Հանձնիր զարդերդ եւ հանգիստ քնիր, թե որտեղից քեզ այդքան զարդ․ Աննա Հակոբյանը՝ Փառանձեմի եւ Էվիտայի արանքում

0 Մեկնաբանություններ
Հանձնիր զարդերդ եւ հանգիստ քնիր, թե որտեղից քեզ այդքան զարդ․ Աննա Հակոբյանը՝ Փառանձեմի եւ Էվիտայի  արանքում

Մի քանի օր է անցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այն հայտարարությունից, որով կոչ է անում պաշտոնյաների, օլիգարխների կանանց իրենց թանկարժեք զարդերը, կամ դրանց մի մասը նվիրաբերել ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մոր նորաբաց հիմնադրամին։

Այս կոչն իր բնույթով շատ նման էր մոտ 15 տարի առաջ Միացյալ Նահանգներում և հետագայում Ռուսաստանում պտտվող սոցիալական գովազդի հոլովակներին, որոնք մարդկանց գիշերը հանգիստ քնելու բանաձև էին հուշում․

«Վճարի՛ր հարկերը և հանգիստ քնիր»։

Ամեն դեպքում, եթե կոչի հիմքում այդ մեսիջն էր, ապա դրան պետք է հաջորդի զարդերի հանձնման դիմաց որևէ հարցում համաներում անելու զիջումը, ինչը կլինի բարձին գլուխը հանգիստ դնելու գրավականը։ Եթե չկա այդ համաներումը և միայն բարոյական հարթակում է պատկերվում   կոչը, ինչպես նաև այն զուտ անքնության դեմ պայքարի հերթական միջոց է, ապա դժվար թե գտնվեն զարդեր հանձնողներ, եթե միակը չլինի, օրինակ Առաքել Մովսիսյանի տիկինը։

Սովորաբար զարդ նվիրաբերելու կոչեր արվում են պատերազմական, ծայրահեղ իրավիճակներում, երբ անհրաժեշտություն է առաջանում զենք գնելու հանգանակության։ Զարդեր հանձնելու կոչեր ժամանակին արվել են նաև եկեղեցաշինության համար։ Հայ ժողովրդի համար նման կոչը խորթ չէ, եկել է պատմությունից դեռ, երբ շրջափակման մեջ գտնվող թագուհիները ոչ միայն զարդեր էին հավաքում, վաճառում, այլև որսում էին իրենց պատուհանների  տատրակներին արքունիքը կերակրելու համար։ Եփում էին իրենց կաշվե գոտիներն ու դրա արգանակը բաժանում մարդկանց։

Աննայի կերպարն ու գործելաոճը միգուցե բնական ազնիվ մղումներն ունի, սակայն 21-րդ դարում աղավնաորսն ու գոտի խաշելու քայլերը որքանո՞վ են տեղին։ Ճիշտ է արդյոք հիբրիդ անել, խառնել ժամանակաշրջանները, արձագանք չգտնելու ռիսկի դիմել՝ խաղալով մարդկանց զգացմունքային դաշտի հետ և որ ամենավտանգավորն է արժանանալ քմծիծաղի։ Արդյո՞ք մենք շրջափակման մեջ ենք, արդյո՞ք ծայրահեղ ծանր վիճակում ենք, որ մեկ ադամանդե վզնոցը 10 նռնակ է արժենալու և 10 թշնամու է խոցելու․․․

Իրավիճակն այսօր լրիվ այլ է, և Փառանձեմ թագուհու սխրանքները կրկնելու ոչ կարիք կա, ոչ էլ՝  նպատակահարմարություն։ Առաջին տիկնոջ կոչի մեջ նաեւ վտանգավոր տարր կա, մինչ նրա վարչապետ ամուսինը ուժային կառույցների հետ միասին օրնիբուն փնտրում են ապօրինի հարստացածներին՝ քննելով, զննելով նրանց ունեցվածքը, բանկում պահ տված փողերը, Աննա Հակոբյանը կոչ է անում հանձնել զարդերը՝ մտավախություն չունենալով, որ դրանով կոչնչանան փողերի լվացման հանգամանքով հարուցվելիք տասնյակ գործեր, իսկ պոտենցիալ հանցագործները կամ նրանց կանայք կվախենան իրենց զարդերը ի ցույց դնել՝ վախենալով դրանք նվիրաբերելուց եւ ակամայից իրենց դեմ իրավապահների ուշադրությունը սեւեռելուց։

Այս մարտավարությունն ընդհանրապես ժխտում է բլոկադայի և ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված լինելու Հայաստանի դրությունը և հիշեցնում է նման գործերի հիմնադիր և խորհրդանիշ հանդիսացող Էվիտայի տեռորիստական և ագրեսիվ բնույթի գործունեությունը։ Նախորդ դարի կեսերին Արգենտինայի նախագահի տիկինը ոչ միայն դարձել էր բարձրաստիճան սպայակազմի և պաշտոնյաների ահ ու սարսափն, այլև նրանից խուսափում էին պաշտոնյաների կանայք։ Բանը հասել էր նրան, որ կանայք ապահովության համար բոլոր այն վայրերում, որտեղ հայտնվելու էր Էվիտան, այցելում էին հասարակ հագուստներով և առանց զարդերի՝ վախենալով, որ արկղով ման եկող Էվիտան բոլորի ներկայությամբ խլելու և արկղն է գցելու իրենց թանկարժեք զարդերը։ Էվիտան համարվում էր Արգենտինայի փաստացի նախագահը, ինչպես նաև նա կարողացել էր իսպառ մոռացության տալ արվարձանում իր ծնված լինելն ու կասկածելի կյանքով ապրելը։

Սովորաբար նման բան հաջողվում է թույլ ամուսին ունեցող ուժեղ, կամային և կյանքի հարվածների դիմաց այլ մարդկանցից վրեժ լուծողներին։ Մեր դեպքում այս տարբերակն էլ է բացառվում։ Փաստորեն Էվիտա ու Փառանձեմ լինելու որևէ պատճառ չունեցող կնոջ հետ գործ ունենք, ում քայլերը մեկը մյուսի հետևից ոչ միայն մանրացնում, այլև մեր պետությունը պետությունից վերածում են տնավարի մի շինության, որտեղ իրար շորեր հագնող և յոլա գնացող աղքատ բազմազավակ ընտանիք է ապրում։ Նման իմիջով ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանին ներկայանալը պատիվ չի բերելու։ Ի դեպ, սեփական ունեցվածքը ուրիշին նվիրաբերելու կոչեր անելը կարծես առաջին տիկնոջ սիրելի զբաղմունքը լինի։

Հիշենք թեկուզ Աննայի կոչը, որով դիմում էր ժողովրդին իրենց ազատ տներում կամ սենյակներում այլ մարդկանց ժամանակավոր կացարան հատկացնելու մասին։ Որպես օրինակ սեփական տանը մեկ այլ ընտանիքն իհարկե նա ապաստանեց, սակայն հիմա մութուլույս տարիները չեն, չունենք փախստականներ և գլոբալ խնդիրները նորմալ, ոչ թե իրավիճակային կիսատ-պռատ լուծումներ են պահանջում։ Սրանք զգայացունց, միանգամյա օգտագործման, գուցե շատ սրտաբուխ, բայց պետության համար որևէ խնդիր չլուծող կոչեր ու քայլեր են։ Բացի դրանից բավական ժամանակավրեպ են ու անտեղի։ Խնդիրները պետք է համակարգված և պետական մակարդակով լուծել։

Քաղաքացիական նախաձեռնություններն անհրաժեշտ օժանդակություն կստանան, եթե հետաքրքրություն շարժեն։ Մի անգամ արդեն Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ ամունու հետ օտարերկրյա այցերին ներկայանալը որոշում է արարողակարգը։ Բարի խորհուրդ կլինի արարողակարգին կամ նրա գրասենյակին կամ էլ թեկուզ իմիջային հարցերով զբաղվողներին հետևեն տիկնոջ ելույթներին, գոնե միայն նրա համար, որ օրինակ Արմենակ Ուրֆանյանի մոր բացած հիմնադրամը չմնա առանց ներդրումների։

Հ.Գ. Հետաքրքիր է նաեւ, որ Աննա Հակոբյանը ևս հիմնադրամ ունի, բայց իր հիմնադրամի համար նա որևէ մեկին զարդեր նվիրաբերելու կոչ չարեց։ Այսպես ասած՝ մաքուր պահեց իր հիմնադրամը՝ անսալով Սփյուռքի գումարներին և ամուսնու անվան տակ եկող նվիրաբերություններին։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները