Ի դեպ. Նավթի ու գազի գնի մասին
ADTVԻ դեպ, նախօրեին բոլորը մեծ հետաքրքրությամբ, կարելի է ասել՝ գլուխները բռնած, հետեւում էին, թե ինչ է կատարվում նավթի համարշխարհային շուկայում։ Երեկ ամերիկյան նավթի գինը հաշված ժամերի ընթացքում ռեկորդային` մոտ 300 տոկոսի անկում գրանցեց, նավթի գինը պատմության մեջ առաջին անգամ դարձավ բացասական։ Այս աննախադեպ վիճակի պատճառն իհարկե կորոնավիրուսի համաճարակն է, որ ամբողջովին փակել է ամբողջ աշխարհի տնտեսությունն ու ավիահաղորդակցությունը։ Նույնիսկ դժվար է ենթադրել, թե այս վիճակը դեռ ինչ հետեւանքներ է ունենալու տարբեր երկրների տնտեսության վրա, այդ թվում մեր հարեւան Ադրբեջանի ու բարեկամ Ռուսաստանի։Այս վիճակից կարող են լինել նաեւ շահողներ, մասնավորապես այն երկրները, որոնք ունեն նավթի վերամշակման գործարաններ։ Մենք ոչ նման հզորություններ ունենք, ոչ էլ նավթ ներկրող երկիր ենք, մեր ներկրածը արդեն պատրաստի, վերամշակված նավթամթերք է, այնպես, որ մեզ այս պահին ավելի հետաքրքիր ու կարեւոր է մեզ հասանելիք գազի գինը։Ի դեպ, գազի գնին անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրան հարցրել են, թե ինչու Ռուսաստանը գազի գինն իջեցնում է եվրոպական երկրների համար, բայց ԵԱՏՄ դաշնակից երկրների համար նույնը չի անում: Հետեւել է բավական կորշտ պաստասխան. Մեջբերում եմ՝«Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, պետք է հաշվի առնել, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ»։ Նա նշել է, որ Մոսկվան ստացել է գազի գնի նվազեցման առաջարկ, սակայն մի կողմից ճիշտ չի համարել նման հարցը բարձրացնելը այս պահին, երբ իրավիճակը տրամագծորեն տարբեր է 3-4 տարի առաջ եղածից, եւ հետո՝ հիմնական խնդիրներից մեկը, Լավրովի խոսքով խրոնիկական ու արդեն տեւական ժամանակ չլուծվող խնդիրը, ներքին սակագներն են Հայաստանում։ Հիշեցնեմ, որոշ ժամանակ առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր նամակ գրել «Գազպրոմի» նախագահին, որով առաջարկում էր համապատասխանեցնել Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը միջազգային գներին, իսկ առքուվաճառքն իրականացնել ազգային արժույթով։ Նամակում, ըստ էության, ընդգծվել էր տնտեսական բաղադրիչը, այնինչն գազը, ինչպես հայտնի է վաղուց ու բոլորին՝ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական գործոն է։ Հիշեցնեմ, գազի գնի հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հաշվի առնելով այս ճգնաժամային վիճակը` ակնկալում էր, որ ՌԴ նախագահը կմիջամտի, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշում կայացնել։ Դատելով ընթացիկ զարգացումներից, պիտի ենթադրել, Ռուսաստանի նախագահը հակված չէ միջամտել։