Վերա Հարությունյան․ Արարելով Ամերիկայում՝ չեմ ժխտում վերադարձի հնարավորությունը հայրենիք

0 Մեկնաբանություններ
Վերա Հարությունյան․ Արարելով Ամերիկայում՝ չեմ ժխտում վերադարձի հնարավորությունը հայրենիք

Քսան տարի Հայաստանից բացակայելուց հետո ամերիկաբնակ, հանրաճանաչ նկարչուհի Վերա Հարությունյանը 2017 թվականին մեծ ոգևորությամբ է ընդունել առաջարկը՝ մասնակցելու «Ծագումով Հայեր» հաղորդաշարի 10-ամյա հոբելյանին ու Հայաստան-Սփյուռք համաժողովին։ Armdaily.am-ը նկարչուհու հետ զրուցել է իր արվեստի, Երևանի, հեղափոխության ու առաջիկա ընտրությունների մասին։

-Հայաստանում վերջին անգամ եղել եք մեկ տարի առաջ։ Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել և ինչպիսի՞ ակնկալիքներով ենք նորից գալու Հայաստան, որտեղ հեղափոխություն է տեղի ունեցել։

-Առիթ ունենալով շփվելու բարձրաստիճան պաշտոնյաների և աշխատավոր մարդկանց հետ, սարսափելի էր տեսնել նրանց միջև գոյություն ունեցող վիթխարի անջրպետը։ Ցավով պետք է խոստովանեմ՝  հիասթափություն ապրեցի։ Մեր իմաստուն, ջանասեր ու ստեղծագործ ժողովուրդն աղքատ էր, լքված, նվաստացած, անհույս ու անհավատ վաղվա օրվա հանդեպ, քանի որ ամենուր անօրինականություն ու անտարբերություն էր տիրում։

Երբեմնի վարդագույն ու սիրո քաղաք Երևանը ողողվել էր անճոռնի ճարտարապետությամբ ու դարձել սառն ու անդեմ։ Հայաստանի ոչ բարեկեցիկ ճանապարհներն ինձ տարան դեպի՝ դարերի խորքից եկող, մեր հպարտություն հադիսացող պատմա-ճարտարապետական կոթողներ, որոնք նույնպես հավատքի պակասից ցավացած, կարծես աղերսում էին վերականգնել իրենց վեհ արժանապատվությունը։ Այս ամենն ինձ ուղիղ իմաստով հիվանդացրեց՝ իմ ողջ շրջագայության ընթացքում ջերմության մեջ այրվում էի։ Հայրենիքում ամեն մի եկեղեցի մտնելիս միակ աղոթքս Հայաստանի և ազգիս փրկության խնդրանքն էր։
Հիմա ցնծությամբ եմ տոգորվել հեղափոխության այս հուժկու ալիքից։ Լիովին վստահ եմ, որ մեր խելացի երիտասարդությունը ճիշտ ուղու վրա է և շուտով կկերտի հայրենիք, որտեղ ամեն հայ կցանկանա ապրել հպարտորեն։

-Արդեն երկար տարիներ է ստեղծագործում եք, ստեղծում եք կտավներ, որոնք ներկայացված են աշխարհի շատ երկրներում։ Հայաստանցիները ե՞րբ հնարավորություն կունենան տեսնել իրենց հայրենակցուհու ստեղծագործությունները մեր երկրում։

-Պատիվ եմ ունեցել նվաճել աշխարհի մի շարք լավագույն պատկերասրահներ՝ գրավելով լուրջ արվեստաքննադատների ուշադրությունը։ Սակայն կարևորագույն երազանքներից մեկը Հայաստանում ցուցադրվելն է՝ հայրենակիցներիս իմ արվեստը ճանաչելու հնարավորություն տալը։ Տարիներ ի վեր նախարարներ, այլ պաշտոնյա անձիք իրենց հիացմունքն են արտահայտել ստեղծագործություններիս հանդեպ և առաջարկություններ արել հայրենիքում ցուցահանդես կազմակերպելու հարցում, սակայն մինչ օրս ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվել։ Հուսանք ժամանակակից փոփոխությունները կնպաստեն նաև դրա իրականացմանը։

-Ստեղծագործում եք յուրահատուկ կերպ՝ ոչ թե վրձինով, այլ մատնրով։ Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում և արդյոք հեշտ է վրձնով նկարելու փոխարեն անել դա մատներով։ Ո՞րն է դրա գաղտնիքը։

-Երկար ժամանակ վրձնով և այլ տրադիցիոն մեթոդներով նկարելուց հետո, հասա մի վիճակի, որ այլևս ինձ չէր բավարարում այդպես ստեղծագործելը։ Անհրաժեշտություն զգացի ներկերին անմիջապես հպվել, շոշափել, մատներով զգալ արձակած ջերմությունը, խաղալ գույների այդ կախարդական աշխարհում ու լիովին ձուլվել ստեղծագործության հետ։ Այսպես ծնվեց ձեռքերով նկարելու հաճույքը։ Ստանալով գույների էներգետիկ ալիքները՝  այն մատների միջոցով կտավին եմ հաղորդում։ Սա է ողջ գաղտնիքը։ Դա իրականանում է ենթագիտակցորեն ու պոռթկուն արագությամբ՝ արդյունքում կտավը ծածկվում է գունեղ իմպուլսներով։

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում, որով կցանկանայիք կիսվել Ձեր արվեստը գնահատողների հետ։

-Ծրագրերս շատ են ու հագեցած, ապրում եմ բուռն ստեղծագործական կյանքով։ Անընդհատ ցուցահանդեսների առաջարկներ եմ ստանում մի շարք երկրներից և ինչպես անկուշտ երեխա՝ փորձում եմ մեկը մյուսի հետևից իրականացնել։ Նախապատվությունը տալիս եմ այն վայրերին, որտեղ դեռևս չեմ եղել, քանզի շրջագայել շատ եմ սիրում ու փորձում եմ ցուցադրությունն ու ճամփորդությունը համատեղել։ Ինձ համար ամենահաճելին՝ չծրագրված ցուցահանդեսներն ու անակնկալ միջոցառումներն են։

-Շուտով երևանցիները կընտրեն նոր քաղաքապետ։ Թեկնածուների մեջ շատ են հայտնի մարդիկ։ Ունե՞ք նախընտրած թեկնածու և ի՞նչ խնդիրներ կան մեր քաղաքում, որոնց հանդիպել եք այստեղ գտնվելու ժամանակ ու կցանկանայիք լուծված տեսնել։

-Այս հարցն ուղղել մի մարդու, ով 27 տարի ապրում է ԱՄՆ-ում, կարծում եմ ճիշտ չէ։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում կարծիք հայտնել այս մասին։ Չնայած ծնվել, մեծացել ու կրթվել եմ Երևանում ու մեծ ուշադրությամբ հետևում եմ իրադարձություններին։ Կցանկանամ քաղաքապետ դառնա այնպիսի երևանցի, որը քաղաքի մասին հոգ կտանի այնպես, ինչպես իր մորը և այն կդարձնի ՄԱՅՐԱՔԱՂԱՔ։

-Հնարավո՞ր է՝ գա ժամանակ, որ Երևանից ԱՄՆ տեղափոխված Վերա Հարությունյանը վերադառնա Հայաստան։

-Լիարժեք ապրելով և արարելով Ամերիկայում, ես երբեք չեմ ժխտում վերադարձի հնարավորությունը։ Առաջ ԱՍՏՎԱԾ։

Մարգարիտա Մխիթարյան

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները