ԱԱԾ ու ՀՔԾ պետի գաղտնալսման հավանական վարկածները․ Քաղաքագետ

0 Մեկնաբանություններ
ԱԱԾ ու ՀՔԾ պետի գաղտնալսման հավանական վարկածները․ Քաղաքագետ

Ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման նպատակն է ճնշումներ գործադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, իջեցնել նրա վարկանիշը, ցույց տալ, որ նա ամեն դեպքում խառնվում է դատական համակարգի գործերին ու ցուցումներ է տալիս դատավորներին։ Armdaily.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, ու՞մ էր պետք գաղտնալսել և հրապարակային դարձնել ԱԱԾ ու ՀՔԾ պետի խոսակցությունը։ Ինչպե՞ս կանդրադառնա սա Փաշինյանի վարկանիշի վրա։

-Առաջին կասկածյալը Ռուսաստանի հատուկ ծառայություններն են, որոնք աշխարհում ամենաուժեղներից են ու հնարավորություններ ունեն այդպիսի գործողություններ իրականացնել։ Հաջորդը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով ֆինանսական հնարավորություններ ունի դա իրականացնելու համար։ Միայն ամենավերջում կարելի է ենթադրել, որ գաղտնալսումն արվել է ԱԱԾ ներսում։ Սա զգալիորեն կազդի մարդկանց կարծիքի վրա՝ իջեցնելով վարչապետի վարկանիշը, քանի որ պարզ է դառնում, որ վերջինս ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրում է դատական համակարգի վրա։

-Գաղտնալսումը կապված է մարտի 1-ի գործի հետ։ Ի՞նչ կտա դա Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպիսին կլինեն Փաշինյանի հետագա քայլերը։

-Քոչարյանն արդեն հանգիստ հայտարարում է, որ Փաշինյանն անմիջական ցուցում է տալիս ԱԱԾ և ՀՔԾ պետին։ Դրանով փորձ է արվում քաղաքական աստառ տալ Քոչարյանի գործին՝ նրան ներակայացնելով որպես քաղբանտարկյալ։ Նրա առաջին քայլը պետք է լինել ԱԱԾ, ՀՔԾ պետին հեռացնել, որը նա չի անում, սակայն հուսով եմ, որ կանի։

-Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը՝ ինչպես եք գնահատում աշխատանքային այցը։

-Պուտին-Փաշինյան հանդիպումը ոչ պետք է թերագնահատել, ոչ էլ գերագնահատել։ Այն կարելի է որակել բնականոն, որտեղ սակայն որոշակի հարցեր են առաջացել։ Առաջինը վերաբերում է հայ-ռուսական հումանիտար աջակցությանը Սիրիայում, որ նախատեսվում է հայկական խաղաղապահ զորքի ներգրավում ռուսական դրոշի ներքո և ինչու Հայաստանն առանձին չի իրականացնում դա։ Պետք է հասկանալ՝ գնահատված են այն ռիսկերը, որ արևմուտքը կարող է վատ վերաբերել այս համագործակցությանն ու հակաքայլեր ձեռնարկել։ Հույս ունեմ, որ հաշվի են առել հնարավոր հակազդեցություններն՝,ամեն-ինչ համաձայնեցված է և բոլոր ռիսկերը գնահատված են։ Հաջորդը՝ գազի գինն է, որից Պուտինը տեղյակ չէ։

-Կարծիք կա, որ Պուտին-Ալիև հանդիպումն ավելի արդյունավետ է եղել, քանի որ համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, իսկ Փաշինյանի դեպքում՝ ոչ։ Դա այդպե՞ս է։

-Վարչապետ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ դա աշխատանքային այց էր, և ՌԴ նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, որի շրջանակում էլ նախատեսվում են համապատասխան պայմանավորավածություններ։

-Տարբեր քննարկումներ են եղել, որ հայ-ռուսական հարաբերությունները բնականոն չեն։ Ի՞նչ կտա Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ։

-Նկատելի է, որ Ռուսաստանի կողմից որոշակի անվսահություն կա Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ։ Որքան էլ փորձեն թաքցնել այդ փաստը, դա ակնհայտ երևում է ռուսական մամուլում և Կրեմլին մոտ գտնվող փորձագետների արձագանքներից։ Այս փուլում Փաշինյանը ձգտում է փարատել բոլոր կասկածները՝ հասնելով նրան, որ Ռուսաստանը թշնամական քայլեր չանի։ Նա միաժամանակ երկրի ներսում կարգավորելով տնտեսությունը, պայքարում է կոռուպցիայի դեմ։ Բացի այդ Փաշինյանը փորձում է իրեն ապահովագրել արտաքին վտանգներից՝ Ռուսաստանի՝ մեր ներքին գործերին միջամտելու հնարավոր քայլերից։ Դա է պատճառը, որ վարչապետը ինչ-որ կերպ ապահովագրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, որպեսզի երկրի ներսում ավելի մեծ աջակցություն ունենա և Ռուսաստանը ներքաղաքական իրավիճակն իր ձեռքը չվերցինի։

-Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև Ռուսաստանում հայ գործարարների հետ։ Ինչպե՞ս կլինեն հայ գործարարների հետագա քայլերը՝ հաշվի առնելով այնտեղ տեղի ունեցած երկխոսությունները։

-Հայաստանում իշխանություն է փոխվել, և Հայաստանը դեռևս ժողովրդավարական պետություն չէ։ Իշխանափոխությունից հետո գործարարների մոտ որոշակի հարցեր, կասկածներ կան։ Եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական պետություն, նշանակություն չէր ունենա, թե ով կգա իշխանության։ Այս իշխանությունն ընտրել է նոր խաղի կանոններ, ինչը գործարարների մոտ մտավախություն է առաջացնում։ Ռուսաստանահայ գործարարները բոլորովին այլ խաղի կանոններով են գործել Հայաստանում՝ գուցե հարկեր չեն վճարել կամ լատենտ հարկեր են մուծել նախկին իշխանության դրամարկղին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել այդ կանոնները։ Գործարարները պետք է հարմարվեն, փորձեն հասկանալ՝ ինչ է կատարվում, և դա արդյոք իրենց շահերից է բխում։ Հույս ունենանք, որ կառավարությունն առաջիկայում այնպիսի խաղի կանոններ կսահմանի, որ գործարարների բոլոր մտավախությունները կփարատվեն։

-Հայաստանի ներկա իշխանությունները հնարավորություն կունենա՞ն անկախ գործել՝ առաց ճնշումների։

-Ռուսատանը միշտ էլ Հայաստանի վրա ճնշում գործադրելու տարբեր լծակներ է ունեցել։ Դրանք են՝ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները, որոնց ժամանակ առ ժամանակ վռնդել է, Լարսն է փակել արտահանողների համար, Ադրբեջանի ձեռքով պատերազմ է հրահրել, գազի սակագինը փոփոխել և այլն։ Ակնհայտ է, որ այսօր էլ կուլիսներում որոշակի ճնշումներ Հայաստանի նկատմամբ կան՝ հարավոր է դա գործի տեսքով չերևա, բայց վախեցման քաղաքականություն տարվի։ Կարծում եմ՝ Փաշինյանը նպատակ է դրել մեղմացնել կամ վերացնել այդ ճնշումներ, մյուս կողմից Հայաստանի ներսում պետություն կառուցել՝ բոլոր կոռուպցիոն սխեմաները վերացնելով։ Շատ կարևոր է վարչապետի հայտարարությունը՝ ՀԿԵ-ում հայտնաբերված 60 միլիոն դոլար չարաշահումների հետ կապված։ Այն է, որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ Հայաստանում գործող ռուսաստանյան ընկերությունների կոռուպցիոն սխեմաները բացահայտելը ՌԴ-ի կողմից չի դիտարկվելու որպես հակառուսական գործողություն։ Սա ցույց է տալիս, որ այս ճնշումների կարևոր օղականերից մեկը եղել են Հայաստանում գործող ռուսական խոշոր կապիտալային ընկերությունները։ Եթե հավատանք, որ կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը Ռուսատանի կողմից չի դիտարկվելու հակառուսական քաղաքականություն, ապա կարելի է ասել, որ Փաշինյանը քարտ բլանշ է ստացել և հանգիստ կարող է ՊԵԿ-ին ու մյուս վերահսկող մարմինների ուղարկել այդ ձեռնարկություններ։ Դա լավ հնարավորություն կտա Հայաստանի վրա ճնշման մեխանիզմներից մեկը վերացնելու կամ թուլացնելու տեսանկյունից։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները