Ինկած բերդի իշխանուհին ու չորս հրացանակիրները․ որքան կդիմանան Աշոտյանը, Շարմազանովն ու մի քիչ էլ՝ Վիգենը

0 Մեկնաբանություններ
Ինկած բերդի իշխանուհին ու չորս հրացանակիրները․ որքան կդիմանան Աշոտյանը, Շարմազանովն ու մի քիչ էլ՝ Վիգենը

ՀՀԿ-ն դառնում է վետերանների և ամոթից կուսակցությունը չլքածների ակումբ։ Առաջին իմաստունը, ով լքեց ՀՀԿ նավը, Հովիկ Աբրահամյանն էր։ Դե նա չէր կարող բնազդաբար չզգալ նավի մոտալուտ խորտակումը։ Աբրահամյանի անեծք կոչենք, թե հեռատեսություն, փաստը մնում է փաստ, որ դրանից հետո ՀՀԿ գործերը վատացան։ Առաջին հայացքից բերդ թվացող կառույցն այն աստիճանի փլուզվեց ու վերացավ, որ անգամ չկարողացան մի ընթրիք կազմակերպել իրենց իսկ հայտարարած մրցույթի հաղթողների հետ սեղան նստելու համար։ Այդ ընթրիքը չի էլ կայանա, քանի որ ՀՀԿ-ն լքեց նաև Արփինե Հովհաննիսյանը։ Նա վերջին ամիսներին դարձել էր ՀՀկ-ի «ինկած բերդի իշխանուհին», ով իրեն շրջապատում է իրենց խոսքով ասված չորս հրացանակիրներով։ Արփինեի քաղաքական կարիերայի կնքահայր է համարվում Հովիկ Աբրահամյանը, ում ինչպես արդեն նշել ենք բնազդները երբեք չեն դավաճանում։ Հիմա հարց․ դավաճանում է արդյոք Արփինեն կուսակցությանը։ Այդ հարցի պատասխանը այլ հարց է ենթադրում, իսկ ովքեր են այսօր կուսակցությունը։ Այսպիսով ստացվում է, որ Արփինեն ընդամենը լքում է Աշոտյանին, Շարմազանովին ու մի քիչ էլ Վիգենին՝ չլքելով Դավիթ Հարությունյանին, ում հետ որոշել են ծովին թրով տալ, իրավական աննախադեպ ու անզուգական ծառայություններ մատուցել։ Իսկ թե ինչու են Աշոտյանը, Շարմազանովն ու մի քիչ էլ Վիգենը դեռ մնում ՀՀԿ-ում, կարելի է ասել զուտ ամոթից ելնելով։ Նրանք պարզապես այնքան են ասոցացվել ՀՀԿ-ի հետ, այնքան են համարել իրենցն ու սերտաճել, այնքան անմնացորդ են ծառայել Սերժ Սարգսյանին ու ապացուցել իրենց հավատարմությունը, որ այսօր հակառակն ասելը անիմաստ ու տղավարի չի լինի։ Իհարկե այս պարագայում Արփինեն կարող է միայն ուրախանալ, որովհետև ինքը տղավարի քայլ անելու խնդիր ոչ ունեցել է, ոչ ունի, բոլորը գիտեն, ովքեր էլ չգիտեին, իմացան, որ երբեք, ոչ մի պարագայում, անելանելի իրավիճակներում աղջկա խոսքը «ասնավանի» չի եղել ու չի էլ լինի։

Ու Արփինեն այսօր շատ հանգիստ կարող է իր հրացանակիրների համար երգել « Թե աղջիկ լինեիք․․․» և այդ տողերին ավելացնել նաև հրացանակիրերի հայտնի երգի բառերը. «Не разлучат нас никогда Коты, невзгоды и года Но тем прочнее наш союз: Мы так страдали- Это минус... Но я люблю Вас- Это плюс!»։ ՀՀԿ երիտասարդները իրենց վերջին ուժերը հավաքեցին եւ սահմանափակ միջոցներով քարոզարշավ արեցին՝ փորձելով անցնել խորհրդարան։ Եւ ՀՀԿ-ամերձ աղբյուրները հավաստիացնում են, որ իրենք անցել էին խորհրդարան։ Երբ ընտրությունների արդյունքները ընտրատեղամասերից հաղորդում էին «Շանթ» հեռուստաընկերությամբ, եկավ մի պահ, որ ՀՀԿ-ն բավականին բարձր ցուցանիշներ էր արձանագրել, եւ հենց այդ ժամանակ էլ հեռուստաընկերությունը դադարեցրեց սեփական հեռարձակումը եւ սկսեց հեռարձակել ԿԸՀ-ի լայվը տեղամասերից։ ՀՀԿ-ամերձ շրջանակներում վստահ են, որ տեսնելով իրենց բարձր ցուցանիշները՝ դադարեցրին հեռարձակումը, արդյունքում խորհրդարան անցավ ոչ թե ՀՀԿ-ն, այլ ԼՀԿ-ն, որի հիմնադիր Էդմոն Մարուքյանին, չնայած բազում հերքումներին, մշտապես կապում են Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ։ Արդյոք այս պատմությունը լեգենդ է, կարապի երգ, թե իրականություն, ոչ ոք չի կարող ասել։ Չկա բողոք, չկա բողոքի քննություն։ Փաստն այն է, որ Սարգսյանը մեծ չուզողություն արեց ՀՀԿ-ին ու դեռ հավատացողներ էլ կան, որ «Շեֆը մի բան գիտի, Շեֆը շախմատ է խաղում, հեսա կերևա»։ Այս պարագայում միայն տեսանք, որ Սարգսյանը վերացրեց ՀՀԿ-ն, որն իրականում գաղափարական ոչ մի բան էլ չուներ, բացի իշխանության գրպանային երիտասարդությունից, Դևիդ Կոպերֆիլդի ու Հմայակ Հակոբյանի ունակությունները մեկտեղած մարդկանցից, փնթփնթան ծերերից, հետաքրքիր կանանցից ու անհետաքրքիր կանանցից։ Սպասենք այլ հեռացումների ու մոռացումների․․․

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները