Եկամտային հարկի իջեցումն օգուտ է քաղաքացուն ու պետությանը. Տնտեսագետ

0 Մեկնաբանություններ
Եկամտային հարկի իջեցումն օգուտ է քաղաքացուն ու պետությանը. Տնտեսագետ

Եկամտային հարկի իջեցումը քաղաքացուն կտա հնարավորություն օգտվել բիզնեսի հնարավորություններից, խնայողություններ անել, ինչպես նաև ներդրումներից՝ որպես համաֆինանսավորման միջոց։ Armdaily.am-ը Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ զրուցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած եկամտային հարկի իջեցման երկու տարբերակների ու հնարավորությունների մասին։

Առաջին տարբերակով վարչապետն առաջարկում է հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկուսանդղականոց համակարգ, այն է՝ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողները կվճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ 250 հազար դրամից ավելի ստացողները՝ 25 տոկոս:

Երկրորդով առաջարկվում է կիրառել եկամտային հարկի ու շահութահարկի 23 տոկոս համահավասար դրույքաչափը:

-Պարոն Մարգարյան, եկամտային հարկի իջեցումն ինչպե՞ս կանդրադառնա քաղաքացիների, ապա՝ պետության վրա։

-Եկամտային հարկը դա կոմպլեքս կամ կոմբինացված հարկ է, որի մեջ ներառվում են և եկամտահարկը՝ աշխատավարձից ամեն ամիս տոկոսաչափով գանձվող հարկը, և սոցիալական ապահովության վճարը, որը փոխանցվում է կենսաթոշակային ֆոնդին։ Քաղաքացիներն իրենց աշխատավարձի այն մասը, որը վճարում են որպես հարկ՝ իջեցված մասով չեն վճարելու՝ դա կմնա աշխատողին՝ որպես հավելյալ գումար։

Եթե ընդունվի վարչապետի առաջարկած երկրորդ տարբերակը՝ միասնական 23 տոկոս դրույքաչափը, եկամտային հարկի գծով պետության կորուստները կկազմեն 38.5 միլիարդ դրամ։ Անցյալ տարվա արդյունքներով՝ դա պետության հարկային մուտքերի մոտավորապես 89 տոկոսն է, իսկ այս տարի մոտավոր եկամտային մասի 10 տոկոսի կորուստ կլինի։ Այդ 38.5 միլիարդ դրամը, որն ասվում է՝ կմնա ժողովիդին։

-Եկամտային հարկի իջեցումը որքանո՞վ է հրատապ և ի՞նչ նպատակներ է հետապնդում։

-Վարչապետի ներկայացրած տարբերակներն օրակարգային են։ Սա քայլ առաջ է գործող ներկայիս եռաստիճան համակարգի նկատմամբ։ Այս երկու տարբերակները նախ նշանակում են հարկային բեռի իջեցում։ Հիմնական նպատակն աշխատավարձերը ստվերից դուրս հանելը, հարկային սխեման հասկանալի ու պարզ դարձնելն է։ Դա գործատուների համար չի կարող ցանկալի լինել։ Հատկապես այն ոլորտներում, որտեղ բարձր աշխատավարձեր են վճարվում՝ 250 հազարից բարձր։ Գործատուները շահագրգռված են ստվերում տնտեսվարել, չգրանցել աշխատողներին, կամ աշխատավարձերը ներկայացնել շահույթների տեսքով՝ դրանք աշխատողներին առձեռն հանձնելով։

-Արդյոք եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցումը միտվա՞ծ է Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը:

-Օրենքում փոփոխություններ մտցնելով՝ պետությունը սկսեց քաղաքացիների փոխարեն վճարել սահմանված 5-ի 2.5 տոկոսը: Երեկ ակնարկ արվեց, որ այդ 2.5 տոկոսը հնարավոր է պահպանվի և պետությունը շարունակի վճարել մնացած 7.5 տոկոսն՝ ինչն ողջունելի է։ Այս թեման նոր չէ, այն քննարկվում էր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ու ընդլայնման համատեքստում։ Նախկինում, երբ հանձնարարական տրվեց իջեցնել եկամտային հարկի դրույքաչափը՝ նկատի ունեին այն մտահոգությունները, որոնք կապված էին նույն կուտակայինի ներդնման՝ լրացուցիչ բեռի հետ, որոնք կրում են աշխատողները։ Ամենահամեստ գնահատականներով աշխատավարձերի ստվերային մասը կազմում է 20-22 տոկոս, ինչը բավականին շատ է։ Եթե սրա կեսը հնարավոր լինի դուրս բերել ստվերից, այս պարագայում հնարավոր է այդ օգուտներն ավելի շատ լինեն, քան 38.5 միլիարդ դրամ պետության կորուստը։

-Որքանո՞վ է իրատեսական եկամտային հարկի իջեցումն առաջիկայում։ Ի՞նչ քայլեր պետք է արվեն։

-Գլխավորն այն է, որ պետք ռադիկալ իջեցվի եկամտային հարկը, որպեսզի հնարավոր լինի աշխատավարձերը ստվերից դուրս բերելու նպատակն իրականացնել։ Այս փուլում սա համարում եմ գերխնդիր։ Սա իրատեսական է ու կապված է նաև կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների հետ։ Համամասնական կամ համահարթ համակարգը, որ առաջարկվում է՝ նույնիսկ յուրաքանչյուր տարի 0.5 տոկոսով նվազեցնելու պարագայում հնարավոր կլինի շահութահարկ գումարած դիվիդենտ սխեման հավասարեցնել եկամտային հարկին։ Սա ևս ողջամիտ մոտեցում է։

Հետագայում կարծում եմ, որ ճիշտ կլինի պրոգրեսիվ հարկման համակարգը վերականգնվի՝ ցածր եկամուտ ունեցողները ավելի ցածր դրույքաչափով վճարեն, բարձր եկամուտ ունեցողներն՝ ավելի բարձր։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները