Թուրքիայում հայ երիտասարդների խոսակցական լեզուն թուրքերենն է

0 Մեկնաբանություններ
Թուրքիայում հայ երիտասարդների խոսակցական լեզուն թուրքերենն է

Ժամանակակից Թուրքիայում հայոց լեզվի պահպանումը կարևոր  խնդիր  է։ Ստամբուլի հայկական մամուլը հայապահպանության և լեզվի պահպանման հարցում մեծ դեր ունի։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ArmDaily-ին զրուցեց այս օրերին Երևանում գտնվող պոլսահայ մտավորական, «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր Մաքրուհի Բ․ Հակոբյանի հետ։  «Մարմարա» թերթը հրապարակվում է Ստամբուլում՝ նյութերը հիմնականում Սփյուռքի հայությանը։

Փոխխմբագրի խոսքով՝ «Մարմարա» թերթը մեծ կարևորություն և նշանակություն է տալիս հայապահպանությանը, և իրենց հոդվածներում ավելի շատ գրական-գեղարվեստական խոսքն է կարևորվում, որպեսզի պահպանվի արևմտահայերենը։

«Մենք լուրերը հիմնականում գրում ենք հայերենով ու փորձում ենք որքան հնարավոր է պարզ ու հասկանալի լինեն դրանք։ Չենք գրում չոր ու միայն փաստերով, այլ փորձում ենք զգացում, հոգի, գիր ու գրականություն դնել մեր գրվածքների մեջ, որպեսզի օտարության մեջ ապրող հայերին էլ ավելի չօտարացնենք իրենց լեզվից»,- ասաց Մաքրուհի Հակոբյանը։

Սակայն փոխխմբագրին հայերենով գրելուց բացի մտահոգում է այն փաստը, որ հատկապես ստամբուլահայ երիտասարդների խոսակցական լեզվից հայերենը դուրս է մղվում, նրանք խոսում են հիմնականում թուրքերեն։

«Ինչպես բոլոր երկրներում, փոքրամասնությունները, ի վերջո, ենթարկվում են տվյալ երկրի քաղաքականությանը, տեղական լեզվով խոսելուն։ Նոր սերունդները ավելի շատ թուրքերեն են խոսում, քան՝ հայերեն։ Հայերենի գործածությունը կամաց-կամաց դադարում է։ Թե՛ աշխատավայրում, թե՛ շրջապատում հիմնականում թուրքերենով են շփվում, և նույնիսկ տանը կարող ենք հայերեն հարցնել, բայց երեխաներից պատասխանը լսել թուրքերնով։ Իմ կարծիքով սա մեծ խնդիր է,-նկատեց նա։

Նա հավաստիացրեց, որ Ստամբուլում հայ մտավորականները  հետևում են թուրքական լուրերին, և առանձնացնում են այն նյութերը, որոնք վերաբերում են հայերին, ցեղասպանությանը, մեր խնդիրներին։

Երևանյան այցի շրջանակներում «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիրը Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ քննարկել են արևմտահայերենի ու «Մարմարայի» էլեկտրոնային արխիվը Հայաստանում ևս պահպանելուն վերաբերող հարցեր։

 

 

 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները