Աշոտ Բլեյան․ Հաջողությունը պետք է ավելի շատ վերլուծել, քան՝ վատը

0 Մեկնաբանություններ
Աշոտ Բլեյան․ Հաջողությունը պետք է ավելի շատ վերլուծել, քան՝ վատը

Պաշտոնյաները խնդիրները միայն լավ բացատրում են, այլ ոչ թե տալիս դրանց լուծումները։ Հանրակրթությունը պահանջում է՝ հասարակ մարդկանց տալ հասարակ դպրոցներ ու ծրագրեր, հասարակ ճանապարհներ ու լուծումներ։ Պաշտոնյան, որը չի կարողանում դա անել, չպետք է զբաղեցնի այդ պաշտոնը։ Armdaily.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ զրուցել է հանրակրթության, ինչպես նաև կրթությանը վերաբերող այն խնդիրների մասին, որոնք առաջ են քաշվում Երևանի ավագանու ընտրություններին թեկնածուների նախընտրական ծրագրերում։

-Պարոն Բլեյան, հանրակրթության ոլորտի խնդիրները բազմաթիվ են՝ որպես ոլորտի մասնագետ կմատնանշե՞ք այն հիմնական հարցերը, որոնք ուշադրության են արժանի։

-Անընդհատ խոսվում է, որ հանրակրթության ոլորտում «անգիրի դպրոց»-ն իրեն սպառել է։ Սակայն պետք է փաստել, որ օգտագործվող բոլոր գործիքներն «անգիրի դպրոց»-ից են։ Այսօր էլ, չնայած խոսվում է ստեղծականության մասին, շարունակվում է քննություն-ստուգում, վարչարարություն մեթոդը։ Մանկավարժի ստեղծական աշխատանքի արդյունքը պետք է լինի կրթական ծրագիրը, որը պետության անունից իրականացնում է, ծրագրային նյութերը՝ տպագիր ու էլեկտրոնային, ուսուցման կազմակերպման ձևերը։ Դաս-դասարանային համակարգը, որն «անգիրի դպրոց»-ի մասն է, անհրաժեշտ է փոխարինել ճանաչողական ուսուցմամբ, ճամբարներով ու ստեղծագործական հավաքներով։ Վարչարարությունը, ցավոք, հիմա ավելի շատ է նկատվում, քան ամիսներ առաջ։ Լավ կլիներ, որ ստեղծականության ջատագովներն իրենց երեկվա ասածն այսօր իրականացնեին։ Հասկանալի է, որ երեք ամիսը քիչ է, սակայն պետք է  քայլ անել բովանդակություն փոխելու համար, որ հասկանանք՝ երկու ամիս հետո կամ առաջիկայում ինչպիսի արդյունք կտեսնենք։

-Կառանձնացնե՞ք այն քայլերը, որոնք պետք է իրականացնել ոլորտում հաջողության հասնելու համար։

-Հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում՝ կրթության ու գիտությանը վերաբերող կետերը հասկանալի են ու կարող ենք որոշ փոփոխություններ արձանագրել։ Այս կարճ ժամանակահատվածը բավական չէ լուրջ փոփոխությունների համար, բայց, ցավոք, հիմանական քայլերն այդ ուղղությամբ չեն։
Պետք է փոխել ուսուցչի կարգավիճակը՝ ճանաչել ու հարգել նրա ազատությունը, ինչը հնարավորություն կտա առաջ բերել ստեղծագործական աշխատանքի ձևեր, երբ սովորելն ու աշխատելը դառնում է մարդու ներքին պահանջմունք ու մնացած բոլորն օգնում են այդ գործը կատարելու հարցում։ Պետք է ուշադրություն դարձնել հաջողված՝ մեծ ու փոքր օրինակների վրա։ Անհրաժեշտ է դրանք ուսումնասիրել, բերել օրակարգ, իսկ հաջողության համար՝ հասարակությունն ու պետական կառավարման իշխանություններն ունենան իրենց ներդրումը։

-Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերում կրթությանը վերաբերող դրույթները հիմնականում չեն տարբերվում։ Կրթության իրավունքի իրացման համար ինչպիսի՞ առաջարկներ ունի կրթության հեղինակային ծրագրի հիմնադիրը՝ Դուք։

-Այնպիսի տպավորություն է, որ մինչև հիմա չեն ցանկացել փոփոխություններ կատարել՝ կարծես թշնամի են եղել ու հիմա դարձել են երևանցիների բարեկամները։ Հանրակրթության վերաբերյալ առաջադրած ծրագրային դրույթները միանման են, ինչպես տրանսպորտին վերաբերող խնդիրները։ Երևանը հանրային տարածք է և առանց մատչելի ու հասանելի տրանսպորտի չի կարող քաղաք համարվել․ այս առումով մենք ապրում ենք վայրի իրականության մեջ։
Թեկնածուներն ամբողջ նախընտրական քարոզարշավն անց են կացնում հեծանվով ու ոտքով՝ փորձելով ցույց տալ՝ ինչպես են իրականացնելու այն, ինչ հրապարակել են։

Հանրակրթության մեջ ևս պետք է ցույց տալ ճանապարհներն ու ներդնել լուծումները։ Հաջողությունը պետք է ավելի շատ վերլուծվի, քան՝ վատը։ Հաջողության, օրինակների վրա պետք է կառուցել նորը։ Օրինակ՝ Բլեյանի դպրոցի հաջողությունը միայն տնօրենին չէ՝ տասնյակ ուսուցիչներ, մարդիկ կարողացել են ստեղծել անսովոր՝ հետաքրքիր ու զարգացող միջավայր, հավաքանի՝ ստեղծագործ ուսուցիչ։ Ինչու՞ չի կարելի այսպիսի հեղինակային դպրոցի օրինակը տարածել՝ դարձնել ցանցային, ինչը մենք առաջարկել ենք ու պատասխան չունենք։

-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, Ձեր մատնանշածին հասնելու համար։

-Հեղինակային դպրոցի հեղինակն ուսուցիչն է։ Դրա համար պետք է ճանապարհ անցնել։ Ինչպես Կոմիտասն էր ասում՝ բերնեն ականջ շատ է կարճ, խոսքեն գործ՝ շատ երկար։ Այսօր պետք է խոսքից անցնել գործի։ Հանրակրթությունը պետք է կենտրոնանա իր համայնքի, բնակավայրի, բնակչի խնդիրների ու կարիքների լուծման համար։

Բոլորին ստիպեցին անցնել 12-ամյա պարտադիր կրթության, հիմա էլ պիտի պատժեն ու ստուգեն։ Այն, ինչ 12-ամյա պարտադիր կրթությունն իրավունք ուներ գոյություն ունենալ միայն՝ բազմաձև ու բազմաբովանդակ, բազմաստիճան լինելու դեպքում։

Կարևոր է՝ ինչպես աշխարհի  լավագույն համալսարաններին ուսանողներ տալը, այնպես էլ օրինակ՝ սահմանամերձ գյուղերի դպրոցները՝ իրենց միջոցներով, ծրագրով ու նպատակադրմամբ երկրագործությանը մասնակից դարձնելը, իրական երկրագործ ունենալը։
Այդպիսի գյուղերի դպրոցները, եթե չմասնակցեն երկրի շենացմանը, հողը կդառնա անպետք, ու այն ուսանողը, որը կգնա արտասահմանում սովորելու՝ էլ հետ չի գա։

-Ավագանու թեկնածուները քարոզարշավի ժամանակ շատ  են խոսում նախդպրոցական կրթությանը վերաբերող խնդիրների մասին։ Ինչպիսի՞ լուծումներ եք առաջարկում։

-Նախընտրական ծրագրերում կարող են շատ բարձր հնչող առաջարկներ անել, սակայն՝ ինչպես պետք է դա իրականացնել՝ հասկանալի չէ։ Նախադպրոցական կրթությանն աջակցելու փոխարեն՝ գնացին հեշտ ճանապարհով։ Մսուրային խմբերը փակվեցին ու դա զարմանալի չէ։ Երիտասարդ կանայք ցանկանում են աշխատել, գործատուն էլ չի կարող երեք տարի սպասել, մյուս կողմից էլ մասնագետն այդ ժամանակահատվածում կորցնում է մասնագիտական որակները։
Մենք այդպես չարեցինք մատչելի պայմաններով՝ ինչն ավելի հարմար է, քան դայակ վարձելը, ստեղծեցինք մանկապարտեզային խմբեր։ Ես հայտարարեցի, որ պետությունը ժամկետ սահմանի և ավերվող մանկապարտեզային տարածքները պայմանագրով հանձնի մեզ, ու ասի՝ քանի տեղ է անհրաժեշտ։ Ինչ վերաբերում է գումարին՝ պետությունը որքան ծախսում է մեկ երեխայի համար, պետք է վճարեր կիսով չափ։ Դրա արդյունքում մանկապարտեզի պահանջ ունեցողների հարցը կլուծվեր ու կստեղծվեր այդքան աշխատատեղեր։ Այսպիսով մենք կօգնեինք այն նոր խմբերին, ովքեր կցանկանային նախադպրոցական կրթության ծրագրի ցանց ներդնել։

-Կառավարությունը նախատեսում է մինչ 2020 թվականը Հայաստանում ներառական կրթությունը դարձնել համընդհանուր։ Ինչ կարծիք ունեք այս հարցի հետ կապված։

-Կան բաներ, որոնք համառորեն չեմ հասկանում։ Ես չեմ հասկանում ոչ ներառական կրթություն ասվածը, քանի որ հանրակրթությունը բոլորի համար է։ Այլ հարց է, որ կան կրթության հատուկ պայմանների կարիք ունեցողներ՝  դրանք շատ քիչ երեխաներ են՝ առանձնահատուկ, որոնք հանրակթության մեջ չեն կարող ընդգրկվել։ Մյուսներն ունեն խնդիրներ, որոնք կապված են միջավայրի հետ, և առանց նրանց հանրակրթությունը՝ ընդդեմ մարդու, հասարակության է։ Մեր կրթահամալիրը 1989 թվականից եղել է ամբողջական ներառական։ Մենք ջոկողություն չենք դրել՝ լսողության, տեսողության խնդիրն, հենաշարժողական դժվարություններ ունեցող երեխաների մեջ։ Բոլորս պետք է աջակցենք այդպիսի երեխաների ինտեգրմանը, քանի որ ներառական կրթությունն իրական հանրակրթության հոմանիշն է։ Յուրաքանչյուր ուսուցիչ, ով մտնում է հանրակրթական դպրոց՝ ամբողջական ներառականության պատասխանատուն է։ Հնարավոր է՝ ուսուցիչները դժվարություններ ունեն, սակայն անհարժեշտ է առավելագույնս աջակցել նրանց՝ ցույց տալով, որ հնարավոր չէ ընդդեմ հասարակությանը գործել, քանի որ դա կլինի խտրություն՝ ինչն արդարացում չունի։ 

Մարգարիտա Մխիթարյան
 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները