դարի 90-ականներից հետո որոշակի զարգացում ապրել են։ Մեծացել են պաստառների չափսերը, անձնագրի անհաղորդ և անհաջող նկարներ հիշեցնող դեմքերին եկել են փոխարինելու միջին, երբեմն էլ խոշոր պլանով վերցված նկարները։ Ժամանակին թեկնածուների ամենասիրած ֆոնը Մասիս սարն էր, իսկ թրենդային գործողությունը՝ եկեղեցում մոմ վառելը։ Անպայման կադրում երևում էր Հայաստանի ծածանվող դրոշը։

Հետագայում օրենքով արգելվեց քարոզչական նպատակներով պետական խորհրդանիշների օգտագործումը։ Իհարկե մասիսասեր և եկեղեցասեր թեկնածուները դեռ դիմադրում էին, բայց ստիպված էին հավաքել արգելված նկարները։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը բնույթով և մոտեցումներով պետք է տարբերվի համապետական ընտրություններից։ Այս ընտրությունների հասցեն մայրաքաղաքն է, իսկ պաստառներում պակասում են մայրաքաղաքային պատկերներն, ընդհանրապես բացակայում է մայրաքաղաքի բնակիչը, ԸՆՏՐՈՂ-ի լուսանկարը։

Արտասահմանում՝ հատկապես Եվրոպայում, շատ են օգտագործում ԸՆՏՐՈՂ-ին ասպարեզ բերելու հնարքը։ Պաստառներում պատկերվում է ընտրողը, ով հավաստիացնում է, որ քվեարկելու է կոնկրետ թեկնածուի օգտին։ Այսպիսի քարոզչություն մեր երկրում մինչեւ օրս իրականացվել է միայն Խաչատուր Սուքիասյանի կողմից։ Ժամանակին նրա նախընտրական պաստառներում տարբեր տարիքի և սեռի մարդիկ էին, ովքեր խորհրդանշում էին սովորական պայմաններում ապրող մարդկանց, նրանք ոչ շքեղ և ոչ էլ առանձնահատուկ տեսք չունեին։

Հետաքրքիր էր, որ համատարած պոկվող, վնասվող, մրցակիցների կողմից պատռվող պաստառների շարքում Սուքիասյանի պաստառները չհայտնվեցին։ Դրանք փակցված օրվանից մինչ քարոզարշավի ավարտն իրենց տեղում էին։ Պաստառներում չկար նշված նաև, թե ում են ձայն տալու, այդ նշումը հայտնվեց առանձին և բավական ուշ։ Այսօր էլ մրցակիցների համար առանձնացված հատուկ տեղերում իրար կողքի փակցված տարբեր թեկնածուների պաստառները համարյա չեն պատռվում, երեխաների կողմից գրիչի օգնությամբ չեն վերածվում ծաղրանկարների և որ ամենակարևորն է՝ իսպառ վերացել է պաստառներին հայհոյանքի խոսքեր գրելը։

Armdaily.am-ը շրջել է մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններով, կարող ենք արձանագրել, որ պաստառների հանդեպ վանդալիզմի բացակայությունը փաստ է։

Այնուամենայնիվ ոչ կրեատիվ, ժպտուն դեմքերով մարդկանցով պաստառներն ավելի շատ նոր Ֆիլմի անոնս են հիշեցնում, քան՝ ընտրության պատրաստվող մայրաքաղաքի ավագանու թեկնածուների։

 

 

 

 

 

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները