Հայոց վշտի ծով վերադառնալու հեռանկարը պետք է բացառել

0 Մեկնաբանություններ
Հայոց վշտի ծով վերադառնալու հեռանկարը պետք է բացառել

Ամիսներ առաջ հայոց վշտի անհուն ծովում տառապելուն զուգընթաց անդադար լողացող ժողովուրդը չգիտեր, ուր է լողում և ուր է հասնելու։ Մի պահ լողը դադարեցնելը կարող էր խորտակման հասցնել։ Իրենց փրկության համար մարդիկ պատրաստ էին ամեն մանր փրփուրից կախվել, ուր մնաց չկառչեին մոտ 80 կիլոգրամանոց Նիկոլ Փաշինյանից։ Գաղափար ու անձնական բարեկեցություն պահանջողներին ամիսներ անց մնացին միայն անձնական շահերն ու ներքին անհաղթահարելի վախերը։ Անցյալը չկրկնելու վախը երբեմն մթագնում է գիտակցությունը՝ մարդկանց դարձնելով լիարժեք ՄԵՐԺՈՂՆԵՐ։

Տարիներ շարունակ օրենքը շրջանցած, մի երկու հոգու ճաշակով օրենքներ գրած, դրանից դժգոհ, բայց լռող երկիրն ավելի դժվար կլինի օրենքի դաշտ տեղափոխելը, քան Վշտի ծով վերադարձնելը։ Շատերը մոռացած կլինեն Մարտի մեկից քառասուն օր անց երկրի նախկին նախագահի երդմնակալության արարողությունը, երբ ցելոֆանե տոպրակը ողջ արարողության ընթացքում ուղեկցում էր նրան՝ սավառնելով օդում։ Երևի սա նախագահի օրենքին ենթարկվելու միակ դեպքն էր, երբ պահանջվում էր հենց այդ օրը ստանձնել պարտավորությունը։ Հետո ինչպես իրապատում հեքիաթներում սիմվոլիկ տոպրակները հետևից գցած այնքան աշխատեց, մինչև հրաժարվեց դրանցից ու տոպրակը փոխարինվեց ուսապարկով․․․

Դրանից սակայն մեր ժողովրդի կորցնելու վախը չանցավ։ Վախերն այսօր բազմապատկվել են, սխալված չլինելու վախը վեր է մարդկանց կամքից և ոչ միայն իշխում, այլ օրակարգ է պարտադրում։ Վախից չեն ուզում նկատել իրականությունը, տեսնել ու պահանջել մանր սխալների վերացումը։ Վախից փեշի տակ են առնում ակնհայտ սխալները, չեն ուզում լսել քննադատություն։

Արդար լինելու համար, ասենք, որ առողջ քննադատություն առանձնապես չկա էլ, միայն շահեր, սոցիալական հարթակների պատերազմներ, երբ օրինակ նույն մարդն իր հարյուր ֆեյքով մարտնչում է մեկ այլ մարդու 101 ֆեյքի դիմաց։ Երկուսի կռիվ անվանենք, թե չորսի շահ, ժողովուրդն է հետևանքներ կրողը։ Իսկ ժողովուրդը հրաժարվում է համառորեն հաղթահարել վախերը, լինել պահանջատեր։

Անձի պաշտամունքն ավելի հեշտ է, քան իրականության հետ համակերպվելը։ Ժողովուրդն իր վախը չի խոստովանում, բայց դրանից ծնված ագրեսիային ականատես ենք ամեն օր։ Խնդիրը մեկն է, վախենում են սխալված լինել և չեն ուզում, որ դա ճիշտ լինի։

Ամեն դեպքում Հայոց վշտի ծով վերադառնալու հեռանկարը պետք է բացառել վախերը հաղթահարելու հաշվին։

Կարդացեք նաԵՎ

0 Մեկնաբանություններ

    Մեկնաբանություններ չկան

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Օրվա լրահոս
Ամբողջ լրահոսը
    Ամենադիտվածները