Նիկոլ Փաշինյանը՝ հանուն Գագիկ Ծառուկյանի եւ ընդդեմ էժան եւ որակյալ ցեմենտի

0 Մեկնաբանություններ
Նիկոլ Փաշինյանը՝ հանուն Գագիկ Ծառուկյանի եւ ընդդեմ էժան եւ որակյալ ցեմենտի

Կառավարությունը նախորդ նիստում որոշում է ընդունել, ըստ որի՝ տեղական արտադրությանն աջակցելու նպատակով Իրանից ներկրված ցեմենտի 1 տոննայի համար սահմանել է 22 000 դրամ մաքսատուրք։ Սա ներկրված ցեմենտի գինը կբարձրացնի տեղական արտադրության ցեմենտի գնի մակարդակին և թույլ կտա հայկական արտադրողներին մրցունակ դառնալ շուկայում։ Հնարավոր է այս որոշման մասով Փաշինյանի Իրան այցի ժամանակ ինչ-որ բան է քննարկվել, փոխվել, այս մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա։ Իսկ եթե ոչինչ չփոխվի, ապա օրինագիծը կքննարկվի եւ հավանաբար կընդունվի ԱԺ-ում։ Այդ դեպքում Իրանից ցեմենտ ներկրելը ոչ եկամտաբեր կլինի, եւ հայ շինարարները կզրկվեն մեր հարեւան երկրից էժան եւ որակով ցեմենտ բերելու հնարավորությունից։

Ինչո՞ւ են իրանականը նախընտրում հայկականից

Մասնագետները նշում են, որ Իրանում գազի էժան լինելու պատճառով ցեմենտի ինքնարժեքը ցածր է, մեր տեղական ցեմենտը չի կարող մրցակցել դրա հետ, քանի որ էներգակիրների ծախսերը շատ են։ Դրանից բացի՝ իրանական ցեմենտը բարձր որակ ունի, այն արագ չորանում է, չորանալուց հետո էլ հնարավոր չէ քանդել։

Համեմատության համար նշենք, որ այս բարձր որակի իրանական ցեմենտի 1 տոննան Հայաստանի շուկայում արժե շուրջ 51 000 դրամ։ «Արարատցեմենտի» բարձրորակ արտադրանքը, որ որակով զիջում է իրանականին, արժե 64 000 դրամ։

Global Cement ամսագիրը գրել էր, որ Իրանը մտնում է աշխարհում ցեմենտի խոշոր արտադրողներին լավագույն տասնյակի մեջ. այնտեղ ցեմենտի շուրջ 70 գործարան կա։ Ընդ որում` իսլամական հեղափոխությունից հետո արտադրությունը չի կրճատվել, այլ հակառակը, անդադար աճել է։ 40 տարվա ընթացքում այն աճել է մոտ 5 անգամ։ Իրանական ընկերությունները ուղիներ են փնտրում Արևելյան Աֆրիկայի շուկաներ դուրս գալու համար։

Կառավարության որոշման պատճառը

Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանից Հայաստան ցեմենտի արտահանումը աճել է ավելի քան 3.5 անգամ. մոտավորապես 46-ից մինչև 170 հազար տոննա, ինչը նշանակում է, որ Հայաստանում ցեմենտ արտադրող 2 ընկերությունները` «Արարատ ցեմենտն» ու «Հրազդան ցեմենտը», իրենց արտադրանքի առնվազն 1/3-ը չեն կարողանում իրացնել։ Հենց այս վիճակագրությունն էլ պատճառ է դարձել, որ Կառավարությունը սահմանափակումներ կիրառի հանուն տեղական արտադրողների՝ հանձինս խոշոր արտադրող Ծառուկյանի «Արարատ ցեմենտի» եւ ընդդեմ տասնյակ, հարյուրավոր շինարարների, ովքեր կարողանում էին էժան ցեմենտ ներկրել։

Ծառուկյանի քայլը՝ հանուն իր բիզնեսի՞, թե՞ հանուն տնտեսական հեղափոխության

Գագիկ Ծառուկյանը «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ ՀՀ ներկրվող էժան իրանական ցեմենտի պատճառով տեղական ցեմենտն իրացման լուրջ խնդիրներ ունի: Նա նշել էլ, որ եթե նախկինում 1200 աշխատող ունեցող գործարանը կարողանում էր արտահանել իր ցեմենտը Վրաստան և Իրան, ապա այժմ հակառակ պրոցեսն է՝ օրական Իրանից 500 տոննա էժան ցեմենտ է ներկրվում։ Գործարարը հանձնարարել է նաև արդիականացնել «Արարատցեմենտ» գործարանը, էներգախնայող տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ցեմենտը էժանացնել, արդյունքում 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն այժմ կազմում է 40.000 դրամ, ներառյալ ԱԱՀ:

Սա, իհարկե, ներկայացրել էին իբրեւ տնտեսական հեղափոխության Ծառուկյանի առաջին քայլը, իրականում որոշման նպատակը անձնական բիզնես շահհ էր, ինչպես նաեւ վարչապետի հորդորը՝ ձեռքերը ծալած չնստելու, աշխատել իրենց արտադրությունն արդիականացնելու ու ինքնարժեքն էժանացնելու ուղղությամբ։

Կընդունվի՞ օրինագիծը

Օրինագծի ԱԺ գնալու դեպքում հավանաբար այն կընդունվի՝ հաշվի առնելով, որ նախ քաղաքական մեծամասնությունը կազմող «Իմ քայլը» կսսատարի գործադիրին, եւ սա բխում է նաեւ խորհրդարանական կիսաընդդիմություն ԲՀԿ-ի շահերից, Էդմոն Մարուքյանի 18 լուավորականներն էլ այստեղ ոչինչ չեն կարող փոխել։

Նախագծի ընդունվելու դեպքում, սակայն, մտահոգությունները ավելի կխորանան։ Բանն այն է, որ Իրանի հետ ԵԱՏՄ երկրներն ունեն ազատ առևտրի համաձայնագիր, որն այժմ վավերացման փուլում է։ Դրա ուժի մեջ մտնելուց հետո Իրանից Հայաստան ներմուծվող շուրջ 5000 անուն ապրանքներ ընդհանրապես կազատվեն մաքսատուրքերից, այս հանգամանքը եւս իշխանությունները պետք է հաշվի առնեն, որպեսզի նոր որոշումը կարճաժամկետ բնույթ չունենա՝ անկանխատեսելի հետեւանքներով։

Ինգա Մարտինյան

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները