Ի դեպ. ԲՀԿ քաղխորհրդի նիստի ու քաղաքական ակտիվացումների մասին
ADTVԻ դեպ, հանրային քաղաքական շրջանակների քննարկման առանցքում շարունակում են մնալ ԲՀԿ քաղխորհրդի վերջին նիստը եւ այդ նիստում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ Գագիկ Ծառուկյանը, դժգոհելով կառավարող ուժի գործունեությունից ու ստեղծված վիճակից,հայտարարեց, թե Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի։
Հատկանշական է, որ ԲՀԿ առաջնորդը չօգտագործեց կառավարության հրաժարական, կամ վարչապետի հրաժարական ձեւակերպումները, ինչպես դա ավելի վաղ արել էր Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Հիշեցնեմ, վերջինս ասել էր, թե «Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա»։ Ամեն դեպքում, ինչպես եւ սպասելի էր, Ծառուկյանի հայտարարությունը արժանացավ կառավարող կուսակցության կոշտ հակազդեցությանը։ Նրան հիշեցրին քրեական տարբեր պատմություններ: Իսկ վարչապետի խոսնակի արագ արձագանքման մեջ ասվում էր, թե, մեջբերում եմ, «Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:
Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է», ասել էր վարչապետի խոսնակը: Այս ընթացքում փորձագիտական շրջանակները առաջ քաշեցին Ծառուկյանի ակտիվացման տարբեր վարկածներ՝ քաղաքական իրավիճակը, այլ ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները, գուցե ճնշումները կամ տրված երաշխիքները եւ այլն եւ այսպես շարունակ։ Ի դեպ, իշխանության արձագանքը հասկանալի է՝ Գագիկ Ծառուկյանը ունի քաղաքական կապիտալ՝ խմբակցություն ԱԺ-ում եւ ֆինանսական կապիտալ: Այլ հարց է, թե արդյո՞ք հաշվարկվել եւ հաշվի են առնվել անցյալի դառը դասերը: Նկատի ունեմ ոչ հեռավոր անցյալը, երբ Գագիկ Ծառուկյանն հայտարարեց, թե իր կյանքի ամենամեծ գործը չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելն է, սակայն ՀՀԿ ԳՄ հայտնի նիստից հետո հեռացավ քաղաքականությունից, փակելով իր կյանքի քաղաքական էջը։
Ամեն դեպքում, նա այսօր իր ռեսուրսներով կարող է նշանակալի դեր խաղալ ներքաղաքական զարգացումներում: Իսկ այդ զարգացումներն ավելի կակտիվանան արդեն արտակարգ դրության ավարտից հետո։Իրական կյանքում դիմակներ կրելու, իսկ քաղաքականության մեջ դիմակները հանելու, ձեւավորվող բեւեռներում դիրքավորվելու ժամանակներն են մոտենում։