Ի դեպ. Սահմանադրական փոփոխությունների գործընթացի եւ Վենետիկի հանձնաժողովի արձագանքի մասին
Ի դեպԻ դեպ, ԱԺ-ն այսօր ընդունեց Սահմանադրական փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որը կոչված է վերջնականապես լուծելու ՍԴ-ի արդեն տեւական ժամանակ շարունակվող թնջուկը։ Ըստ այդմ փոփոխությունների է ենթարկվում Սահմանադրության 213-րդ հոդվածը։ Այդ փոփոխություններով նախատեսվում է սահմանափակել Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով, իսկ այդ ժամկետից երկար պաշտոնավարած դատավորները ազատվում են պաշտոնից: Նախագծով նաև նախատեսվում է դադարեցնել Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի, բայց ոչ ՍԴ դատավորի պաշտոնում:Նա կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։Ինչպես եւ ակնկալվում էր, դիրքորոշումներն այս նախագծի վերաբերյալ խիստ տարբեր են ու իրարամերժ։
Իշխանությունն ասում է, թե արտառոց որեւէ բան չի կատարվում, որ իրենք այսկերպ համապատասխանեցնում են ներկայիս գործող ՍԴ մոդելը 2015-ի Սահմանադության մոդելին։ Միայն եւ ընդամենը։ Մինչդեռ ցանկացած գործողություն, որը միտված է լինում դատական համակարգի բարեփոխումներին, չգիտես ինչու սկսում են որակել որպես հակաիրավական: Ընդդիմադիրներն այս նախագիծը հենց այդպես էլ անվանում են՝ հակաիրավական, օրենքի և իրավունքի հետ որևէ աղերս չունեցող, զուտ քաղաքական գործընթաց, սահմանադրական կարգի խմբակային տապալում, պատկերավոր ասած՝ ՀՀ Սահմանադրության հուղարկավորության արարողություն եւ նույնիսկ հետաքրքրվում են, թե Սահմանադրական կարգի հոգեհացը որտե՞ղ են տալու։
Խոստովանենք, ընդդիմության ձայնն անհամեմատ ավելի տաք տեղից է գալիս, քանի որ մինչ այդ ստացվել էր Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, հանձնաժողովը ափսոսանք էր հայտնեց, որ չնայած իր խորհրդատվական կարծիքում հանդես է եկել քննադատությամբ առ այն, որ ԱԺ–ում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի համապատասխանում իրենց խորհրդատվություններին, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ընդունել նախագիծը՝ խախտելով Սահմանադրության, «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքների կարգավորումներն ու պահանջները։ Սա քիչ էր, ԵԽ գլխավոր քարտուղարն էլ մյուս կողից կոչ արեց ՀՀ իշխանություններին՝ առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվութմաբ՝ սահմանադրական ճգնաժամը 2015-ի Սահմանադրության դրույթների կատարմամբ հաղթահարելու համար։Այս ամենով հանդերձ, իշխանությունը հաղթահարելով ճանապարհի դժվարանցանելի հատվածները, պտտում է Սահմանադրական փոփոխությունների թափանիվը։ Հաջորդ կայարանը՝ ՍԴ, եթե ընդդիմությունը ցանկանա ու կարողանա հարցը տեղափոխել սահմանադրական արդարադատություն իրականացնելու կոչված բարձրագույն մարմին։Սպասենք իրադարձությունների հետագա զարգացումներին։