Ի դեպ. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից ու ազատությունից զրկելու՝ ԱԺ համաձայնության մասին
Ի դեպԻ դեպ, խորհրդարանն այսօր քվեարկեց ու 87 կողմ 0 դեմ ձայներով բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու մասին, թույլ տալով հարուցված քրեական գործում նրան ներգրավել որպես մեղադրյալ։ Ոմանց համար սա դրամա էր, ոմանց համար ֆարս, ոմանց համար էլ տրագիկոմեդիա։ Անկախ ժանրային առանձնահատկություններից, մինչեւ քվեարկությունը արտասանված տեքստերը բավական հուզիչ էին՝ բոցավառ ելույթներ պետության ու պետականության, հայրենիքի ու հայրենասիրության, ժողվրդի ու ժողվրդավարության, խղճի, օրենքի ու օրինականության մասին։ Միայն, թե տարբեր կողմերից, տարբեր ընկալումներով ու մեկնաբանություններով։
Ինչեւէ. Պետք է նկատել, որեւէ անսպասելի բան տեղի տեղի չի ունեցել, վերջին օրերի զարգացումները հենց այսպիսի հանգրվան էր ենթադրում։ Ասում եմ հանգրվան, քանի որ սա բնավ էլ հանգուցալուծում չէ ։Սա դեպի հանգուցալուծում տանող հերթական հանգրվաններից մեկն է, որ մեծացնելու է քաղաքական զարգացումների գլորվող թափանիվի արագությունը։ Հարցը բնավ էլ այս ողջ պատմության իրավական կողմը չէ։ Շատ էլ հետաքրքիր չէ, Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքները ինչքան են ամուր կամ թույլ, ինչքան են փաստարկված կամ սարքված։ Հայաստանում ստեղծված ու երկար տարիներ գործող համակարգի պայմաններում որեւ գործարար կամ խոշոր սեփականատեր պարզապես չէր կարող մեծ հաջողությունների հասնել՝ լինելով բացարձակ ազնիվ ու թափանցիկ, չունենալով քաղաքական կշիռ կամ տանիք։ Իսկ խորհրդարանում բավական մեծ խմբակցություն ունենալը ենթադրում էր նաեւ ընտրակաշառք՝ ուղիղ կամ անուղղակի՝ օրինակ բարեգործության տեսքով։
Ավելի ուշագրավը այս պատմության քաղաքական համատեքստն է։ Ճակատագրի հեգնանքով կամ հանգամանքների բերումով ԲՀԿ առաջնորդը կրկին ու դարձյալ հայտնվել է ներքաղաքական պայքարի ամենահանգուցային դիրքում։ Երեւի թե այդ դիրքում հայտնվելը, կանխատեսելի հարվածների թիրախ դառնալով քաղաքական պայքարին թեժություն հաղորդելը ավելի շատ ոչ թե Ծառուկյանին, այլ նրան ոգեւորող, աջակցող ու առաջնագիծ մղող ուժերին էր պետք։ Այլ հարց է, թե որքանով է ճիշտ էր ընտրված սրացումների գնալու պահը, որքանով են ճշգրիտ քաղաքական հաշվարկները։ Ըստ ըմդդիմության, այդ հաշվարկների, իշխանությունը թուլացել է, վարչապետը կորցրել է հանրային վստահությունը եւ ուրեմն ճիշտ ժամանակն է տոտալ հարձակման։ Ըստ իշխանության կողմնակիցների, ճիշտ հակառակը. չնայած օբյեկտիվ դժվարություններին ու դրանցով պայմանավորված որոշ դժգոհությունների, վարչապետը պահպանում է հասարակության մեծամասնության վստահությունը եւ ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս բացել հեղափոխության երկրորդ շնչառությունը, կազմաքանդել օլիգարխիան, իրականացնել հեղափոխության իդեալները։ Հետեւենք հետագա զարգացումներին։Դրանք խոստանում են շատ ուշագրավ լինել։