Իշխանությունը արտակարգ դրությունը երկարաձգում է իր մոտալուտ վախճանը երկարաձգելու համար. Շարմազանով
Հասարակություն
Բերման են ենթարկվել նաև «Հանրապետական» կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավարը և մի շարք ներկայացուցիչներ, ինչու չէ նաև այլ քաղաքական ակտիվիստներ։ Այս մասին այսօր Արաբկիրի ոստիկանության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
«Իշխանությունը արտակարգ դրությունը երկարաձգում է իր մոտալուտ վախճանը երկարաձգելու համար, որովհետև այն արտակարգ դրությունը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անում է, դա արտակարգ դրություն չէ։ Մենք տեսնում ենք, որ բոլոր սահմանափակումները արդեն գրեթե մեկ ամիս հանված են՝ մանկապարտեզներն աշխատում են, տրանսպորտն աշխատում է, ռեստորաններն աշխատում են, նրանք որևէ բան չեն արել առողջապահական կոլապսը չեղարկելու համար, բայց արտակարգ դրությունը նրանք ձգում են մի պարզ պատճառով՝ որպեսզի մարդկանց ազատ խոսքի իրավունքը սահմանափակեն, հանրահավաքները, միտինգները սահմանափակեն և սա բռնատիրական ռեժիմներին հատուկ գործելաոճ է, ես եկել եմ այստեղ աջակցելու և իմ կուսակցության երիտասարդներին և նաև այն մտահոգ քաղաքացիներին, ովքեր որ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այս ապիկար իշխանությունների քաղաքական բռնությունների դեմ»,- ասաց Շարմազանովը։
Հարցին՝ չե՞ք վախենում, որ ձեզ էլ բերման կենթարկեն՝ Շարմազանովը պատասխանեց. «Թող ենթարկեն, ես անօրինական բան չեմ անում, չնայած Նիկոլի Հայաստանում ոչինչ բացառված չէ»։