Ի դեպ. Գավառում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ու ոստիկանության մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին համացանցում ու առցանց մամուլում կայծակնային արագության տարածվեցին ու շոկային ազդեցություն ունեցան հրապարակումները՝ Գավառում տեղի ունեցան սահմռկեցուցիչ ու ողբերգական իրադարձությունների մասին։ Ըստ այդմ, նախ կրակոցներ են հնչել Գավառի ճանապարհին,որի հետեւանքով երկու մարդ էր սպանվել, կրակոցներից հետո կրքերը չեն հանդարտվել, Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, ջարդուփշուր արել հիվանդանոցի գույքը, որից հետո, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ ըստ մամուլի հրապարակումների, դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Ընդ որում, մամուլը գրում էր, թե այդ պահին հիվանդանոցում է եղել նաեւ ՀՀ Ոստիպանապետը։
Այսօր արդեն տարածվեց Ոստիկանության հաղորդագրությունն այն այն մասին, որ «Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել։ Հարուցվել է քրեական գործ, զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալվել է 5 անձ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Խնդիրը սակայն շատ ավելի խորն է, քան սովորական հանցագործությունը։ Հատկանշական է, որ դեպքը տԵղի է ունեցել արտակարգ դրության պայմաններում, այն ժամանակ երբ, թվում է, թե ոստիկանությունն ավելի խստացված ծառայություն էր իրականացնում։Շատ չերկարացնենք, պարզապես պիտի վերաարձանագրել այն,ինչ կարծես թե վաղուց է արձանագրված։ Մեզանում դեռ գերիշխում են ոչ ֆորմալ արժեքային համակարգը, «քրեական ենթամշակույթը», երբ ոստիկանությունն ու իրավապահ համակարգը ի վիճակի չեն ապահովել ներհասարակական անվտանգությունը եւ հարցերը լուծվում են փողոցում: Վաղուց արդեն ժամանակն է արմատական ու համակարգային բարեփախումներ իրականացնելու, ոչ թե դրանց մասին անընդհատ խոսելու։ Նոր Հայաստանում հին համակարգով խնդիրներ չեն լուծվելու։ Եթե չես լուծում համակարգային խնդիրները, համակարգը կլուծի քո խնդիրները։