Ի դեպ.Միքայել Մինասյանի հայտարարության, արձագանքների եւ հետեւանքների մասին
Ի դեպԻ դեպ, վերջին օրերին ակտիվորեն քննարկվող տեղեկատվական հերթքական «պայթյունի» ձայնը Հայաստան հասավ,պայմանականորեն ասած՝ Վատիկանից։Ոչ թե Վատիկանի «պադվալներից», ինչպես կասեր վարչապետը, այլեւ բավական ճաշակով ձեւավորված խոհանոցից։
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն հայտարարեց, որ տեսաշար է սկսել «Ստի վերջը» վերտառությամբ։ Առաջին տեսանյութը կոչվում էր «Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ»։ Նա պատմեց, թե ինչպես է հանդիպել ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությունն է փոխանցել ՝ մուծում ես սիմվոլիկ գումար, չես գալիս Հայաստան, քո մարդիկ դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, բոլոր քրեական գործընթացները միանգամից դադարեցվում են, բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են, մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել երջանիկ՝ Հայաստանից դուրս։ Մոտավորապես այսպես, մեջբերումը բառացի չէր։
Բայց Մինասյանն ըստ իր շարադրանքի, մերժել է այս առաջարկը, քանի որ չէր կարող լավ ապրել, երբ իր ժողովուրդը և իր հայրենիքը այս վիճակում է։ Իսկ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում հայ ժողովրդի հետ և Հայաստանի Հանրապետության շուրջ, դա Մինասյանի գնահատմամբ, պետական դավաճանություն է։
Միքայել Մինասյանը նաեւ հավաստիացերց, թե երբեք չի գողացել, չի թալանել և ձեռքերը չի մտցրել ՀՀ բյուջեի մեջ։Արձագանքները սպասելի էին՝ մի կողմից հրճվանք ու ցնծություն, թե տեսեք ինչ արեց, մյուս կողմից՝ զայրույթ, կամ հեգնանք՝ թե հա, ձեռքերդ չես մտցրել, բույջեն ինքն է եկել մտել ձեռքերիդ մեջ, մոտավորապես այսպես։ Բայց, ինչպես ասում են, այս ջուրը դեռ շատ խմոր կվերցնի ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական դաշտում։ Արդյոք այդ հանդիպումը կայացել է վարչապետի գիտությամբ, կամ հանձնարարությամբ, որն է եղել մերժման իրական պատճառը եւ այլն, այս շարքը անընդհատ կարելի է շարունակել։
Վարչապետի գրասենյակը չի արձագանքել, առայժմ լուռ է նաեւ Արթուր Վանեցյանը։ Հայտնի է սակայն, որ Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ։
Ի դեպ, նման հեռանկարը կանխատեսել էր նաեւ Մինասյանը, ով դիմել էր դատավորներին, թե «Ամեն ինչ ֆիքսվում է։ Եվ երբ սկսեն ձեզ դատել, դուք չեք կարողանալու ասել, որ դուք կատարում էիք հրամաններ։ Եվ վստահեցրել էր, թե այդ օրը շատ մոտ է։ Հայաստանյան ներքաղաքական դաշտի խորքերում ընթացող եռքը դուրս է գալիս մակերեւույթ, արդեն կոմպրոմատների ու բացահայտումների տեսով։ Եւ սա դեռ սկիզբն է, կամ ինչպես ասում են՝ սրանք դեռ ծաղիկներն են։