Ի դեպ. Կոմունալ վճարների ու անջատումների մասին
Ի դեպԻ դեպ, վերջին օրերին հանրային շրջանակներում ամենաշատ քննարկվող հարցերից մեկը կոմունալ վճարումներ են։ Այդ քննարկումներն ավելի թեժացան այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ էներգա- մատակարարման, գազամատակարարման կոմունալ վճարումները պետք է կատարել, հակառակ պարագայում անջատումներ կլինեն։ Սա բնականաբար շատերի զայրույթն առաջացրեց, իսկ այդ զայրութը թեժ պահելու համար դրա վրա «յուղ լցնողների» պակաս չկա։ Թե բա տեսեք, վարչապետը դեռ մարտին հայտարարել է, որ արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, արտակարգ դրությունը շարունակվում է, բայց մարդկանց լույն ու գազը արդեն «կտրում են» ։
Այսօր խնդրին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե այդ հայտարարությունն անելիս հույս են ունեցել, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, սակայն իրավիճակն այնպիսին է, որ արտակարգ դրությունը շարունակվում է։ Արդյունքում սկսեցին չվճարել ոչ միայն նրանք,ովքեր հնարավորություն չունեն, այլեւ նրանք, ում համար կոմունալ վճարելը խնդիր չէ, բայց մտածեցին՝ «դե լավ, որ չեն անջատում, չվճարենք» ։ «Այս համակարգը կարող է քանդվել, կարող է երկրում, ընդհանրապես, էներգետիկ համակարգը չաշխատի, որովհետև համակարգի բնականոն աշխատանքի շղթան ուղղակի կտրվել է», - ասաց վարչապետը եւ ավելացրեց, որ այս պայմաններում համաձայնություն են տվել որ ՀԾԿՀ-ն ու մատակարար ընկերությունները կոշտացնեն իրենց դիրքորոշումը։
Վարչապետի այս հայտարարությունն արժանացավ ընդդիմադիր գործիչների կոշտ քննադատությանը, որ վարչապետը մատ է թափ տալիս ու սպառնում է անջատումներով, որ մեզանում պետական տարերային կառավարում է իրականացվում, որ կառավարությունը նույնիսկ իր սահմանած արտակարգ դրության տեւողության հարցում ունակ չէ կանխատեսումներ անել եւ այլն։ Թերեւս պետք է համաձայնել այն մտքի հետ, որ եթե հստակ չեն արտակարգ դրության ժամկետները, ապա պետք չէր շտապել ու հայտարարել, որ արտակարգ դրության պայմաններում անջատումներ չեն լինելու։ Կարելի էր անջատումներ չանել, առանց այդ մասին հայտարարելու, բայց սա չէ կարեւորը։
Կարեւորն այն է, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում կառավարությունը հազիվ թե կարողանար մի քանի ամսով հետաձգել տալ կոմունալների վճարումը, ինչպես դա կկարողնային անել այլ երկրներում, որտեղ պետությունն այդ հարցերում մեծ ներգրավվածություն ունի։ Իսկ Հայաստանը նման հնարավորություն չունի, կամ շատ նվազ են այդ հնարավորությունները, քանի որ նախընթաց տարիներին Հայաստանն իր ամենակարեւոր ենթակառուցվածքները՝ լույս, գազ, ջուր, երկաթուղի եւ այլն, զիջել է օտարերկրյա կազմակերպություններին եւ փաստացի չի կառավարում իր ենթակառուցվածքները։ Սա նշանակում է կախվածություն օտարերկրյա կազմակերպություններից , իսկ այս պայմաններում նույնիսկ կոմունալների վճարումը հետաձգելն է դժվար, էլ ուր մնաց երկիր ու տնտեսություն զարգացնելը։