Ի դեպ. Համաճարակային իրավիճակի կառավարման ու առողջապահության նախարարի ներողության մասին
Ի դեպԻ դեպ. նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում անդրադարձավ նախընթաց 4-4,5 ամիսներին առողջապահության նախարարության աշխատանքին, ազնվության, անկեղծության հետ կապված հարցերին ու ներողություն խնդրեց Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սկզբում թույլ տված հնարավոր սխալների համար:Նա անդրադարձավ որոշ սխալների, իր կողմից արված հակասական հայտարարություններին, ձեռնարկված քայլերի փոփոխություններին ու նկատեց, թե շատ քիչ երկրներ են եղել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ի սկզբանե ձեռնարկած գործողությունները չեն փոփոխել։Իսկ դա պայմանավորված է այն անորոշություններով, որոնք կային ու դեռ կան կորոնավիրուսի հետ կապված բազմաթիվ հարցերում։Այդ անորոշությունների որոշ մասը հիմա հստակեցվել են ու նախարարի խոսքով մենք չենք կարող հենվելով մեր այն ժամանակվա գիտելիքի վրա, որը փոխվել է, չանել ճիշտ քայլերը։ Այդ ժամանակ մենք ամենաաններելի սխալը գործած կլինեինք»,- ասաց Թորոսյանը։
Ամեն դեպքում նախարարն ընդունում է, որ ինչ-որ հարցերում կարող էին ուրիշ կերպ վարվել։ Իհարկե, նույնիսկ փորձառու կառավարիչները ճգնաժամային իրավիճակում, գործնականում չեն կարող ապահովագրված լինել սխալ որոշումներից։ Շատ լավ կլիներ, որ նրանք ժամանակին կարողանային չափել սխալվելու հավանականության մեծությունն ու առանց ավելորդ ինքնավստահության, առանց քամահրանքների ունկընդիր լինեին առնվազն մասնագիտական շրջանակների խորհուրդներին ու հորդորներին, երբ հարցերը առողջապահական էին եւ մյուսների, այդ թվում քաղաքական ուժերի առաջարկներին, երբ դրան վերաբերում էին կառավարման կամ այլ երկրներից օգնության կազմակերպման հարցերին՝ բժշկական անձնակազմերի կամ բուժսարքավորումների տեսքով։ Ի դեպ, վերջերս այս հարցերին նվիրված մի խորհրդակցություն անցկացրեց հանրապետության նախագահը, ներկա ու նախին նախարարների, ճանաչում ու վաստակ ունեցող բժիշկների մասնակցությամբ։
Այսօրվա հրատապությունն այն է, որ ունենք վիճակ, եկեք գնահատենք այդ վիճակը եւ տեսնենք՝ ինչպես ենք առաջ գնալու,- ասել էր նախագահը, նկատի ունենալով կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, ռազմավարությունից բխող ծրագիրն ու ծրագրից բխող կառավարումը։ Վերադառնալով Արսեն Թորոսյանի ներողությանը, ապա այն ինչքան էլ ուշացած, բայց միանշանակ դրական քայլ էր։ Դժվար է հիշել մի պետական պաշտոնյա, որ հազարումի արդարացումներ փնտրելու փոխարեն այդքան ազնվություն ու քաջություն կունենար ընդունելու իր հնարավոր սխալներն ու ներողություն խնդրեր դրանց համար։Լավ նախադեպ է, լավ մշակույթ։ Լավ է ուշ, քան երբեք։