Գաղտնալսված հայ պաշտոնյաները. ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը կարող են չտխրել

0 Մեկնաբանություններ
Գաղտնալսված հայ պաշտոնյաները. ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը կարող են չտխրել

ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը ստիպեց հիշել հին, հայտնի գաղտնասլման պատմությունները։

Խոսքը ապօրինի, առանց դատարանի որոշման գաղտնալսման մասին է, որը հասանելի է դարձել հանրությանը, հրապարակվել է։ Այսպես, 2007թ «Գոլոս Արմենիի» թերթը հրապարակել էր «Մարկո Պոլո» սրճարանում ձայնագրված  Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի զրույցը, որտեղ, ըստ հրապարակման, Բաղդասարյանը փորձում էր փոխդեսպանին ներգրավել ԱԺ ընտրություններին`դրանց վերաբերյալ բացասական գնահատականներ ստանալու համար։

2007-ի ապրիլի 27-ին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնում է այս զրույցին.

«Դժվար է պատկերացնել, որ խորհրդարանի նախկին նախագահը կարող էր այդքան ցած իջնել։ Ես իրավաբան չեմ եւ չեմ ուզում իրավաբանական տերմիններ օգտագործել, բայց ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է։ Ավելին, դավաճանության այլանդակ դրսեւորում՝ այնքանով, որքանով ՕԵԿ-ի նախագահին ոչ թե բռնել են, խոշտանգել եւ ստիպել, այլ ինքը, իր սեփական նախաձեռնությամբ, ընտրություններից դեռ 3 ամիս առաջ, օտարերկրյա դիվանագետին համոզում էր ամեն ինչ անել, որ ընտրությունները վատ գնահատական ստանան։ ...Մեկ անգամ դավաճանողը ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»։

Ապա Քոչարյանը դիմել էր ընտրողներին եւ «Օրինաց երկիր»-ի շարքային անդամներին` կոչ անելով լավ մտածել, թե ում հետ են ուզում ճանապարհ գնալ։ Իհարկե, այս ամենից հետո Բաղդասարյանը որպես ընդդիմադիր մասնակցեց ԱԺ ընտրություններին, հետո` նախագահական ընտրություններին, իսկ մարտիմեկյան սպանդից մեկ օր առաջ` նույն այդ իշխանությունների հետ, ովքեր իրեն «դավաճան» պիտակն էին կպցրել, ստորագրեց կոալիցիոն հուշագիր, հետո էլ դարձավ ԱԽՔ։

Հաջորդ ապօրինի գաղտնալսման հերոսները այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանն եւ Լեւոն Զուրաբյանն էին։

2012-ին «Ռիչ» սրճարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Զուրաբյանը կանխատեսում էր, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության դեպքում «գծից դուրս» եկողներ կլինեն:

«Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են շարժվում. ասելու են` դնենք, մորթենք սաղին: Ներսից իրանք են գործելու, դրսից՝ միշիկները, պլյուս` արդեն դուրս եկածները` Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան եւ այլն, եւ այլն, դառնալու ա շատ դժվար կառավարելի բան»,- Օսկանյանի մոտ անկեղծացել էր Զուրաբյանը:

Այս զրույցի ձայնագրման առիթով հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՔԾ-ն անգամ միջնորդություն էր ուղարկել ԱՄՆ իրավապահ մարմիններին` պարզելու, թե ով էր համացանցում տեղադրել ձայնագրությունը, սակայն այդպես էլ հանցագործին (ներին) չեն կարողացել գտնել, գործն էլ կասեցվել էր։

Այնպես որ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարները կարող են շատ չտխրել, իրենցից առաջ էլ են գաղտնալսել, իրենցից հետո էլ կգաղտնալսեն։

Նշենք, որ նման հանցագործություններ տարբեր երկրներում լինում են, սակայն գաղտնալսումը պետության մենաշնորհն է եւ պետությունը ամեն ինչ պետք է անի, որ նման հնարավորությունից զուրկ լինեն մասնավոր խմբերը՝ կրիմինալ, ֆինանսական, քաղաքական եւ այլն։

Բացի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի կտրուկ ոտնահարում լինելուց, գաղտնալսումը նաեւ վտանգում է ազգային անվտանգությունը, հատկապես՝ պատերազմական իրավիճակում գտնվող երկրների դեպքում։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները