Սպասում եմ տեսնեմ, այդ ինֆորմացիան տալու են, թե՝ ոչ. Չկալովկայի ղեկավարը՝ համայնքում կորոնավիրուսի դեպքերի մասին
Հասարակություն
Այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մարզում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել նաև Զոլաքար, Գեղամասար, Գանձակ եւ Չկալովկա համայնքներում։
Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ հստակ ինֆորմացիայի չի տիրապետում, իսկ Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանը նշեց, որ լսել է խոսակցություններ, որ վարակված մարդ կա, բայց ինքը որպես համայնքի ղեկավար ընդհանրապես տեղյակ չի, թե ով է այդ մարդը. «Ես շատ զարմանում եմ, թե ոնց է այսպես լինում, որ համայնքի ղեկավարը տեղյակ չի, ես ձեր նման մարդկանցից եմ լսում անկեղծ որ ասեմ»։
Դիտարկմանը, որ մարզպետը պաշտոնապես հաստատել է այդ լուրը՝ Կարապետյանը արձագանքեց. «Փաստացի ստացվում է, որ թեստերի պատասխանները հայտնում են մարզպետին՝ այսպես ասած մարզի պարետին, բայց համայնքի պարետն էլ մենք ենք, բայց մեզ ոչ ոք չի ասում, մենք տեղյակ չենք ու բնականաբար ինֆորմացիայի էլ չենք տիրապետում»։
Հարցին՝ համայնքից թեստավորվածներ շատ կային՝ նա պատասխանեց. «Չէ, մինչև այսօր ես առաջին անգամ եմ լսում, որ մարդ կա, բայց մինչև էսօր չգիտեմ էլ` ով է»։
Նա նշեց, որ մարզպետարանից դեռ չի փորձել ճշտել, թե ով է վարակվածը. «Սպասում եմ տեսնեմ, այդ ինֆորմացիան ով է տալու կամ տալու են թե չեն տալու, քանի որ նախադեպ չի եղել դեռ ու չգիտենք ինչպես ու երբ են հայտնում։ Արտակարգ դրության ժամանակ, կարծում եմ, որ այդ ինֆորմացիան համայնքի ղեկավարը առաջինը պետք է իմանա, բայց մինչև այս պահը ես ոչ մի ինֆորմացիայի չեմ տիրապետում»։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետը ամենօրյա հաճախականությամբ պատշաճ կերպով հրապարակում է մարզում կորոնավիրուսի տարածման, նոր գրանցված դեպքերի ու մահերի վիճակագրությունը։