Կհավաքվեն Փաշինյանի մոտ. Ինչ տեսք կունենա կառավարությունը

0 Մեկնաբանություններ
Կհավաքվեն Փաշինյանի մոտ. Ինչ տեսք կունենա կառավարությունը

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նախատեսված է քննարկում կառավարության կառուցվածքում փոփոխությունների վերաբերյալ։
Այդ մասին նախագիծը, ինչպես եւ հայտնել էինք , ընդգրկված է հունվարի 14-ին գումարվելիք ԱԺ առաջին նիստի օրակարգում։
Սակայն գործադիրում փաստորեն դեռ կնճռոտ հարցեր կան, մասնավորապես՝ քննարկումներ են, թե արդյոք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը միացնել գյուղատնտեսության, թե էներգետիկայի նախարարությունը։ Ներկա նախագծով նախատեսված է գյուղատնտեսության նախարարության միացումը, սակայն չի բացառվում, որ մտափոխվեն եւ էներգետիկան միանա։ Քննարկվում է նաեւ սոցապ նախարարությունը առողջապահությանը միացնելու հարցը։
Գործադիրում մտորելու տեղիք է տվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որը դառնում է գերսուպեր նախարարություն՝ ընդգրկելով աննախադեպ շատ կառույցներ։ Իշխանության վերին օղակները մտահոգված են՝ կկարողանա նախարար Պապիկյանը գլուխ հանել այս խառնիճաղան գերատեսչությունում, թե ոչ։ Այս նախարարությունում ընդգրկվել են պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը։

Հեռացող նախարարները

Կառավարությունում օպտիմալացումների արդյունքում մի շարք նախարարներ անգործ կմնան, օրինակ՝ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, գյուղատնտեսության նախարար Գեղամ Գեւորգյանը, եթե իհարկե որոշում չկայացվի, որ միավորված նախարարությունում նրանք աշխատելու են որպես փոխնախարար եւ համակարգելու են ոլորտները։
Օպտիմալացումների արդյունքում նախարարներից ոմանք գնում են խորհրդարան, ինչպես օրինակ՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, իսկ սոցապ նախարար Մանե Թանդիլյանը ավելի վաղ էր հրաժարական տվել եւ նրան կրկին կտեսնենք խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից։

Մնացող նախարարները

Գործադիրի ներկա կազմից կշարունակեն պաշտոնավարել վարչապետ Փաշինյանը, փոխվարչապետներ Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, ինչպես հայտնի է՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի պաշտոնը կրճատվում է։
Հստակ է, որ նախարարներից կպաշտոնավարեն Արսեն Թորոսյանը առողջապահության նախարարի պաշտոնում, Արայիկ Հարությունյանը՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի, Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԳՆ, Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ-ի, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների, Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարի, Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻՆ-ի պաշտոններում։
Եթե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մնա, ապա այն հավանաբար կղեկավարի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, եթե միավորվի առողջապահության նախարարությանը, ապա Բաթոյանը կշարունակի պաշտոնավարել որպես փոխնախարար։
Հակոբ Արշակյանի համար հատուկ բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն են ստեղծել, որպեսզի ՏԿՏՏ նախարարը կարողանա զբաղվել սիրելի ոլորտով՝ IT-ով։

Միակ անհայտը

Միակ հարցականը արդարադատության նախարարի հարցն է, այժմ բանակցություններ են ընթանում Արտակ Զեյնալյանի հետ, որպեսզի նա շարունակի պաշտոնավարել։ Հիշեցնենք, որ Զեյնալյանը ընտրություններին մասնակցում էր «Մենք» դաշինքով, որը չհայտնվեց խորհրդարանում։ Մինչ այդ մամուլում տեղեկություններ կային, թե Զեյնալյանին կարող է փոխարինել ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը, սակայն, փաստորեն, Փաշինյանը ցանկանում է պահել Զեյնալյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության 17 նախարարությունների փոխարեն կլինի 12-ը:

Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝
1. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
2. առողջապահության նախարարություն

3. արդարադատության նախարարություն

4. արտակարգ իրավիճակների նախարարություն

5. արտաքին գործերի նախարարություն

6. բնապահպանության նախարարություն

7. կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

8. պաշտպանության նախարարություն

9. տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

10. բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

11. տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն

12. ֆինանսների նախարարություն։

Ինգա Մարտինյան 

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները