Ի դեպ. Բամբասանքների ու կոմպրոմատների մասին
ADTVԻ դեպ, այսօր մի ուշագրավ գրառում է արել վարչապետի տիկինն իր ֆեսբուքյան էջում։ Մի շատ հետաքրքրիր պատմություն է, որ պատմել է մի տաքսու վարորդ՝ իր ծանոթին։ Ուրեմն ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին եւ «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն.«Մերի Նառան է վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞: Դոլա՞ր, թե եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա կվերցնի. 35 հազար դոլար»:Վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը եւ ուղեւորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետեւել է, թե նա ուր է գնում: Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի: Հարցն այն չէ, որ վարչապետի, ինչպես ասում են «թանկանոց» ժամացույցի հարցերը չէին քննարկվի պատահական տաքսիում։ Իրականում սա պատմություն է այն մասին, որ այսպես կոչված տեղեկատվական-քարոզչական պայքարը վիրտուալ հարթությունից տեղափոխվում է իրական կյանք։ Շատ կոնկրետ մի կին, շատ կոնկրետ մի պատահական տաքսի մեքենայում հեռախոսով խոսում է վարչապետի ժամացույցի մասին, իսկ ասելիքը նախատեսված է ոչ թե իր զրուցակցի, այլ հենց տաքսու վարորդի ականջների համար։ Սա շատերին ու վաղուց հայտնի հնարք է։
Դեռ սովետական ժամանակներից տաքսիները համարվել են բամբասանքներ տարածելու, հանրային կարծիք ձեւավորելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Դատելով այսօրվա պատմությունից, պիտի ենթադրել, այս հնարքը դեռ չի հնացել անգամ 21-րդ դարում, տեղեկատվական տեխնոլոգիաների այսքան զարգացած ժամանակներում։ Ու բնավ էլ զարմանալի չէ՝ տաքսիում նստած կոնկրետ մարդու խոսակցությունը շատ ավելի արժանահավատ է, քան վիրտուալ տարածքում անանուն «ֆեյքի» գրառումը։Կասկած չկա, որ այս բամբասանքների տարածման այս տարբերակը առաջիկայում շարունակելու է գլորվել ձնագնդի պես։ Բայց սա դեռ ամբողջը չէ։Ներքաղաքական պայքարում մեկնարկել է կոմպրոմատների պայքարը։ Իսկ կոմպրոմատները ի տարբերություն բամբասանքների, իրական փաստեր են, որոնց կիրառումն արդեն սկսվել է։ Ամբողջ հարցն այն է, որ կոմպրոմատները որեւէ կողմի մենաշնորհը չեն։
Դրանց հասկանալիորեն տիրապետում են թե ներկաները, թե նախկինները։ Հիշեք, թե ԱԱԾ քանի ղեկավար ու աշխատակից է այսօր ներգրավված ներքաղաքական պայքարում՝ Դավիթ Շահնազարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան, Գուրգեն Եղիազարյան եւ այլն եւ այսպես շարունակ։Եւ Աստված մի արասցե, որ ներկաները կամ նախկինները տրվեն կոմպրոմատային պայքարի գայթակղությանը։ Հետեւանքները անկանխատեսելի կլինեն բոլորի համար։ Այնպես, որ խիստ անհրաժեշտ է հակահամաճարակային կանոնների պահպանումը նաեւ քաղաքականության մեջ։Չենք ակնկալում քաղաքական պայքար սպիտակ ձեռնոցներով, բայց ձեռքերը պարբերաբար ախտահանելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը խիստ ցանկալի է, եթե չասենք պարտադիր։