Երևանի արտաքին հարդարանքում հայերենը գերիշխող չէ․ Լեզվի կոմիտե

0 Մեկնաբանություններ
 Երևանի արտաքին հարդարանքում հայերենը գերիշխող չէ․ Լեզվի կոմիտե

Մեզ հարցնում են, թե արդյոք չե՞նք պատրաստվում տուգանել Երևանը օտարագիր ցուցանակներով ողողած տնտեսավարողներին:

Պատասխանում ենք. եղել են ժամանակներ, երբ օտարագիր, օտարալեզու հանրային գրվածքների դեմ պայքարը բավական սուր և անզիջում բնույթ է ունեցել (Լեզվի պետական տեսչությունը շուրջ երկու տասնամյակի ընթացքում բազում դատական գործերի հայցատուն է եղել), սակայն խնդիրը չի լուծվել. Երևանի արտաքին հարդարանքում հայերենը գերիշխող չէ: Իսկ երբ մի քանի տարի առաջ կառավարության որոշմամբ որոշ տեսչությունների ստուգումները կասեցվեցին, վիճակն ավելի վատացավ: Ինչո՞ւ է այսպես, ի՞նչ անել…

Մեր քաղաքացիների մեծ մասը հաճույքով է մտնում օտարագիր ցուցանակ կամ օտարալեզու անուն ունեցող խանութ, հրճվանքով է պատմում, որ գնումները ա՛յդ խանութից է կատարել: Օտար գիրը նրան գրավում է, օտար լեզուն՝ խանդավառում: Սա գուցե համազգային թերաժեքություն է, որով ոչ թե այս կամ այն տեսչությունը պիտի զբաղվի, այլ հոգեբանների խումբը: Օտարագիր ցուցանակները ոչ թե խանութների ճակատներից ու փողոցներից պետք է ապամոնտաժել, այլ մեր մտածողությունից: Օրենքի խախտումով ստեղծված ցուցանակն ու գովազդը մինչև տեղ հասնելը ճանապարհ են անցնում, և ոչ մի կարմիր լույս չի վառվում: Այս բոլորը մենք ենք՝ սպասարկվողը, սպասարկողը, գովազդային գործակալը, տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակիցը...

Լեզվի կոմիտեն իր առաջ խնդիր է դրել ապաքինել մեր հանրային մտածողությունը: Օտարամոլությունը միայն հանրային գրվածքների տեսքով չի արտացոլում մեր ներքին պատկերը: Ցավոք, այն դրսևորման բազում ձևեր ունի: Հուսադրող է, որ լեզվի հարցում մեր հանրության գիտակից հատվածը մեծ զգոնություն է ցուցաբերում, առավել ևս՝ մատնանշում խնդրի խորքային լուծման խելամիտ ճանապարհը:

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները