Հայաստանը պատրա՞ստ է անցնել համընդհանուր ներառական կրթության

0 Մեկնաբանություններ
Հայաստանը պատրա՞ստ է անցնել համընդհանուր ներառական կրթության

Համընդհանուր ներառական կրթության անցնելուց հետո հատուկ դպրոցներ հիմնականում չեն լինի։ Երևանում ու մեծ մարզերում մի քանիսը կպահպանվեն։ Armdaily.am-ը համընդհանուր ներառական կրթության ներդրման մասին զրուցեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ՝ Լուսինե Առաքելյանի հետ։

-Տիկին Առաքելյան, Հայաստանում մի քանի տարի է արդեն գործում են ներառական դասարաններով դպրոցներ։ Նախատեսվու՞մ է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության։ Ո՞րն է ծրագրի նպատակը, ովքե՞ր են թիրախում։

-Համընդհանուր ներառման ելակետը՝ սահմանադրությամբ սահմանված օրենքն է՝ յուրաքանչյուրն ունի կրթության իրավունք, իսկ նպատակը՝  հատուկ դպրոցներում ուսանող աշակերտներին չառանձնացնել հասարակությունից։ Չնայած հանընդհանուր ներառումը վերաբերում է բոլորին՝ սակայն ուշադրությունը սևեռված է հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, այդ թվում նրանց, ովքեր եկել են այլ երկրից ու ներառման խնդիր ունեն Հայաստանում։

-Հատուկ դպրոցները փակելով՝ արդյոք հասարակությունը չի կանգնի նոր խնդրի առաջ։

-Սրա արդյունքում հատուկ դպրոցները ոչ թե փակվում են, այլ վերածվում են աջակցության կենտրոնների, որտեղ կլինեն հատուկ մանկավարժներ, լոգոպետներ ու սուրդոմանկավարժներ։ Այս աշխատանքային խումբը սպասարկելու է հանրակրթական դպրոցներում գտնվող կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին։

-Ի՞նչ սկզբունքով են երեխաները հատուկ դպրոցներից տեղափոխվում հանրակրթական դպրոցներ։ Ինչպե՞ս են ընդգրկվում ներառական ծրագրում։

-Մինչ տեղափոխելը կատարվում է առաջնային գնահատում, որի արդյունքում հասկանում ենք՝ կրթության ինչպիսի պայմանների կարիք ունեն երեխաները, պետությունն ինչ պայմաններ պետք է ստեղծի՝ դա կարող է լինել թեքահարթակ, լսողական սարք, ուսուցչի օգնական, իսկ ինքնասպասարկման խնդիր ունեցող երեխաներին կտրամադրվի դայակ։ Սա հնարավորություն կտա, որ նրանք ներառվեն հասարակություն ու շարունակեն կրթությունը հանրակրթական դպրոցում։

-Ծրագրի իրագործման ճանապարհին, որո՞նք են լուծում պահանջող հիմնական խնդիրները։

-Խնդիրները տարբեր են՝ հիմնականում սոցիալական։ Երեխան հաճախել է հատուկ դպրոց, քանի որ դրանով լուծվել է ընտանիքի սոցիալական հարցը՝ սնունդ, գիշերակաց, դասանյութ, ինչը սակայն չի ապահովում կրթություն որակը։ Հաջորդ ամենամեծ խնդիրը մասնագիտականն է, երբ ուսուցիչները չեն պատկերացնում աշխատանաքի ոճն ու մեթոդաբանությունը։ Այդ պատճառով մենք նախատեսում ենք վերապատրաստման լայնամասշտաբ փուլ՝ տնօրենների և ուսուցիչների համար։ Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների շենքային պայմաններին՝ Հայաստանը խորհրդային միությունից վատ ժառանգություն ունի՝ բնակելի շենքերն ու դպրոցները կառուցվել են՝ առանց հաշվի առնելու, որ այնտեղ կարող են լինել հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ։ Սակայն պետք է նշել, որ թեքահարթակն ամենափոքր խնդիրն է, որի կառուցումը չի պահանջում ժամանակ ու ծախսեր։ Հիմնական դժվարությունները կապված են հանրակրթական դպրոցների սանհանգույցի, երկրորդ հարկ բարձրանալու հետ։ Այդ հարցերի մեծ մասն էլ ուղղակի կապ չունեն ԿԳՆ-ի հետ։ Դա է պատճառը, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ աշխատանքային խումբը զբաղվում է այդ հարցերի վերհանմամբ։

-Շատ է խոսվում ներառական կրթության ներդրման կարևորության մասին։ Սակայն հասարակության վերաբերմունքն այս հարցի շուրջ միանշանակ չէ։ Ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։

-Ծնողների իրազեկվածության ու պատրաստվածության ցածր մակարդակը հիմնական հարցերից է։ Քննարկվում են տարբերակներ՝ մարդկանց վերաբերմունքը գնահատելու համար։ Երբ սկսենք աշխատել դրա հետ, այն այլևս օրհասական չի լինի։ Ծնողներին չենք կարող մեղադրել, քանի որ շրջապատում միշտ տեսել են բնականոն հունով զարգացող երեխաներ, իսկ առանձնահատուկ կրթության պայմաններ ունեցող երեխաներին ու հաշմանդամներին՝ տարանջատված, հատուկ դպրոցում սովորելիս։ Ծնողները մտավախություն ունեն՝ դա որքանո՞վ կազդի իրենց երեխայի վրա։ Գիտակցության ու վերաբերմունքի մեջ փոփոխություն մտցնել հնարավոր չէ՝ ուղղակի պատմելով այդ մասին։ Ծնողներն ասում են, որ հասկանում են, սակայն չեն կարող ընդունել, որ իրենց երեխայի կողքին սովորի խնդիրներ ունեցողը․ քանի դեռ չեն բախվել, չեն էլ կարող հասկանալ։ Մյուս կողմն էլ մտավախություն ունի, որ իր երեխային կծաղրեն, կվիրավորեն։ Խնդիրը միշտ կմնա, եթե պետությունն ու դպրոցը, ծնողն ու ուսուցիչն ասեն՝ պատրաստ չենք։

-Ծնողները հարց են բարձրացնում, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ու կարիք չունեցողները մեկ դասաժամի ընթացքում չեն հասցնում յուրացնել դասանյութը։ Ինչպիսի՞ ուսումնական ծրագրով են սովորում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հանրակրթական դպրոցներում։

-Ուսումնական պլանը նույնպես պետք է վերանայել։ Երեխաները սովորում են նույն ծրագրով, որոշ դեպքերում ուսուցչի օգնականը կազմում է ուսուցման անհատական պլան։ Ճիշտ է՝ մեկի իրավունքն իրացնելիս, մյուսինը չպետք է ոտնահարվի, սակայն այստեղ լուծվում է այլ՝ հասարակության մեջ ինտեգրվելու հարցը։ Եթե տարանջատենք ու ասենք՝ խանգարում են մեր երեխային, ապա ներառման հարցը երբեք չի լուծվի։

-Շատ է քննարկվում, որ այս ծրագիրը չի հաջողի քանի դեռ դպրոցի տնօրենները ներառական կրթությունը որպես բիզնես են ընկալում։ Ինչպե՞ս է վերահսկվում այս հարցը։

-Յուրաքանչյուր երեխայի համար Երևանում ներառական կրթություն իրականացնող դպրոցներին տարեկան տրամադրում է 500 հազար դրամ, մարզերում՝ 700 հազար, իսկ հատուկ դպրոցներին՝ մոտ 1 միլիոն դրամ։ Համընդհանուր ներառական կրթության անցնելուց հետո՝ դպրոցները կստանան ֆինանսավորում՝ ըստ յուրաքանչյուր երեխայի առանձնահատուկ կարիքներից ելնելով։ Սա նշանակում է, որ հատուկ ու ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրենները կզրկվեն առյուծի բաժին ֆինանսավորումից։

-Ասվում է, որ մինչ 2020 թվականն այս ծրագիրն ամբողջությամբ կներդրվի՝ սակայն մտահոգություն կա, որ քանակի ավելացում, դեռ չի նշանակում որակի բարելավում։

-Սեպտեմբերի վերջ կիրականացվի մոնիտորինգ։ Ուսուցիչների, նրանց օգնականների ու ծնողների միջոցով կհասկանանք՝ ինչ խնդիրների են առերեսվել, որոնք դուրս են մնացել մեր դիտակետից։ Դրա համաձայն՝ ևս մեկ աշխատանքային խումբ կստեղծվի՝ վերապատրաստման փուլ իրականացնելու համար։

Համընդհանուր ներառման անցել է Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզն ու Արմավիրը։ Արմավիրում մոտ 200 երեխա հատուկ դպրոցից տեղափոխվել են հանրակրթական դպրոցներ։ Հաջորդ տարի համընդհանուր ներառման ծրագիրը սկսվում է գործընթացը Երևանի համար։ 2019-2020 թվականներին կկատարեն նաև Արագածոտնի ու Շիրակի մարզը։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները