Ի դեպ. Վարչապետի ուղերձի, «արտահոսած» կադրերի ու կադրերի սելեկցիայի մասին
Ի դեպԻ դեպ, լրատվական դաշտում հերթական պայթյունն արձանագրվեց հանգստյան օրերին, հանրային հեռուստատեսությամբ վարչապետի ուղերձից հետո: Եւ այդ պայթյունն առնչվում էր ոչ թե ուղերձի տեքստին ու բովանդակությանը, այլ եթերից առաջ տեխնիկական փորձերի կարդրերի արտահոսքին: Համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ եթերին պատրաստվող վարչապետը հազում է, ջուր է խմում, ինչ որ բան է հարցնում եւ այլն: Այսինքն որեւէ արտառոց բան չի կատարվում, քննադատելու, կամ հեգնելու որեւէ բան չկա: Բայց խնդիրը վարչապետի հազալը կամ ջուր խմելը չէ, այլ այդ կադրերի, այսպես ասած «արտահոսքը»:
Ու դրանից հետո սկսվեց արձագանքների ու հայտարարությունների շքերթը:Արձագանքներն հիմանակում երկու խմբի կարելի է բաժանել: Մի խումբն ասում էր, թե տգեղ էր, տհաճ, ոչ բարոյական, եւ որ դա որեւէ կերպ չվնասեց վարչապետի վարկանիշին, եթե այդ նպատակով էր կազմակերպվել:
Մյուս մասն ասում էր, որ եթե վարչապետի ուղերձի եթերից դուրս մնացած կադրերը արտահոսում են, ուրեմն Հայաստանում տեղեկատվական անվտանգության լուրջ խնդիր կա ։ Այսպես արձագանքողների մեջ կային ինչպես անկեղծ մտահոգվողներ, այնպես էլ քաղաքական շահ հետապնդողներ: Գանք հայտարարություններին:
Դրանք բոլորը, որ կողմից էլ որ լինեին, մեկ նպատակ էին հետապնդում՝ ինչքան հնարավոր է արագ բացառել սեփական մեղավորություն ու սլաքներն ուղղել հակառակ ուղղությամբ: Այդպես, հանրայինն հայտարարեց, թե իրենք ապահովել են բաց կապուղի որը հասանելի է եղել եւս ութ հեռուստաաընկերությունների, ընդ որում բաց կապուղին ապահովվել է կառավարության հորդորով: Կառավարությունից վարչապետի մամուլի քարտուղարն հակադարձեց, թե դա ամենեւին չի նշանակում, որ պետք էր բաց կապուղի ապահովել սկսած նախապատրաստական աշխատանքներից:
Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է տրվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5, 10, 15 կամ 20 րոպե առաջ։ Հանրայինը նորից հակադարձեց, թե վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության, այլ վարչապետի աշխատակազմին:Այստեղ ուզում ես ասես՝ մի րոպե, մի կռվեք, երկուսդ էլ Ճիշտ եք:Մի կողմում փորձի պակաս է, մյուս կողմում ուշադրության, բարեխղճության ու սրտացավության պակաս:
Մեծ հաշվով, կադրային խնդիր է, որի մասին շատ է խոսվել: Ի դեպ, կադրերի խնդիր ասելով նկատի ունենք ոչ միայն եւ ոչ այնքան որակյալ կադրերի պակասը, որքան որակյալ սելեկցիայի բացակայությունը: