Ի դեպ. ՍԴ-ից Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումները հետ վերցնելու մասին (տեսանյութ)
Վազող տող
Ի դեպ, այսօր քիչ էր մնում անսպասելի շրջադարձ տեղի ունենար ՍԴ-ի եւ այդ դատարանում Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի քննության հարցերում։ 2-րդ նախագահի պաշտպանները հետ վերցրին ՍԴ ներկայացված դիմումները, որոնց հիման վրա պետք է քննվեր 300.1 հոդվածի համապատասխանությանը ՀՀ Սահմանադրությանը։
Ըստ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի, քանի որ երկու խորհրդարանական կուսակցությունները Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նշել են, որ այն ապօրինի փաթեթ է և չի համապատասխանում Սահմանադրությանը, սակայն կուսակցություններից մեկը չի դիմել ՍԴ՝ նախապայման համարելով Ռոբերտ Քոչարյանի գործը, այդ պատճառով որոշել են հետ վերցնել դիմումը:
Մեջբերեմ. «Նախագահի հետ այսօր քննարկում արեցինք և նա որոշում կայացրեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը և իր փաստաբանները պետք է հետ վերցնեն դիմումը: Ավելի պարզ ասած՝ հետ են վերցնում դիմումը, որպեսզի ԼՀԿ-ն ՍԴ-ի նկատմամբ, Արամ Օրբելյանի ձեւակերպմամբ ոտնձգություներին չարձագանքելու համար չփորձի շահարկել Ռոբերտ Քոչարյանի անունը։ Եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, ինչի մասին արտահայտվել են, ապա ինչ-որ ժամկետի չսպասեն, հիմք ընդունելով իրենց դիմումը, միանան այդ գործընթացին:
Օրբելյանի «քարերը» բնականաբար շպրտվում են Լուսավոր Հայաստանի «բոստանը»։ Հենց «Լուսավորն» էր, որ նախօրեին հայտարարեց, թե չի միանում ԲՀԿ ստորագրահավաքին՝ ՍԴ դիմելու համար, եւ որ կդիմի ՍԴ հուլիսի 7-ից հետո միայն, երբ ՍԴ-ն արդեն քննարկած կլինի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը։ Այս որոշման համար ԼՀԿ-ն արժանացավ շատ կոշտ քննադատության բոլոր կողմերից, ինչը սակայն չէր կարող հարկադրել ԼՀԿ-ին, փոխել իր որոշումը։ Եւ այն ուժերն ու գործիչները, որոնք «անարգանքի սյունին» էին գամում Լուսավորին ու Էդմոն Մարուքյանին, արձագանքեցին, թե Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի մասով Էդմոն Մարուքյանի նախապայմանն այլևս վերացված է:Նա դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե ոչ։ Բայց այստեղ կա մի շատ կարեւոր նրբություն, ինչը կարծես շրջանցվեց փաստաբանների ու ընդդիմադիր գործիչների կողմից։ Բանն այն է, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը, միևնույն է, քննելու է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը, քանի որ նմանատիպ դիմում ներկայացրել էին ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, այլև դատավոր Դավիթ Գրիգորյանը: Հենց այս փաստով էլ Լուսավորը հետ ուղարկեց փաստաբանների կողմից իրենց «դաշտ գլորված գնդակը»։
Հարցն ամեն դեպքում քննվելու է ՍԴ-ում, իսկ «Լուսավորի» որոշումը պայմանավորված էր նրանով, որ այս իրավական գործի վրա քաղաքական ներազդեցություն չլինի։