Ուժայինները ասֆալտին հաջորդ պառկողներին են փնտրում. փոքրիկ «սպռավչկա»՝ ով է օլիգարխը

0 Մեկնաբանություններ
Ուժայինները ասֆալտին հաջորդ պառկողներին են փնտրում. փոքրիկ «սպռավչկա»՝ ով է օլիգարխը

Երեկվա թոփ թեման օլիգարխների թիկնազորներին ասֆալտին պառկեցնելու օպերացիան է։ Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզչական ամբիոնից հանձնարարել էր ԱԱԾ պետին եւ ոստիկանապետին երկու ժամում զեկուցել թիկնաթափ անելու օպերացիայի արդյունքները, սակայն ծիծեռնակների մասին լսեցինք օրվա ավարտին։

Ըստ այդմ՝ Փաշինյանի հրահանգին անսալով՝ իրավապահները բառիս բուն իմաստով ասֆալտին պառկեցրին Սամվել Ալեքսանյանի եւ Խաչատուր Սուքիասյանի թիկնազորներին։

Նախ, հանրության մոտ հարց էր առաջանում՝ ինչ իմաստ ուներ՝ այդ բոյով, բուսաթով, հաղթանդամ, տուն-կնիկ-երեխա ունեցող տղաներին պառկեցնել ասֆալտին, կարող է նրանք «կուլտուրական ներխուժում էին» ոստիկանական մեքենան եւ կամավոր գնում բաժին։ Բայց չէ, իրավապահները բառացի էին հասկացել Փաշինյանին եւ փորձել բառացի իրագործել։ Ու այդ հարցում անգամ չօգնեցին Սամվել Ալեքսանյանի ողջ օրը ԱԺ-ում արտաբերած չքմեղանքի խոսքերը՝ «թիկնապահ չունեմ, զենք չունեմ, օլիգարխ չեմ»։

Թիկնաթափ եղած մյուս գործարարի ընտրությունը եւս պատահական չէր։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանը եւ Խաչատուր Սուքիասյան մտերիմ են եղել, 2008թ, ՀԱԿ-ի կազմում պայքարել ռեժիմի դեմ, տարիների ընթացքում պահել են իրենց հարաբերությունները, եւ այս քայլով վարչապետը փորձեց ցույց տալ, որ իր հայտարարություններում անդրդվելի է, սկզբունքային, եւ անգամ յուրային Սուքիասյանի թիկնազորին կարող է ասֆալտին պառկեցնել։

Պատգամավորները շարունակում են արդարանալ՝ օլիգարխ չենք, զենք, թիկնապահ չունենք, բայց հավատացողն ո՞վ է, ուժայինները ասֆալտին հաջորդ պառկողներին են փնտրում։ Եւ որպեսզի մեր պաշտոնյաները արդարանալու անիմաստ փորձեր չանեն, փոքրիկ «սպռավչկա», թե ով է օլիգարխը։

Ըստ այդմ՝ օլիգարխիան մարդկանց խումբ է, որն իր ձեռքն է  կենտրոնացրել քաղաքական, տնտեսական, ռազմական իշխանությունը։  Օլիգարխների և օլիգարխիայի մասին առաջին հիշատակումներից մեկը տեղ է գտել անանուն հեղինակի «Տարեց օլիգարխը» (The old oligarch) աշխատությունում։ Սա հունարեն առաջին արձակ ոճի աշխատանքն է, որով հեղինակը ներկայացրել է իր արձագանքը Հունաստանում տիրող օլիգարխիկ համակարգին։ Հետխորհրդային շրջանում «օլիգարխ» են անվանում հիմնականում գործարարներին, որոնք խորհրդային կարգելի փլուզման և կապիտալիստական կարգերի հաստատման ընթացքում կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել հսկայական կապիտալ։ Այս երևույթը առավել վառ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։

Այսօր օլիգարխներին գտնելուց առավել կարևոր հարց է թացը չորին չխառնելը, այլ կերպ ասած «պառկողների» մեջ այնպիսի մարդկանց հայտնվելու բացառումը, որոնց մեկ ժամից բաց են թողնելու։ Ի դեպ, դեռեւս 2010թ՝ ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում Սերժ Սարգսյանը եւս անդրադարձել էր թիկնապահների խնդրին .

« Ավելորդ չեմ համարում զգուշացնել, որ ինձ համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել մեր երկրում. իմ դիրքորոշումը հստակ է` թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահամանված դեպքերում, օրենքով սահմանված չափի և ձևի մեջ»:

Նախագահը նշել է, որ այս հարցում օրենսդիր մարմինն անելիք ունի: Դրանից հետո շատերը թիկնապահների հետ նույն մեքենայով էին երթեւեկում՝ աչքի չընկնելու եւ նախագահի խոսքը գետնով չտալու համար։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները